Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմվածք. «Magie-ն»

Օգոստոս 29,2014 13:11

Այս փոքրիկ պատմվածքը նվիրվում է մեր
անարգ թշնամու կողմից զոհված քաջարի
զինվորների և Ադրբեջանում տանջամահ
արված խաղաղ բնակիչների հիշատակին…

________________________________________

Կալիֆորնիայում մարդիկ ապրում են բազմաթիվ վայրի թռչունների և մանր մունր գազանիկների հարևանությամբ: Կառավարությունը հորդորում է զգուշանալ և ամենակարևորը չկերակրել նրանց, որովհետև նրանք բացի հիվանդություններ տարածելուց կարող են այլ վնասներ հասցնել մարդկանց: Հորդորում է, բայց ով է լսում: Միթե կարող ես անտարբեր անցնել մարդամոտ սկյուռիկների, տատրակների և այլ գազանիկների ու թռչունների կողքից. մենք հատկապես հայերս դա չենք հասկանում: Անտարբեր չէ նաև մեր հարևան Արշակը: Նա ամեն օր ծառի տակ թռչունների համար հացի փշուրներ է դնում, իսկ ծաղիկների արանքներում պլաստմասսայից պատրաստված կարապի տեսքով ծաղկամանի մեջ ջուր է լցնում: Մենք հայերս, որ ապրում ենք հիմնականում տան երկրորդ հարկում, ընդհանուր բալկոնից, որի վրա են բացվում մեր բոլորի մուտքի դռները, ամեն օր ականատես ենք լինում թռչունների ու սկյուռիկների մանր մունր վեճերին այդ փշրանքների համար:

Բակի ծաղիկները ջրում են բացառապես Արշակը կամ տիկին Ռիման՝ միակ հայ հարևանը, որ ապրում է առաջին հարկում:

Մի օր տիկին Ռիման ծաղիկները ջրելիս ծառից ընկած կաչաղակի մի քանի օրական ձագուկ գտավ: Մեր հարևան Արշակն անմիջապես անօգնական թռչնակի խնամքն իր վրա վերցրեց: Արշակը շատ բարի մարդ է և սա լավ առիթ էր նրա համար ծախսելու իր անսահման բարության պաշարները: Նա անմիջապես ստվարաթղթե մի տուփ որպես բնիկ հարմարացրեց մեր կորած ճուտիկի համար: Տիկին Անահիտը, նրա կինը՝ տիկին Տաթեւիկը, և ես ուշադիր հետևում էինք նրան: Մենք էլ էինք խղճում ճուտիկին, և մեր համար ամեն ինչ նրա հետ կապված հետաքրքիր էր:

Արշակը կարծես դիտավորյալ էր բարձրաձայն մտածում, որ մենք ավելորդ հարցեր չտանք: Նա ասաց.

– Գնամ ճուտոյի համար կեր առնեմ:

Մի քիչ հետո նա վերադարձավ: Պարզվում է ԱՄՆ-ում վայրի թռչունների համար հատուկ բաղադրությամբ շիլա պատրաստելու փոշի են վաճառում, որը պարունակում է, սպիտակուցներ, միկրոէլեմենտներ, վիտամիններ և այլն: Իհարկե, այդ բոլորի մասին Արշակն իմացել էր խանութում: Արշակը և նրա տիկինն անմիջապես բացեցին ճուտիկի կտուցը և մեծ դժվարությամբ այդ փոշուց պատրաստված շիլան փոքրիկ ներարկիչով արտամղեցին դեպի նրա ստամոքսը: Բոլորս ուրախացել էինք, որ առաջին կերակրումը հաջող անցավ: Այսուհետև որոշվեց, որ ճուտիկին օրը երեք անգամ շիլա պետք է տրվի: Ես հարցրեցի.

– Ի՞սկ ջուր Արշակ:

Արշակն ինձ բացատրեց, որ քանի որ շիլան ջրով է պատրաստվում, ապա դա միանգամայն բավարար է նաև թռչնակի խմելու ջրի պահանջը բավարարելու համար: Այսպիսով` ճուտիկի սննդի և խմելու ջրի հարցը լուծվել էր, և մենք արդեն հաշվարկներ էինք անում, թե քանի՞ շաբաթ, կամ քանի՞ օր է հարկավոր, որ ճուտիկն ինքնուրույն դառնա և թռչի: Արշակի կարծիքով դա մի երեք շաբաթ կտևեր: Ես առաջարկեցի ճուտիկին Magie (Մագի) անունը տալ, քանի որ անգլերենով կաչաղակին magpie են ասում, սակայն ոչ ոքի այդ անունը դուր չեկավ: Նրանք ճուտիկին դիմում էին արա-ով: Ասում էին.

– Արա ոնց ե՞ս:

Ես համառորեն մտքումս մեր ճուտիկին անվանում էի Magie: Magie-ի համար Արշակը պապի էր: Նա ասում էր.

-Արա, տե՛ս պապին քո համար ինչ ա բերել:

Արշակը Magie-ի բնիկը գիշերը քնելիս իր կողքին էր դնում: Ամեն առավոտ Magie-ին արթնացնում էր նրան իր ճվճվոցով, քանի որ քաղցած էր լինում: Արշակը Magie-ին բերում էր բալկոն: Այնտեղ մի պլաստմասսե բազկաթոռ կար՝ անմիջապես Արշակենց խոհանոցի պատուհանի տակ, դրա վրա մի փոքրիկ վանդակ էր դրվում, որի վրա էլ իր երկու բարակ և թույլ ոտքերի վրա կանգնում էր Magie-ն: Նա շատ խղճուկ տեսք ուներ՝ թևերը պստիկ և առանց պոչիկի. պոչիկը դեռ չէր աճել: Արշակն ասում էր.

-Ճուտոին էնքան պիտի պահենք մինչև պոչիկն աճի:

Հենց առաջին օրվա առավոտյան Magie-ի ճվճվոցների վրա թռավ եկավ նրա մայրիկը: Ես անմիջապես ճանաչեցի այն գող կաչաղակին, որ մի քանի օր առաջ անխնա ուտում էր մեր համատեղ ուժերով աճեցրած խաղողի վազի վրայի մի քանի ողկույզները: Ողկույզներն արդեն կարմրել էին, և, ըստ երևույթին, կաչաղակը շատ էր սիրում կարմիր խաղող: Մենք դեռ չգիտեինք, որ նա ձագուկներ ուներ, և խաղողի հատիկները մեկիկ-մեկիկ պոկում ու տանում էր իր ձագուկներին: Մենք անընդհատ քշում էինք նրան, բայց նա կրկին ու կրկին վերադառնում էր: Արդեն կերել էր ողկույզների կեսը, երբ մեր հարևանուհին՝ տիկին Անահիտը կարմիր կապրոնե ցանց բերեց և փաթաթեց ողկույզները: Գող կաչաղակին դա դուր չեկավ. նա անընդհատ գալիս ու պտտվում էր ողկույզների շուրջը, կտուցով փորձում էր քանդել ցանցերը, բայց դա նրան չէր հաջողվում, իսկ մենք հրճվում էինք, որ կարողացանք պաշտպանել մեր բերքը, որի համը դեռ չէինք տեսել:

Մայր կաչաղակը վախենում էր մեզանից: Մենք հասկացանք դա և անմիջապես ինչքան հնարավոր է հեռացանք Magie-ի վանդակից: Նա արագ թռավ վանդակի վրա, որտեղ Magie-ն լայնորեն կտուցը բացված իրեն էր սպասում և կայծակնային արագությամբ որդը խցկեց Magie-ի կոկորդը ու թռավ գնաց: Մենք շատ ուրախացանք, որ մայրը գտավ իր ձագուկին և հանձն առավ կերակրել նրան: Կարծես ռուսական “Жди Меня” հեռուստատեսային հաղորդումը լիներ, որտեղը կորածը Magie-ն էր, իսկ գտնողը՝ նրա մայրը: Այդ պահից սկսած Magie-ն վանդակի վրա կանգնած սպասում էր իր մայրիկին: Մայրիկն էլ օրը մի քանի անգամ գալիս և կերակրում էր նրան:

Արշակը որոշեց օգնել Magie-ի մորը: Նա հատուկ վայրի թռչունների համար նախատեսնված որդեր գնեց և սկսեց հավելյալ կերակրել Magie-ին: Արշակը նրբունելիով որդը դնում էր իր ափի մեջ, Magie-ն կտուցով մի քանի անգամ խփում, անշարժացնում էր որդին, այնուհետև մի ճարպիկ շարժումով կուլ էր տալիս: Մենք բոլորս ուշադիր դիտում էինք և հիանում էինք Magie-ով:

Ես հիշեցրի Արշակին, որ կաչաղակը մեր խաղողից էր ուտում: Ասացի.

– Արի՛ խաղողի հատիկներ տանք Magie-ին:

Նա սկզբում չէր համաձայնվում, բայց հետո որոշեց փորձել: Ես մի քանի խաղողի հատիկներ բերեցի և կերակրեցինք Magie-ին: Այդ պահից սկսած Արշակը մեր բալկոնի բազրիքի վրա խաղողի հատիկներ էր շարում, իսկ Magie-ի մայրիկը գալիս էր ու մի մասն ինքն էր ուտում, իսկ մի մասն էլ Magie-ին կերցնում:

Օրեցօր Magie-ն մեծանում էր: Նա արդեն թևերն էր թափահարում և թռչկոտում էր: Շատ հետաքրքիր էր, թե ինչպես նա վանդակի վրայից թռչում էր բազկաթոռի նստատեղին, այնուհետև ետ դեպի վանդակի վրա, իսկ հետո բազկաթոռի հենակին, նորից հետ ու այսպես մի քանի անգամ: Մենք հարևաններով ուղղակի հիացած էինք Magie-ով, որովհետև շատ էինք սիրում նրան: Բայց ամենից շատ նրան սիրում էր Արշակը և նրա կինը:

Մեր հարևանուհին՝ տիկին Անահիտը երբեմն Magie-ին տեղավորում էր իր ափի մեջ ու խաղում նրա հետ. նա խոսում էր նրա հետ, և ձեռքը կտրուկ վերև բարձրացնելով կամ ներքև իջեցնելով փորձում էր Magie-ին թռչել սովորեցնել: Magie-ն չէր թռչում, բայց մեր հարևանուհու ձեռքի շարժումներին համընթաց թևերն էր թափահարում:

Բայց մի անգամ Magie-ն թռավ Անահիտի ափի միջից մեր բալկոնի բազրիքին, իսկ հետո բալկոնին մոտիկ գտնվող ծառի ճյուղին: Արշակի կինը խոհանոցից անմիջապես նկատեց դա և ձայն տվեց Արշակին: Նա բերեց ծալովի աստիճանը և տեղավորեց անմիջապես այն ճյուղի տակ, որի վրա թառել էր Magie-ն ու մեծ դժվարությամբ թիթեռներ որսալու ցանցով բռնեց նրան: Բոլորս անհանգստացել էինք, բայց ամենից շատ Արշակը. ախր Magie-ն դեռ փոքր էր և մեր հոգատարության կարիքն ուներ:

Մի օր ես առաջարկեցի Magie-ին կերակրել եփած բարակ վերմիշելով, քանի որ վերմիշելը շատ նման էր որդին և սննդարար: Արշակը մի քանի վերմիշել դրեց իր ափի մեջ, իսկ մեր Magie-ն կարծելով, որ դրանք որդեր են մի քանի անգամ կտուցով հարվածեց և կուլ տվեց: Մենք ուրախացանք, որ սննդի լրացուցիչ տեսակ ենք գտել Magie-ի համար:

Magie-ի վրա սկսեց ուշադրություն դարձնել Պողոսը՝ տիկին Անահիտի որդին: Նա Magie-ին դնում է իր ափերի մեջ ու փայփայում: Magie-ին կարծես դա դուր էր գալիս, Պողոսին նույնպես:

Ես մի քանի անգամ լուսանկարեցի Magie-ին, Պողոսը նույնպես: Մի օր Magie-ն թռավ Պողոսի ափերի միջից և տեղավորվեց մեր բալկոնի կողքին գտնվող ծառի գագաթին: Այլևս աստիճանով նրան հասնել հնարավոր չէր: Մենք չկարողացանք Magie-ին ետ բերել: Բոլորս էլ շատ անհանգիստ էինք: Մեր հույսը միայն Magie-ի մայրն էր, որը շարունակում էր կերակրել նրան: Արշակը ուշի-ուշով հետևում էր, թե Magie-ին, և թե մորը: Հանկարծ որտեղից որտեղ հայտնվում է ուրուրը, կայծակնային արագությամբ սուրում է դեպի Magie-ն ու իր սուր ճանկերի մեջ առնելով տանում է նրան. և սյդ բոլորը կատարվում է Արշակի աչքերի առաջ…

Հաջորդ օրը հանդիպեցի Արշակին. նա ամբողջ գիշեր չէր քնել:
– Տաթևիկը ամբողջ գիշեր լաց է եղել, – ասաց նա:

Հանդիպեցի Անահիտին: Նա ասաց, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ իր որդին ամբողջ գիշեր չեն քնել… Այդպես էլ չիմացանք Պողոսը պատահմամբ էր բաց թողել իր ձեռքից Magie-ին, թե դիտմամբ՝ մտածելով, որ ազատություն է տալիս նրան…

Ինչ արած. բնության օրենքն է՝ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր:
Magie-ի մայրը այլևս չէր գալիս մեր բազրիքի վրայի խաղողի հատիկները ուտելու, չնայած, որ շատ էր սիրում:

Մի քանի օր անց ես ասացի Արշակին.

– Միգուցե ուրուրն էլ տարավ Magie-ին իր ձագուկներին կերակրելու համար:
Նա ոչինչ չպատասխանեց, միայն թեթևակի թոթվեց ուսերը…

Մարտին ՇՒՐԻՆՅԱՆ
22 օգոստոսի, 2014թ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ցանկացած կորուստը ցավ է` թեկուզ փոքրիկ թռչնակի տեսքով….

  2. Ելենա says:

    բարեվ ղնդրում եմ ինձ ուղարկել տերտերը եվ ստամոքսը պատմվածքները

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031