Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյուլնազ տատը էլի պիտի հեքիաթ պատմի, բայց պիտի պատմի ժամանակի պահանջները հաշվի առնելով». Ռուբեն Մարուխյան

Օգոստոս 29,2014 16:26

«Հայաստանում երբեք, երևի, այնքան մեծ քանակությամբ գիրք չի տպագրվել մանուկների ու պատանիների համար, որքան այսօր»,- ասում է արձակագիր, դրամատուրգ Ռուբեն Մարուխյանը:

Նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունը հայտնեց մեր օրերում տպագրվող մանկապատանեկան գրականության մատուցման և որակի հետ կապված. «Անկախությունից ի վեր բացվեցին բազմաթիվ հրատարակչություններ, որոնք արտաքին շատ հետաքրքիր, գեղեցիկ ձևավորմամբ մեծ քանակությամբ մանկապատանեկան գրքեր են տպագրում և դրանով գումար աշխատում: Իսկ բովանդակությունը հիմնականում անտեսվում է: Մինչդեռ, մեկ վատ բանաստեղծությունը, հեքիաթը կարող է մի քանի երեխայի ճաշակ փչացնել»,- մտահոգվում է արձակագիրը:
Նա այս ոլորտը վերահսկող օղակի անհրաժեշտություն է տեսնում. «Չկա ուղղորդող մեկը, որը հստակ կառանձնացնի, թե ինչ գրքեր կարելի է տպագրել և ինչ գրքեր՝ ոչ, կամ որ տարիքում ինչ գրքեր է պետք կարդալ և այլն: Գրաքննություն պիտի լինի, չի կարելի տպագրել ամեն ինչ ու տալ երեխաներին»,- համոզված է դրամատուրգը:

Հարցին, թե ով պետք է լինի վերահսկիչ մարմինը, պարոն Մարուխյանը պատասխանեց, որ պետք է Կրթության և գիտության նախարարությանը կից հրատարակչական խորհուրդ լինի, որն էլ կորոշի` ինչ գործեր է անհրաժեշտ ընդգրկել մանկական գրքերում. «Մանկական գրքերից մեկում վերջերս կարդացած «բանաստեղծությունից» ուղղակի ապշած եմ մնացել: Ասում է. «Տատիկ, այ տատիկ, դու ասում ես, թե ինձ արագիլն է բերել, բայց դու հիմար ես, տատիկ, որովհետև ինձ արագիլը չի բերել, մամայի փորիկի միջից եմ ծնվել»,- մեջբերեց արձակագիրը:

Նրան մտահոգում է նաև այն, որ տարրական դասարանների դասագրքերում շարունակում են մնալ միայն դասականները՝ Թումանյան, Աղայան և այլք, մինչդեռ, Ռ. Մարուխյանի կարծիքով, նրանց կողքին պետք է լինեն նաև ժամանակակից գրողները՝ Սուրեն Մուրադյան, Արմեն Շեկոյան, Հայրո Հայրապետյան և ուրիշներ. «Այսօր մենք այլևս չենք կարող երեխային հին՝ Գյուլնազ տատի հեքիաթներով կերակրել,- ասում է բանախոսը,- Գյուլնազ տատը էլի պիտի հեքիաթ պատմի, բայց պիտի պատմի ժամանակի պահանջները հաշվի առնելով»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ. Լևոնյան says:

    Լավ էլի, Ռուբեն:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031