Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թալին ջոկատի հրամանատար. «Գալուստ Սահակյանն ազգի համար ողբերգություն է, Լևոնը՝ Էնվերի ու Թալեաթի թոռներից» (Տեսանյութ) 

Օգոստոս 29,2014 12:48

«ՀՀ երեք նախագահները բոլորը սուտ են ասում»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Թալին ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը: Նա քննադատեց նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ու մանրամասնեց. «Ինչքան մեր զինվորներին խփում, սպանում են, այնքան խոսում են բանակի հզորությունից. ինչքան լքում են երկիրը, այնքան խոսում են պայծառ ապագայի մասին: Արդեն խրախճանք են անում, որ հայ ժողովրդի հետ հաշվեհարդար են տեսել: Այն, ինչր չկարողացան անել Էնվերը, հիմա սրանք են անում»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ճանապարհը ո՞րն է, իշխանափոխությո՞ւնը, պարոն Կարապետյանն ասաց. «Անպայման իշխանափոխություն, հայ մարդուն պետք է վերադարձնել այն, ինչ խլել են այս քսան տարիների ընթացքում: Հայաստանը պետք է փրկենք ոչ թե միայն այստեղի հայերի, այլ համայն աշխարհի սփռված հայերի համար»:
Պարոն Կարապետյանը քննադատեց բոլոր երեք նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին՝ նրան համարելով «ինքնակոչ նախագահ». «Քանի՞ գիտնական ու մտավորական է լքել սեփական երկիրը: Ինչքան հարստություն են թալանել, հայ ժողովրդին ստորացրել եք: Թուրքիայից հատուցում ենք պահանջում, բայց իրենցից հատուցում չե՞նք պահանջելու: Ի՞նչ է իրենք իրավունք ունե՞ն թալանելու հայ մարդուն, ստորացնելու: Եթե լավ բան էլ են արել, իրենց դավաճանությունը թաքցնելու համար են արել, ժամանակ շահելու համար են արել»:

Պարոն Կարապետյանը վրդովված է, թե ինչո՞ւ պետք է թուրք հետախույզները գան, ելնեն մեր դիրքերի վրա, ինչո՞ւ են նրանք մեզ տեսնում, բայց մեր զինվորները նրանց չեն տեսնում: Այնուհետև հավելեց. «Ես այս Պաշտպանության նախարարին չեմ ընդունում, նա Գետաշենում մեր դեմ կռվել է, մեր թիկունքից կրակել»:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ կո՞ղմ է Կոմանդոսի այն առաջարկությանը, թե պետք է նախահարձակ լինել և նախազգուշական հարձակումներ գործել Ադրբեջանի նկատմամբ: Սարգիս Կարապետյանը պատասխանեց. «Իր ասածներին թող ինքը պատասխանի: Ես համամիտ չեմ: Ոչինչ այնքան վտանգավոր չէ Հայաստանի համար, որքան ներկայիս իշխանությունները: Նրանցից ազատվել է պետք»:
Մեր հարցին՝ իսկ ո՞վ է այդ ուժը, որ պետք է իշխանափոխություն իրականացնի, պարոն Կարապետյանն ասաց. «Ես եմ այդ մարդը: Ես ուզում եմ իմ խիղճը մաքրել հայ ժողովրդի առաջ»:

Հետաքրքրվեցինք՝ ինչու՞ է արտագաղթի մասին այդքան ողբերգական խոսում, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հորդորում է արտագաղթի մեջ ողբերգություն չտեսնել, Սերժ Սարգսյանը նշում է, թե եթե արտերկրում պայմաններ կան, ապա ինչու անձը չպետք է գնա, Սարգիս Կարապետյանը պատասխանեց. «Գալուստ Սահակյանն այս ազգի համար ողբերգություն է, միայն նման սրիկայություն կարող է սատանան մտածել հայ ժողովրդի համար»:

Այնուհետև քննադատության սլաքն ուղղեց Սերժ Սարգսյանին. «ՀՀ-ում ինչքան գող, ավազակ, սրիկա, մարդասպան, ազգուրաց ազգադավ կա, բոլորի հովանավորն ու պարագլուխը երկրի նախագահն է: Նախագահի ասածներից ոչ մեկին չեմ հավատում, այս պահին երկրի ամենամեծ վտանգը Սերժ Սարգսյանն է»:

Մեր դիտարկմանը, թե ՀԱԿ-ը բազմիցս պահանջել է ՀՀ նախագահի հրաժարականը, պարոն Կարապետյանն արձագանքեց. «ՀԱԿ-ը ո՞վ է՝ Լևո՞նն է, նա Էնվերի ու Թալեաթի թոռներից է: ՀԱԿ-ը եկավ մատնության, ազգադավության հրապարակում ելավ, ասաց, թե թող ցնցումներ չլինեն, Ադրբեջանը կհարձակվի»:

Մեր հարցին՝ իսկ քառյա՞կը, պարոն Կարապետյանն ասաց. «Քառյակը դրանք ովքե՞ր են, դրանց չեմ ճանաչում: ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ԲՀԿ-ն, այդ ովքե՞ր , ընդհանրապես հույս չեմ կապում նրանց հետ»:

Հետաքրքրվեցինք՝ իսկ ի՞նչ գործողությունների է դիմելու, արդյոք հեղափոխությա՞ն՝ Շանթ Հարությունյանի նման, Սարգիս Կարապետյանն ասաց. «Երբ պահը եկավ, ամբողջ ազգին հայտնելու եմ՝ օրը, տեղն ու ժամը»:

Այնուհետև պարոն Կարապետյանը քննադատեց նաև ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: ԿԳ նախարարի մասին ասաց. «Նա ոչ մի բանի փորձ էլ չունի»: Վարչապետի մասին ասաց. «Հովիկ Աբրահամյանն ո՞վ է: Գիտենք, թե մուկն ինչ զգացողություն ունի պարկի հանդեպ: Ինչ վերաբերում է ստվերին, ապա Հովիկ Աբրահամյանն ինքն իրենով ստվեր է: Հենց ինքն էլ թող իրեն կրճատի»:

 

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031