Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձավ թիվ 27 դպրոցում տիրող իրավիճակին: Նա նշեց, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանն արդեն որոշում է կայացրել եւ չեղյալ է հայտարարել կատարված ընտրությունները: Սակայն նա ճիշտ չի համարում այդ որոշման առաջին կետը, քանի որ այնտեղ ներկա է եղել նախարարության ներկայացուցիչը եւ հայտարարել է, որ մրցույթը կայացել է, բայց ոչ ոք չի ընտրվել.
«Բայց ինչո՞ւ հասցնեին մրցույթ անեին, մրցույթը չեղյալ համարեին, ժամանակ ձգեին եւ հիմա էլ այդ որոշման մեջ գրեն, որ 1 տարի հետո պետք է մարված լինի, ո’չ: Նորից եմ ասում պարոն քաղաքապետին, որ 1 տարի դատավորն է տվել, 6 ամիս լրացուցիչ դատախազն է տվել, այսինքն` այդ կինը 1 եւ կես տարի իրավունք չունի ակնկալել այդ պաշտոնին գալ, իսկ նրա ուշքն ու միտքը թիվ 27 դպրոցում նորից տնօրեն աշխատելն է»:
Հիշեցնենք` թիվ 27 դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանը 2013 թվականի դեկտեմբերի 26-ին մեղավոր էր ճանաչվել 4 դրվագով յուրացումներ կատարելու համար, եւ դատապարտվել էր 800 հազար դրամ տուգանքի եւ 1 տարի 6 ամսով զրկվել կազմակերպչական, տնօրինական բնույթի որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Սակայն, համաներման կիրառմամբ` Սուսաննա Սարգսյանն ազատվել էր հիմնական պատժից: Իսկ սույն թվականի օգոստոսի 1-ին նա մասնակցել էր տեղի ունեցած դպրոցի տնօրենի թափուր աթոռի համար մրցույթին:
Տիկին Բախշյանի խոսքերով` դպրոցի անձնակազմը պառակտված է, ուսուցիչների մեջ կան Սուսաննա Սարգսյանի կողմնակիցները, ովքեր հակամարտության մեջ են մյուսների հետ.
«Շատ տխուր վիճակ է այսօր դպրոցում, եւ որքան ցավ եմ ապրում, որովհետեւ այդ ուսուցիչները, որոնք իր կողմնակիցներն են, ունեն մի լոզունգ` «ո՞վ չի անում, որ հենց Սարգսյան Սուսաննան պետք է պատասխան տար»: Սա երկրում բարոյականության չափորոշիչն է` «ո՞վ չի անում, որ», այո’, բոլորս էլ գիտենք, որ բոլորն էլ անում են»:
Նա նշեց, որ ստեղծված մթնոլորտում դպրոցի սաներն են շատ տուժում, սակայն նա համարում է, որ քաղաքապետը կարող էր կանխել դպրոցում տիրող իրավիճակը.
«Օգոստոսի 1-ին նշանակված մրցույթում, ինքը կարող էր այս, ինչ-որ հետո ասաց նախապես ասել, եւ ասել` դու իրավունք չունես, գործերդ հետ վերցրու, բայց չարեցին, թողեցին: Այս անորոշ վիճակն ո՞ւմ է ձեռնտու, ի՞նչ են ուզում արդյունքում շահել, ես չեմ զգում, բայց տեսնում եմ, որ ինչ որ մի ստորջրյա հոսանք կա, որ այս ձգձգումը կառավարում է: Այս ձգձգումն ո՞ւմ է ձեռնտու, ես չգիտեմ»:
Հետաքրքրվեցինք, թե տիկին Բախշյանի կարծիքով դպրոցի տնօրենի ընտրությունները ձգձգվում են մինչեւ լրանա Սուսաննա Սարգսյանի կազմակերպչական, տնօրինական բնույթի աշխատանքից զրկվելու ժամկետը լրանա, նա պատասխանեց.
«Այո’, իրենց նպատակը դա, բայց չի լինի դա, ես խոստանում եմ»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ