Մեղրասարի հանքի շահագործումից հետո Մեղրու տարածաշրջանում մարդիկ այլեւս չեն կարողանա ապրել, քանի որ հանքի շահագործումը հսկայական վնասներ կհասցնի շրջակա միջավայրին, կվտանգի Մեղրի գետն ու Սյունիքի մարզի գյուղատնտեսության ապագան: Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսպիսի մտահոգություն հայտնեցին Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող Աննա Աղլամազյանն ու «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը:
Տաշտուն գյուղի անմիջական հարեւանությամբ, «ԱՏ-Մետալ» ընկերությունը գործարան է կառուցում: Այնտեղ աշխատողները բնապահպաններին ու հարակից տարածքի բնակիչներին հավաստիացրել են, որ կառուցվում է ոսկու արդյունահանման ֆաբրիկա` նորագույն տեխնոլոգիաներով:
Օգոստոսի 21-ին Տաշտունի գյուղապետարանում հանքավայրի շահագործման աշխատանքային նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ են անցկացվել, սակայն, ինչպես բնապահպաններն են պնդում, այդ լսումների ընթացքում մի շարք խախտումներ են արձանագրվել:
Հակոբ Սանասարյանին, լսումների կազմակերպիչները թույլ չեն տվել նախագծի վերաբերյալ հաշվարկները ներկայացնել, ոչ էլ համաձայնել են, որ պարոն Սանասարյանը մտնի, հանքը շահագործողների ներկայացմամբ, այդ փորձնական գործարանի աշխատանքները տեսնելու:
Կարդացեք նաև
Հակոբ Սանասարյանի խոսքերով, հանքավայրը շահագործվելու է ամենօրյա պայթեցումների միջոցով: Նրա հավաստմամբ, շահագործման արդյունքում 347 հազար տոննա հանքաքարից կառաջանան հսկայական թափոններ: Դատարկ ապարներն այդ հանքավայրում կազմում են 64-ից 66 միլիոն տոննա եւ մեկ տոննա միջին հանքաքարին ընկնում է 190 տոննա դատարկ ապարներ: Պարոն Սանասարյանի հաշվարկներով այդ 347 հազար տոննա հանքաքարում կա 1,5 տոննա ոսկի եւ 4 տոննա արծաթ եւ եթե, շահագործողն անգամ 100 տոկոսով կորզի ոսկին ու արծաթն, ապա 64-65 միլիոն դոլարի եկամուտ կունենան, սակայն շրջակա միջավայրին հասցված վնասները` անհաշվելի կլինեն:
Բնապահպանը գտնում է, որ տնտեսական առումով այս հանքը ծախսածածկող չէ եւ դա հանքավայր համարել չի կարելի. «Ուղղակի կա հնարավորություն, կողոպտում են»,-համոզված է Հակոբ Սանասարյանը:
Նրա մտահոգությունները` տեսանյութով
Աննա Աղլամազյանի խոսքերով, մեր երկում թատրոն է դարձել, որտեղ բերվում են մարդիկ, ովքեր իբր կողմ են, իսկ բուն բնակիչների ձայնը չի լսվում, կարծիքները հաշվի չեն առնվում։ Ըստ նրա հանքավայրի տարածքում կան բնության հատուկ պահպանության տարածքներ. «Սյունիքի մարզն ընդամենը 4500 քմ է, որտեղ կան՝ 22 մետաղական հանքավայր, 11 մեռյալ պոչամբար, իսկ 28 մետաղական հանքավայր էլ սպասում է շահագործման։ Այսքանը գումարեք, հաշվեք եւ տեսեք Սյունիքի մարզում մենք 10 տարի հետո ապրելու տեղ ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Աննան վրիպակ է թույլ տվել վերջում 22 մետաղական հանքավայր չէ, այլ 12