«Տա Աստված, մնացած նահանգները սկսեն ընդօրինակել նման քայլը, որն արեց՝ Կալիֆորնիան»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց հրապարակախոս, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը:
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի սենատը ընդունել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչող թիվ AJR 32 բանաձեւը:
Սարգիս Հացպանյանի համար այս որոշումն անակնկալ չէր, քանի որ
Կալիֆորնիան հոծ հայկական բազմություն ներկայացնող համայնք է, որտեղ հայերն ունեն լուրջ քաղաքական դերակատարություն: Սարգիս Հացպանյանի կարծիքով` այս քայլը մեծ ազդեցություն կունենա ԱՄՆ պետդեպարտամենտի դիրքորոշման վրա:
Aravot.am-ը հետաքրքրվեց` Կալիֆորնիայի նահանգի սենատի ընդունած բանաձևը համարե՞լ հայկական դիվանագիտության հաղթանակ, պարոն Հացպանյանը պատասխանեց. «Դա ես հայկական դիվանագիտության հաղթանակ որակել չեմ կարող, քանի որ ինձ համար անհայտ չէ ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատանքը, այն չի երևում, չեմ հասկանում` ինչ են անում, որտեղ են անում, ում հետ են անում: Մեր դիվանագիտական ապարատն այնտեղ միայն հյուպատոսությամբ է ներկայացված, ու Հայաստանի դիվանագիտական կորպուսի ցանկությունները և հարաբերությունները պիտի որ եղած լինեին, բայց դրա ազդեցիկ լինել-չլինելու հարցում լուրջ կասկածներ ունեմ, քանի որ գտնում եմ, որ ՀՀ-ն որպես պետական միավոր` որևէ գործընթացում` տնտեսական, զինվորական, չկա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ