Հայաստանում տարեկան 1500-2000 աղջիկ երեխա չի ծնվում սեռով պայմանավորված հղիությունների արհեստական ընդհատումների պատճառով: Դրա դեմ պայքարելու նպատակով Facebook սոցիալական ցանցում ստեղծվել է «Իսկ դու ունե՞ս աղջիկ» ֆլեշմոբը, որի ընթացքում հայրերը բեռնում են իրենց աղջիկ երեխաների նկարները ՝ «Իսկ դու ունե՞ս աղջիկ» խորագրի ներքո:
Այս թեմայի շուրջ այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ժամանակ «Իսկ դու ունե՞ս աղջիկ» ֆեյսբուքյան ֆլեշմոբի նախաձեռնող Արամազդ Ղալամքարյանը նշեց, որ այս կերպ ինքը իր անկեղծ խոսքն է հղել ապագա հայրերին եւ մայրերին, որ պետք է գիտակցել, թե ինչու են ցանկանում երեխա ունենալ. «Արդյոք մենք դա ուզում ենք ուրախություն պարգեւելո՞ւ համար, եթե այդպես է, ապա իմացեք, որ աղջիկը նույնքան ուրախություն է պարգեւում, որքան տղան՝ մանավանդ հայրերի համար»:
Նա վստահ է, որ մարդկանց մեջ պետք է փոխվի մտածելակերպը հենց անկեղծ խոսքի միջոցով. «Բոլորս ուզում ենք տղա ունենալ, սակայն անընդունելի է գնալ սպանության միայն նրա համար, որ սաղմը ունի իգական սեռ»:
Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ իր խոսքում նշեց, որ վաղուց հայկական սոցիալական ցանցերում նման ակտիվ կերպով թեմաները չէին քննարկվել. «Այն իր ազդեցությամբ մոտ էր այնպիսի իրադարձության, ինչպիսին ընտրություններն են: Սա նշանակում է, որ հասարակության մեջ խնդիրը կա, սակայն միայն նոր է գիտակցությունը բարձրանում նրանց»:
Կարդացեք նաև
Պրն Մարտիրոսյանը այլ երկրների օրինակներ բերեց, նշելով Իռլանդիան, որտեղ եկեղեցին ընդհանրապես արգելում է հղիության ընդհատումները. «Կամ ԱՄՆ-ում, որտեղ նախագահի ընտրություններից առաջ ընդհատումների մասին նույնպես քննարկումներ են լինում: Կան երկրներ, որտեղ խնդիրը հասել է կրոնական, պետական մակարդակի, մինչդեռ մեզ մոտ ֆեյսբուքի մեջ է մնացել»:
Սակայն պրն Մարտիրոսյանը վստահ է, որ թեման արդեն սոցիալական ցանցից իր դուրս գալու ճանապարհին է:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ