Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի ներկայությամբ այսօր Վանաձորում կայացավ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրենների խորհրդակցությունը:
Անդրադառնալով ոլորտի ձեռքբերումներին եւ նվաճումներին` ՀՀ մարզպետ Արթուր Նալբանդյանն, այնուամենայնիվ, խոսեց նաեւ խնդիրների մասին:
«Այս տարիների ընթացքում մենք Ձեզ հետ միասին բավականին լուրջ ձեռքբերումներ ենք ունեցել, լուծել ենք շատ խնդիրներ, որոնք տարիներ շարունակ խաթարում էին դպրոցի բնականոն գործունեությունը: Սակայն շատ հարցեր եւ խնդիրներ դեռ իրենց պատասխանին եւ լուծմանն են սպասում»,-նշեց ՀՀ մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Նա առավելապես ուշադրություն հրավիրեց ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրներին:
«Ասել, որ ռազմահայրենասիրական դաստիարակությունը մեր աշխատանքի կարեւորագույն բաղադրիչներից է, երեւի թե սխալ չի լինի, իմ կարծիքով ամենակարեւորն է` հատկապես հաշվի առնելով մեր երկրի աշխարհաքաղական վիճակը եւ նրան սպառնացող պարբերաբար մարտահրավերները: Այս իմաստով մեր հանրակրթական համակարգում ամեն ինչ չէ, որ բարվոք է: Ասել, որ այս ուղղությամբ բան չի արվում, կամ քիչ է արվում, դա էլ արդարացի չէ, հայրենասիրությունը պետք է սերմանել յուրաքանչյուր աշակերտի մեջ ոչ թե առիթից առիթ, այլ ամեն օր` յուրաքանչյուր դասին»,-նշեց Լոռու մարզպետը:
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն էլ տեղեկացրեց, որ ցանկություն ունեն աստիճանաբար վերացնելու ընդունելության քննությունները:
«Եթե մենք վերացնում ենք ընդունելության քննությունները, ապա մեխանիզմը պիտի լինի այնպիսին, որ անմիջապես հրահրի, նպաստի դպրոցում կրթության որակի բարձրացմանը, եւ ամենակարեւորն այն, որ բուհերում առաջին կիսամյակը չդառնա ընդունելության քննություն»,-նշեց ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալը:
Մանուկ Մկրտչյանի եւ Արթուր Նալբանդյանի ելույթների մանրամասները` շուտով տեսանյութերում:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ