Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստան մտնող տրանսֆերտային հոսքերի աճն այս տարի զգալիորեն դանդաղել է. «Հայոց աշխարհ»

Օգոստոս 29,2014 12:29

Հայաստան մտնող տրանսֆերտային հոսքերի աճն այս տարի զգալիորեն դանդաղել է։ Ենթադրվում է, որ դա կշարունակվի նաեւ առաջիկայում։ Ամեն դեպքում, այդպիսին են Կենտրոնական բանկի կանխատեսումները, որոնք բոլորովին էլ անհիմն չեն։
Չնայած առաջին կիսամյակում Հայաստան կատարված ոչ առեւտրային բնույթի փոխանցումներն ավելացել են 4,7 տոկոսով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում աճը ավելի քան 11 տոկոս էր), այնուհանդերձ դա Կենտրոնական բանկին լավատեսություն չի ներշնչում։ ԿԲ-ն կարծում է, որ տարեվերջին մասնավոր տրանսֆերտների աճը կարող է լավագույն դեպքում լինել 1-3 տոկոս։

Գնալով նկատելի է դառնում Ռուսաստանի տնտեսական եւ ֆինանսական զարգացումների ազդեցությունը Հայաստան մտնող տրանսֆերտների վրա։ Թեեւ առաջին հայացքից դրանք շարունակել են ավելանալ, այնուհանդերձ պայմանավորված միայն այն հանգամանքով, որ հունվարին, երբ տնտեսական, ինչպես նաեւ ֆինանսական իրավիճակը դեռեւս բարվոք էր, ռուսական տրանսֆերտների կտրուկ աճ գրանցվեց։ Այդ ամսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 15,4 մլն դոլարով ավելի շատ փոխանցումներ կատարվեցին Հայաստան։ Սակայն հաջորդող շրջանում միտումը ոչ միայն չպահպանվեց, այլեւ գնալով աստիճանաբար վատացավ։

Պատահական չէ, որ եթե դիտարկենք հունվարից հետո ընկած ժամանակահատվածը, ապա կստացվի, որ ռուսական շուկայից ստացված տրանսֆերտները ոչ թե ավելացել են, այլ նվազել են. փետրվարից մինչեւ հունիս ընկած հատվածում ավելի քան 3,8 մլն դոլարով կրճատվել են։

Ռուսաստանից ստացվող տրանսֆերտային հոսքերի աճը սկսեց դանդաղել փետրվարից։ Այդ ամսին նախորդ տարվա համեմատ ոչ առեւտրային բնույթի փոխանցումներն ավելացան 1,5 մլն դոլարով։ Արդեն ապրիլին դրանք նույնիսկ ավելի քիչ էին, քան նախորդ տարի։ Մայիսին եւս ռուսական շուկայից ստացված ոչ առեւտրային բնույթի փոխանցումների տարբերությունը մեծ չէր։

Առանձին ամիսներին արձանագրված անկումը կտրուկ դրսեւորվեց հունիսին։ Կենտրոնական բանկի տվյալներով, այդ ամսին բանկային համակարգի միջոցով ստացվել է ընդհանուր առմամբ 164,2 մլն դոլար, որից 134,7 միլիոնը՝ ռուսական շուկայից։ Ռուսաստանից փոխանցված գումարները գրեթե 6,5 միլիոնով պակաս են եղել, քան նախորդ տարի։ Տարբերությունը հասնում է 4,5 տոկոսի։

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031