«Մաքսային տրոյկայի» նիստերի ընթացքում Հայաստանի հարցի քննարկման եւ Ադրբեջանի հոխորտանքների ու արկածախնդրությունների միջեւ Միջազգային անվտանգության հարցերի ինստիտուտ ՀԿ-ի նախագահ Ստեփան Սաֆարյանը կապ է տեսնում: «Ադրբեջանն իսկապես մտահոգված է այս միությանը մեր անդամակցությամբ, քանզի ի հակառակ մեզ, գտնում է, որ Հայաստանը եւ ԼՂՀ-ն ավելի մեծ պաշտպանվածություն կունենան այդպիսով: Անգամ չի էլ հավատում հավաստիացումներին, որ ԼՂՀ-ն ԵՏՄ տարածքում չի հայտնվի: Ադրբեջանը կարծում է, որ այդպիսով իր խնդիրներն ավելի կդժվարանան`արցախյան հարցն իր ուզածով լուծելու համար»,- այսօր «Հայացք» մամուլի ակումբում հայտարարեց քաղաքագետը:
Սեպտեմբերին նա կանխատեսում է Արեւմուտք-ՌԴ, Արեւմուտք-Թուրքիա նոր զարգացումներ: Դրանով պայմանավորված, Ստեփան Սաֆարյանը կանխատեսում է նաեւ, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում մի փոքր լարվածություն կլինի, մանավանդ, որ Ղազախստանի նախագահը հայտարարեց, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանի ԵՏՄ անդամակցության հարցը կքննարկվի: Սակայն, քաղաքագետը նկատում է, որ Նազարբաեւի հայտարարությունը, որպես շատ հավանական հեռանկար ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասով, քանզի «տրոյկայի» բոլոր նիստերում Հայաստանի հարց քննարկվել է:
Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ Մինսկում, այնուամենայնիվ, Հայաստանի հարցը քննարկվել է, բայց համաձայնություն չի եղել, այլապես միայն մեկ նախագահ`Նորսուլթան Նազարբաեւը, չէր հայտարարի հոկտեմբերին կայանալիք քննարկման մասին, այլ բոլոր երեք նախագահները կհայտարարեին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ