Որոշել եմ էս անգամ իշխանություններին չհիշել
Բա արժե՞ համարյա տոնական օրերի (սեպտեմբերի 1-ն է մոտենում) տրամադրությունը փչացնել՝ հիշատակելով, ասենք, սիրիահայ բժշկի նկատմամբ վերաբերմունքը եւ նրան ծեծելը Թալինում կամ հերթական «սաքուլիկի» հերթական առաջխաղացումը, Սերժ Սարգսյանի հերթական ասուլիսային իմիտացիան՝ մի խումբ ջահել-ջուհուլների հետ, Գալուստ Սահակյանի ու Հովիկ Աբրահամյանի մտքերի (ծիծաղս եկավ) գոհարները, կամ Գորիսում կատարած քաջագործությունների համար ոչ անհայտ Սուրիկ Խաչատրյանին ու նրա ազգականին մեդալավորելը…
Սրանց արժեր անդրադառնալ, եթե մեզ զարմանալու առիթներ տային. ասենք՝ Թալինում, ի պատասխան իր մեքենային ճանապարհ տալու բժշկի խնդրանքին, քաղաքապետի եղբայրը եւ նրա ընկեր «Կայծը» ասեին. «Ներեցեք, պարոն, հենց հիմա, մեկ վարկյանից հանում ենք մեքենան: Կներեք անհարմարության համար»: Պատկերացնո՞ւմ եք ինչ ցնցում կլիներ հիվանդանոցի բակում: Մոտավորապես էնպիսի, ինչպիսին ապրել էր իմ մանկության սիրելի գրող Վախթանգ Անանյանի պատմվածքներից մեկի հերոսը, երբ էն ժամանակվա «խարոշին»՝ Կնյազը, լայեղ էր արել նրա հետ խոսել՝ ասելով. «շան թուլա, էշդ քաշիր՝ սելս անցնի…» (մոտավոր եմ հիշում, ոչ բառացի):
Կամ Սերժ Սարգսյանը անկեղծանար ու ասեր, թե՝ այո, ինքը հանուն սեփական իշխանությունը պահելու, ստորագրեց անցյալ տարվա սեպտեմբերի 3-ի կապիտուլյացիան: Իսկ որ դա կապիտուլյացիա էր եւ կատարված էր հենց Ռուսաստանի պահանջով, պարզ երեւաց այս օրերին Մինսկում ընթացած Մաքսային Միության երկրների ղեկավարների, ԵՄ հանձնակատարների եւ Ուկրաինայի նախագահի հանդիպման ժամանակ Պուտինի հնչեցրած մի քանի արտահայտություններից, որով, ըստ էության, սպառնում եւ ստիպում էր Ուկրաինային հրաժարվել ԵՄ ասոցացման համաձայնագրից… Ու երբ կարդում ես պուտինյան մտքի փայլատակումները, հասկանում ես, որ մի տարի առաջ նույնը պահանջել է Սերժ Սարգսյանից, թեպետ վերջինս առանձնապես երեւի չի էլ դիմադրել… Դե իհարկե՝ հանուն Հայաստանի, ոչ թե սեփական իշխանության…
Կարդացեք նաև
Կարելի էր զարմանալ, եթե հանկարծ Սերժ Սարգսյանը նույն ասուլիսային իմիտացիայի ժամանակ խոստովաներ, որ արտագաղթը, այո, արդեն ազգային անվտանգության խնդիր է դարձել, եւ ոչ թե ունկնդիրներին ուղարկեր վիճակագրական ծառայություն… Դե վիճծառայությանը պետք է հավատալ… Չէ՞ որ ասված է «կա ճշմարտություն, կա ավելի ճշմարտություն եւ կա վիճակագրություն»… Թե՞ էսպես չէր, թե՞ հակառակն էր հնչում. «կա սուտ, կա մեծ սուտ եւ կա վիճակագրություն…», էն էլ Հայաստանի, էն էլ՝ պաշտոնական…
Ըստ այդ վիճակագրության՝ մենք երջանիկ ենք ապրում, սակայն չգիտենք այդ մասին, որովհետեւ ի տարբերություն բարի, ոչ հիշաչար, ներող Սերժ Սարգսյանի, մենք բոլորս չար ենք, նախանձոտ, քինախնդիր, լավը չենք տ եսնում, «Հայլուրին» (կամ ոնց է դա հիմա կոչվում) ու վիճակագրությանը չենք հավատում: Այ եթե հավատանք…
Վերջապես, կարելի էր զարմանալ, եթե տարբեր մաստի չինովնիկներ ոչ թե ըստ էության արդարացնեին հերթական «սաքուլիկի», կամ «հայկուլիկի», կամ չգիտեմ էլ որ «…ուլիկի» նշանակումը պրոռեկտորի պաշտոնում, այլ հայտարարեին, որ իսկապես մտահոգված են ՀՀԿ-ական երիտկարիերիստներ բուծող ուսխորհրդներով եւ հարկ է դադարեցնել դրանց կուսակցականացումը, նաեւ՝ մեկնաբանեին, թե ինչ է նշանակում ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր…Սովետական բանա՞կ է, «զամպալի՞տ» (նախկինում՝ «կոմիսար») են աշխատում… Եվ էդ ի՞նչ աշխատանքներ են տանելու այդ պաշտոններում նշանակված հանրապետականները… (Այ մարդ, դե հո հատուկ չե՞ն հանրապետականի նշանակում… ցույց տվեք ավելի արժանավոր մեկին՝ կնշանակեն էլի… Սա ես ինքս ինձ ասացի, ուրիշ բան չմտածեք)…
Ահա, էս ամեն ինչի մասին ես չեմ ուզում գրել: Մեղմ ասած՝ զահլա չկա, մանավանդ՝ որ մոտենում է տողերիս հեղինակի համար ամենասիրելի օրերից մեկը՝ նոր ուսումնական տարվա սկիզբը՝ սեպտեմբերի մեկը, երբ հին ու նոր ուսանողների հետ հանդիպման ակնկալիքով սկսում ես մտածել, թե ոնց անես, որ պարապմունքներդ էլ ավելի հետաքրքիր դառնան, որ ուսանողներդ լսարան մտնեն էլ ավելի հաճույքով, որ 80 րոպեն անցնի մեկ րոպեի նման, ու դու էլ հաճույք ստանաս քո դասերից: Մանավանդ, երբ վարձատրությունը առանձնապես չի մղում դեպի լսարան, մնում է միայն ուսանողների հետ աշխատելու հաճույքը: Թեպետ երեւի վիճծառայությունն այլ բան է ասում, օրինակ, որ մեր աշխատավարձերը բարձրացել են… Դե իսկ ես, միշտ հակված եմ հավատալու մեր հայրենի վիճակագիրներին, չէ՞ որ Սերժ Սարգսյանը սեփական աչքերի փոխարեն հենց նրանց հավատալու իմաստուն խորհուդ է տվել… Այսինքն՝ աշխատավարձերը բարձրացել են, պարզապես մենք՝ չարերս ու նախանձոտներս, դա չենք ուզում նկատել… Ամո՛թ մեզ…
Մի խոսքով, շնորհավորում եմ բոլորիդ եւ բոլորիս նոր ուսումնական տարվա առթիվ ու մաղթում, որ բուհերը լինեն կրթական ու գիտական հաստատություններ, իսկ ուսխորհուրդներն էլ դադարեն լինել «…ուլիկաբուծարաններ»…
ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.08.2014