Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացրեց «Վանաձոր ԲԿ» ՓԲԸ վիրաբուժական բաժանմունքի վարիչ Վլադիմիր Ղուկասյանի նկատմամբ:
Նրա հարազատները, գործընկերները անարդարացի են որակում կայացված որոշումը` նկատելով, որ շուրջ 40 տարի մարդկանց կյանքեր փրկած վիրաբույժը չի կարող կալանավորվել, նա պետք է ազատության մեջ լինի:
«Վաստակավոր բժշկին չեն ոտնահարում, գնահատում են ու պարգեւատրում են: Դե թող բոլոր բժիշկներին սենց բռնեն, տեսնենք ով է աշխատելու, այն էլ այս պայմաններում, այս աշխատավարձով աշխատում են, կյանքի գնով աշխատում են ու սրան են արժանի: Թող դանակահարողին բռնեն, բերեն, եթե բժիշկը մի փոքր հրահրած կլինի, մենք ինքներս ամոթանք կտանք էդ բժշկին: Ուզում են գործը ծածկել, բժշկի վրա են գցում»,-Aravot.am-ի հետ զրույցում բողոքում էին Վլադիմիր Ղուկասյանի գործընկերները:
«Այդպիսի խափանման միջոց ընտրվում է շատ վտանգավոր բաների համար, եթե մարդը դեպքից հետո մեկ տարի աշխատել է, ոնց կարելի է, սա հումանիտար օրենքներին դեմ գնացող որոշում է: Թող դատը լինի, որոշեն, ոչ թե բժշկին կալանավորեն: Շատ տհաճ երեւույթ է: Այսպիսի քայլերով իրենք ոչնչացնում են մեր ցանկությունները, որ տրամադրվեք, աշխատենք, ոչ մեկ չի ուզում աշխատել: Վաղը մյուս օրը կարող է իրենց հարազատին մի բան լինի, նորմալ բժիշկ չլինի, որ օգնություն ցույց տա»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է «Վանաձոր ԲԿ» ՓԲԸ վիրաբուժական բաժանմունքի բժիշկ Տիգրան Ազրոյանը:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութերում
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ