Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանական Քառյակը` ճամփաբաժանի առա՞ջ

Օգոստոս 29,2014 17:00

ՀՅԴ-ն կողմ է սահմանադրական բարեփոխումներին

Խորհրդարանական Քառյակի ուժերից երեքը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը», դեմ են սահմանադրական բարեփոխումներին: Երեկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ, անկախ Քառյակի ուժերի դիրքորոշումից, իրենք հավատարիմ են մնալու իրենց գծին: Հարցին՝ Դաշնակցությունը չի՞ կիսում Քառյակի երեք քաղաքական ուժերի այն դիրքորոշումը, որ այս պահին առաջնահերթություն չէ սահմանադրական փոփոխությունների հարցը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ բացարձակապես չի կիսում այդ կարծիքը, որովհետեւ Դաշնակցությունը կողմ է ամբողջական իշխանափոխության, իսկ ամբողջական իշխանափոխությունը ենթադրում է ոչ միայն վարչակազմի, այլ նաեւ համակարգի փոփոխություն։ Եվ ավելի արդյունավետ է իշխանափոխությունն իրականացնել համակարգի փոփոխությունից հետո, քան դա անել ընտրություններից հետո, որից հետո հայտնի չէ՝ ընտրվողը կհրաժարվի՞ նախագահի աթոռից, թե՞ ոչ. «Այլ բան է, որ սահմանադրական փոփոխությունների ներկայացված նախագիծը չհամապատասխաներ մոտեցումներին, բայց եթե մոտեցումներին համապատասխանում է, անհասկանալի է՝ բովանդակությանը ծանոթ չլինելով՝ դրան դեմ լինելը»:

Քառյակ – ՀՅԴ այս տարաձայնությունը հնարավո՞ր է դառնա ճամփաբաժան՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը (լուսանկարում) ասաց. «Դա նոր հայտարարություն չէ: Իսկապես, այսօր Քառյակում երեք կուսակցությունները, խմբակցությունները դեմ են այս պահին սահմանադրական բարեփոխումներին: Տարբեր առիթներով այդ հիմնավորումները տվել ենք, թե դա ինչ նպատակ է հետապնդում: «Ժառանգությունն» իր հերթին խոսել է այն պայմանների մասին, որոնց դեպքում հնարավոր է գնալ բովանդակային քննարկումների»:

Ռուբեն Հակոբյանն ու «Ժառանգությունն» այն կարծիքին են, որ ասենք, հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելը, ընդդիմության մասին օրենքը, ընդդիմությանը վերահսկիչ լիազորություններ տալը եւ այլն, սահմանադրական բարեփոխումների հետ ընդհանրապես կապ չունեն. «Եթե իսկապես, մարդակենտրոն չի Սահմանադրությունը, եւ իշխանությունը գտնում է, որ օր առաջ այն պետք է փոխվի, ապա պետք է խնդիր դրվի նաեւ անմիջապես արտահերթ ընտրություններ անցկացնել: Այդ դեպքում ես կհասկանամ, որ իրենք անկեղծ են իրենց մոտեցումներում»: Այն փաստից, որ իր թվարկած կետերից եւ որեւէ մեկը իշխանության ուշադրությանը չի արժանանում, մեր զրուցակիցը եզրակացնում է, որ սահմանադրական բարեփոխումներն այլ նպատակ են հետապնդում. «Արդեն հայտարարվել է, որ սեպտեմբերի 15-20-ը մենք կհրավիրենք սահմանադրական բարեփոխումներին նվիրված ֆորում, որտեղ ավելի մանրամասն կհիմնավորենք թե ինչո՞ւ է այսօր այդ հարցը դրված եւ ինչո՞ւ այս պահին անհրաժեշտ չեն այդ բարեփոխումները»:

Ինչ վերաբերում է նրան, որ տարաձայնությունները կարող են Քառյակի համար ճամփաբաժան լինել, Ռուբեն Հակոբյանը հիշեցնում է, որ Քառյակի համագործակցության սկզբունքն ի սկզբանե մեկն է եղել՝ եթե կան կոնսենսուսային-փոխզիջումային հարցեր, դրանց շուրջ կհամագործակցեն: Հակառակ պարագայում, յուրաքանչյուր քաղաքական ուժ, խմբակցություն ազատ է իր անելիքներում եւ ասելիքներում. «Չեմ տեսնում, որ դա կարող է ճամփաբաժանի պատճառ դառնալ»:

«Անընդունելի եւ անհասկանալի են քաղաքական այն դեմքերի հայտարարությունները, որոնք դավաճան են համարում սահմանադրական փոփոխությունների կողմնակիցներին` դրանով պառակտում մտցնելով: Այ, դրա մասին պետք է մտածել։ Թշնամանքն ու թույնը ո՞ւմ են պետք»,- երեկ հայտարարեց Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ կառավարման համակարգի փոփոխությամբ իշխանության ձեւավորման համակարգը եւ շատ այլ հարցեր, թափանցիկ են դառնում ու այն ուժերը, որոնք այս իրողությունը չեն ընդունում, մինչեւ վերջ անկեղծ չեն:

«Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ «Ժառանգությունն» անկեղծ չեն, Ռուբեն Հակոբյանն ասաց, որ իրենք շատ պարզ են ներկայացրել հիմնավորումները. «Եթե իշխանությունները որոշ նախապայմանների չեն համաձայնվում, որպեսզի ոչ սահմանադրական նորմերի հետ կապ ունեցող նորմերը փոխվեն, որպեսզի մենք հասկանանք, որ իսկապես իշխանությունն ուզում ենք տալ ժողովրդին` այնքան հասկանալի ու տեսանելի է, որ այդ բարեփոխումները բացարձակ ուրիշ նպատակ են հետապնդում: Համենայնդեպս, առաջիկա ֆորումի ժամանակ մենք մեր ընկերներին կբացատրենք: Երկկողմ-եռակողմ հանդիպումների ժամանակ մենք մի քիչ ավելի կհասկանանք` որտե՞ղ է քաղաքական խնդիրը դրված, որտե՞ղ սահմանադրական, որից հետո, կարծում եմ, կունենանք վերջնական մոտեցում»:

Սահմանադրական բարեփոխումներին «դեմ»-երի հիմնական հիմնավորումն այն է, որ իշխանությունը վերարտադրության խնդիր ունի: Ռուբեն Հակոբյանից հետաքրքրվեցինք նաեւ, ի՞նչը պիտի խանգարի գործող իշխանության վերարտադրությանն այս համակարգում, եթե նման ցանկություն կա: Ռուբեն Հակոբյանն ասաց, որ բոլոր հարցերի պատասխանները կհնչեն Քառյակում առաջիկա քննարկումներից հետո: Իսկ Քառյակի հետարձակուրդային առաջին հավաքն, ամենայն հավանականությամբ տեղի կունենա սեպտեմբերի սկզբներին՝ ընդդիմադիր պատգամավորների զբաղվածության պատճառով:
Սահմանադրական բարեփոխումների հարցը Քառյակի միակ տարրաձայնությունը չէ: Օրինակ, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն գտնում են, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին նոր օրենքը պետք է վիճարկել ՍԴ-ում: Նաեւ այդ առիթով է երեկ տեղի ունեցել երկյակի հանդիպումը: Ինչպես հայտնի է, Քառյակում տարաձայնություն կա թերեւս ամենակարեւոր հարցի՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի շուրջ, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն ռադիկալ քայլերի կողմնակից չեն: Ամեն դեպքում, Քառյակի ներկայացուցիչները պնդում են, որ սեպտեմբերի վերջին նախատեսված հանրահավաքը կկայանա: Որքանով այն ճակատագրական կլինի նույն ընդդիմության, իշխանության եւ հասարակության համար՝ պարզ կլինի միայն հանրահավաքի ժամանակ: Կհաջողե՞ն Քառյակի ուժերը համադրել «կողմ» եւ «դեմ» տեսակետերով համագործակցությունը մինչեւ հանրահավաք, թե՞ ոչ, կյանքը ցույց կտա:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031