«Ինքը միշտ էլ երազել է իշխանության վերադառնալ, որովհետեւ միայն իշխանավոր լինելու դեպքում ինքը կարող է ներկայացնել իրեն: Իսկ հանգամանքներ… կարող է: Բայց դրանք այնքան քիչ, փոքր եւ մանր կլինեն, որոնք դժվար թե բավարարեն, որ նա նորից ետ գա: Իր արածները հայ ժողովուրդը դժվար թե մոռանա»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Քրիստոնեաժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ պատասխանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Նոեւ Կովչեգ» ռուսալեզու թերթին տված հարցազրույցին վերաբերվող հարցին՝ տեսնո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն վերադարձի հանգամանքներ, այդ թվում նաեւ խորհրդարանական քառյակի ծրագրի շրջանակներում:
Հիշեցնենք, հարցազրույցում լրագրողը հարցնում է. «Ռոբերտ Սեդրակի, օգոստոսի 31-ին Դուք կդառնաք 60 տարեկան: Դա քաղաքական գործչի համար ծաղկուն տարիք է: Ինչպիսի զգացումներ ունեք այս առումով: Կարո՞ղ եք կրկին գալ իշխանության այսպիսի բարդ ժամանակներում»: Ռոբերտ Քոչարյանը պատասխանում է. «Ասեմ անկեղծորեն. ես իմ տարիքը չեմ զգում: Ֆիզիկապես ամեն ինչ ավելի լավ եմ անում, քան հիսուն տարեկանում /ավելի շատ ժամանակ կա մարզումների համար/: Անընդհատ ինչ-որ բան սովորում եմ, հսկայական քանակությամբ մասնագիտական գրականություն եմ կարդում, ճամփորդում եմ, գիտելիքներ եմ կուտակում: Ձգտում եմ առավելագույնս օգտակար լինել ընկերությանը, որի Տնօրենների խորհրդում եմ ընտրված: Հարկ կլինի՞ այդ ամենը կիրառել քաղաքականության մեջ`չգիտեմ, ամեն ինչ կախված է հանգամանքներից»:
Ողջ հարցազրույցում՝ եւ հարցերում, եւ պատասխաններում, կարմիր թելի նման անցնում է այն միտքը, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին Հայաստանը՝ շնորհիվ Ռոբերտ Քոչարյանի, տնտեսապես զարգացած եդեմ էր: «Ավելին, ինքը նույնիսկ պատրաստի բաղադրատոմսեր է առաջարկում, որոնք հիմա պետք է անել ու արդյունք ստանալ»,- Aravot.am-ի դիտարկմանը հավելեց մեր զրուցակիցը՝ հիշեցնելով, որ տնտեսագիտության մեջ պատրաստի բաղադրատոմսեր չեն լինում եւ միեւնույն քայլը տարբեր տեղերում կիրառելով, էականորեն այլ արդյունքներ է արձանագրվում. «Ինքը չի տիրապետում տնտեսագիտությանը խորությամբ: Ինքն այդպես է ներկայացնում՝ տնտեսական աճ ու այլն, բայց այդ տնտեսական աճն էլ, նախեւառաջ, գնացել է իր եւ իր շրջապատի գրպանը: Դրանից ժողովրդին օգուտ չի գնացել: Ոչ բյուջե լցնելը, ինչը ինքը քննադատում է, ոչ էլ տնտեսական աճը ինքնանպատակ չեն լինում: Կարեւորը՝ եղած բարիքների ճշգրիտ վերաբաշխումն է: Եթե վերաբաշխումը միայն իրենց գրպանն է գնում, ինձ համար ի՞նչ տարբերություն տնտեսական աճը 10 տոկոս է եղել, թե՝ «-5»:
«Ստեղծել արդար մրցակցային միջավայր բիզնեսի, հատկապես՝ մանրի և միջինի համար: Դրան հնարավոր չէ հասնել առանց տնտեսության ապամենաշնորհացման և ազդեցիկ չինովնիկների ու նրանց մտերիմների ախորժակի զսպման: Պետք է հստակ ազդակ տալ հասարակությանը, որ ցանկացած գործարար նախաձեռնություն ցանկալի է և օժանդակության կարժանանա, առանց հաշվի առնելու, թե ում շահերին է այն դիպչում: Ստեղծել այդպիսի օժանդակության արդյունավետ շուկայական մեխանիզմներ»,- առաջարկում է Ռոբերտ Քոչարյանը:
Կարդացեք նաև
Սոս Գիմիշյանն էլ հեգնանքով է դրան արձագանքում. «Կարծես ամեն ինչ 2008-ից է սկսվել: Ինքն ամեն ինչ վարդագույն է ներկայացնում, բայց իր օրոք էլ մեր ժողովուրդն արտագաղթել է, ոչ պակաս տրանսֆերտներ ենք ունեցել, քան այսօր, էլ չեմ խոսում այն քաղաքական խնդիրների մասին, որոնք ինքը փաթաթեց մեր վզին… Եթե մի անծանոթ մարդ կարդա՝ կասի՝ էս ի՞նչ տիտանական գործիչ է եղել, որտե՞ղ է էդ Հայաստանը: Բայց մեր ժողովրդի բացարձակ մեծամասնությունն իրեն բացասական իմաստով է հիշում ու այն, ինչը որ այսօր կա, նաեւ իր ներդրածի ու կիրառածի արդյունքն է»:
Ընդհանրապես, մեր զրուցակիցը «սիրուն չի» համարում նախկին բարձրաստիճան պաշտոնյանի՝ նման կերպ արտահայտվելը իր նախորդների մասին.«Ընդհանրապես պաշտոնյաները պիտի քիչ խոսեն, առավել ևս, երբ հանցավոր են: Մեր որեւէ իշխանություն այդ բարոյական իրավունքը չունի, որ գնահատի իրեն ու իր նախորդին»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ