Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամենամեծ թվով հայտեր են գրանցվել «Հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներ» ծրագրով

Օգոստոս 29,2014 16:04

Օգոստոսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ կայացավ նախարարին կից ատյանի նիստը:

«Սփյուռք» ամառային դպրոց 2014թ ծրագրի իրականացման մասին զեկուցեց համահայկական ծրագրերի վարչության պետ Ա.Անդրեասյանը: Նա նշեց, որ ծրագրի նպատակը հայապահպանության խթանումն է՝ հայոց լեզվի ուսուցման, սփյուռքի հայկական կառույցների ներկայացուցիչների մասնագիտական որակների բարձրացման միջոցով: Ծրագիրն իրականացվում է 2012 թվականից, և տարեցտարի ընդլայնվում է մասնակիցների թիվն ու աշխարհագրությունը: ՀՀ վարչապետի որոշմամբ սփյուռքի նախարարության «Արի տուն» և «Իմ Հայաստան» ծրագրերի հետ մեկտեղ ստեղծվել է նաև «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերը համակարգող հանձնաժողով: Ծրագիրն իրականացվում է Երևանի պետական համալսարանի հետ համատեղ և ներառում է հայոց լեզվի արագացված ուսուցման, Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման, ազգային երգի ու պարի, սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների, Սփյուռքի լրագրողների և Սփյուռքի համայնքային գործի կազմակերպիչների դասընթացներ:

Եթե 2012 թվականին նախատեսված 70 մասնակցի փոխարեն Ամառային դպրոցն ընդունել է 131 մասնակից՝ 15 երկրից, ապա 2013 թվականին նախատեսված 100-ի դիմաց մասնակցել է 201 սփյուռքահայ՝ 20 երկրից: 2014թ. նախատեսված 100-ի դիմաց ստացվել է ավելի քան 300 հայտադիմում, ապահովվել է 222-ի մասնակցությունն՝ աշխարհի 22 երկրից:

Ամենամեծ թվով հայտեր են գրանցվել «Հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներ» ծրագրով, որին մասնակցել է 11-ից մինչև 75 տարեկան 80 սփյուռքահայ՝ 12 երկրից: Սփյուռքի հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստման դասընթացին մասնակցել է 44 սփյուռքի ամենօրյա և մեկօրյա ազգային դպրոցների տնօրեն, հայոց լեզվի և հայագիտական առարկաների ուսուցիչ, կրթական գործի կազմակերպիչ՝ 9 երկրից: Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթացին մասնակցել է 33 երիտասարդ՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Բելառուսից, Նիդերլանդներից, Իտալիայից: Սփյուռքահայ լրագրողների դասընթացին մասնակցել է Սփյուռքի հայկական լրատվամիջոցների 13 լրագրող և սկսնակ թղթակից՝ 6 երկրից ՌԴ-ից, Ղազախստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Իրանից, Սիրիայից: Ազգային երգի ու պարի վարպետության դասերին մասնակցել է 42 խմբավար և պարուսույց՝ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Վրաստանից, Բուլղարիայից, Աբխազիայից, Սիրիայից: Ամառային դպրոցի նոր ուղղությունը՝ համայնքային գործի կազմակերպիչների դասընթացը Սփյուռքի համայնքների պատասխանատուների, կազմակերպիչների համայնքային գործի  վերաբերյալ տեսական ու պրակտիկ գիտելիքների հաղորդման, խորացման նպատակ ունի: Աշխարհի 6 երկրից՝ ՌԴ-ից, Ավստրալիայից, Բելգիայից, Շվեդիայից, Կանադայից, Իրանից 10 մասնակից: «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի մասնակիցների համար ծրագրի շրջանակներում կազմակերպվել են մշակութային բազմաթիվ միջոցառումներ, հանդիպումներ պետական այրերի, նշանավոր մշակութային և հասարակական գործիչների հետ»:
Ելույթ ունեցան և իրենց կարծիքներն ու առաջարկությունները ներկայացրին ԵՊՀ նախապատրաստական բաժնի վարիչ, «Սփյուռք» ամառային դպրոցի ղեկավար Կամո Աթայանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը:
ՀՀ սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց ծրագրի կազմակերպիչներին և մասնավորապես նշեց. «Կարծում եմ «Սփյուռք» ամառային դպրոց ծրագիրը կյանքի ուղեգիր է ստացել: Այն մեր խոշորագույն, կարևորագույն ծրագրերից մեկն է: Պետք է հրավիրել սփյուռքի լավագույն մասնագետներին՝ դասախոսություններ կարդալու, նոր մասնակիցներ ներգրավել, ընդլայնել աշխարհագրությունը:
Օրակարգի համաձայն Ամերիկայի հայ համայնքների վարչության կողմից 2013 թվականի սեպտեմբերից 2014 թվականի օգոստոսը ընկած ժամանակահատվածում իրականացրած աշխատանքների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Ամերիկայի հայ համայնքների վարչության պետ Ռ. Հովհաննեսյանը: Նա նշեց, որ «Ավստրալիայի հայ համայնքների կրթամշակութային աջակցության» 2013-2014թթ. ծրագրով 2013թ. նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 2-ը կազմակերպվել է Հայաստանից արվեստագետների այցը Ավստրալիա, որի ընթացքում կազմակերպվել են համերգներ Մելբուռնում և Սիդնեյում: Հանդիպումներ են տեղի ունեցել դպրոցներում և համայնքային այլ կառույցներում, դպրոցական մի շարք մրցույթներ, որոնց արդյունքում հաղթող ճանաչվածները պարգևատրվել են: Ավստրալիայի հայ համայնքների հայկական կառույցներին են առաքվել ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով հրատարակված գրքերը:

Խոսվեց նաև նախարարության ծրագրերին տարածաշրջանային վարչության մասնակցության մասին:

Ամփոփելով նիստը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ նախարարության իրականացրած՝ 2012-13թթ Լատինական Ամերիկայի և 2013-14թթ Ավստրալիայի հայ համայնքների կրթամշակութային աջակցության ծրագրերը հաջողվել են: Դրանց շնորհիվ համայնքներն արթնանում, ակտիվանում են: Պետք է ավելի սերտորեն աշխատել երիտասարդական կազմակերպությունների հետ: Շարունակել ամենօրյա աշխատանքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի հետ: Շուտով կլրանա նախարարության ստեղծման 6-րդ տարին և սեպտեմբերի 19-21-ին անցկացվող «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովը, որը Սփյուռքից 700 և Հայաստանից 300 մասնակից է ունենալու, մեր աշխատանքի յուրօրինակ հաշվետվություն կլինի»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031