Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակիչներն իրենց տուն՝ շունչները պահած են ելումուտ անում

Օգոստոս 29,2014 16:00

Բազմաբնակարան շենքերի աղբատար խողովակները
ո՛չ ախտահանվում են, ո՛չ՝ վարակազերծվում

Ամռան այս սեզոնին մայրաքաղաքի մի շարք բարձրահարկ շենքերում անտանելի գարշահոտություն է տարածված: Շենքերի աղբատար խողովակներից արձակվող աղբի հոտն այնպես է տարածվում շրջակայքով մեկ, որ առանց քիթդ փակելու անհնար է շենք ելումուտ անել: Եթե նույնիսկ աղբահանությունը այս կամ այն շենքում կանոնավոր է, եւ աղբը չի մնում օրերով, ապա աղբատարներն այնքան հին են ու չմաքրված, որ աղբի հոտը բազմահարկ շենքերի բնակիչների համար հավերժական խնդիր է: Գուցե իրենց ֆիզիկական կառուցվածքով աղբատար այդ խողովակները նախատեսված են երկարաժամկետ, ասենք՝ կես դար աշխատելու համար, սակայն, քանի որ մեր երկրում որեւէ բազմահարկ շենքի համար չեն պահպանվում կառավարության մի շարք որոշումներով ամրագրված սանիտարական չափորոշիչները, ապա, աղբատար խողովակները վերածվում են մի շարք վտանգավոր մանրէների «բնակավայրի»:

Աղբատարներից արձակվող գարշահոտության մասին մայրաքաղաքի տարբեր հասցեների բնակիչներից «Առավոտը» պարբերաբար բողոքներ է ստանում:

Անդրանիկի 88 հասցեի բնակիչները, սանմաքրման ծառայություններից հույսները կտրած, սեփական միջոցներով են երկար տարիներ փորձել 9 հարկանի իրենց շենքի աղբատարը ժամանակ առ ժամանակ ջրով մաքրել: Բնակիչների խոսքերով, որպեսզի գարշահոտությունը փոքր-ինչ պակասի, վերեւի հարկից ջուր են բաց թողել աղբատարով: Սակայն, ինչ ջրի համար վարձավճարը գանձվում է հաշվիչով, որեւէ բնակիչ այլեւս չի կարող իրեն նման շքեղություն թույլ տալ:

Նորք Նորքի զանգվածի Մառի 12 շենքի բնակիչները նույնպես երկար տարիներ խեղդվում են աղբի խողովակից արձակվող հոտից:

Երվանդ Քոչար 7 շենքի բնակիչներն էլ արդեն հոգնել են «բուրումնավետ» խողովակի խնդիրը բարձրացնելուց. լսող չկա: Մինչդեռ այս մասով կառավարությունը 2007 թվականին որոշում է կայացրել եւ բազմաբնակարան շենքերի աղբամուղների եւ աղբախցերի մասին մի ամբողջ պարբերություն սանիտարական պարտադիր նորմեր սահմանել, որոնք պետք է ապահովեն տեղական ինքնակառավարման մարմինները:
«Աղբամուղները պետք է գործեն անխափան՝ քաղաքաշինական, սանիտարահիգիենիկ եւ հակահրդեհային նորմերի պահանջների ապահովմամբ:

axb_2

Աղբամուղների բեռնավորող փականների կափարիչները պետք է ապահովված լինեն ռետինե միջադիրներով եւ հուսալի փակվեն: Աղբախցերի դռները պետք է ամուր փակվեն եւ ունենան սողնակ, նրանց ստորին մասը եւ շեմքերը՝ պատվեն թիթեղով, իսկ հատակների անցքերը եւ բացվածքները ամրակցվեն՝ բացառելով կրծողների եւ միջատների թափանցումը: Աղբախցերի ներսի պատերը պետք է երեսապատված լինեն խոնավ եղանակով մաքրման հնարավորություն ընձեռող նյութերով եւ ապահովված լինեն ջրի ծորակով եւ հոսակով: Աղբախցերը պետք է ապահովված լինեն բնական արտածման օդափոխությամբ»,- որոշել է կառավարությունը:

Ներկայումս մի շարք շենքերում աղբատարները ոչ միայն ջրի ծորակ չունեն, այլեւ բաց են՝ անուշադրության մատնված, առանց կափարիչի՝ ազատ ելումուտ ապահովելով կրծողների ու միջատների համար: Բացի այն, որ շենքերի՝ տարիներով չմաքրվող աղբատար խողովակները տարին կլոր գարշահոտության մեջ են պահում բնակիչներին, դրանք, հատկապես տաք եղանակներին, հիվանդությունների տարածման աղբյուր են հադիսանում:

«Առավոտի» հետ զրույցում առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի գլխավոր մասնագետ Մարտին Մկրտչյանը կարծիք հայտնեց, որ աղբատար խողովակներում առաջացած մանրէները կարող են տարածվել եւ հիվանդությունների պատճառ դառնել. «Աղբատար խողովակներով հիմնականում օրգանական նյութեր են թափվում, որոնք հատկապես ամռանը նեխում են՝ առաջացնելով միկրոբային աղտոտվածություն ու գարշահոտություն: Նեխման արդյունքում կարող է այդ խողովակներում մի շարք հիվանդությունների մանրէներ բազմանան, որոնք հետագայում կարող են տարածվել եւ կենդանիների ու մարդկանց միջոցով կամ օդակաթիլային ճանապարհով փոխանցվել առողջներին ու հիվանդություներ առաջացնել: Վերջիվերջո, դա կարող է կրծողների բնադրման բազմացման օջախ լինել, իսկ կրծողները բավականին շատ հիվանդությունների փոխանցող են հանդիսանում: Բացի այդ, կրծողները հենց իրենցով վտանգ են ներկայացնում, հատկապես՝ երեխաների համար»:
Հիգիենայի մասնագետի խոսքերով՝ մեր բազմաբնակարան շենքերում, որտեղ դեռեւս աղբատար խողովակներով է աղբահանությունը կատարվում, այն կազմակերպելու լուրջ խնդիր ունենք. «Այսինքն՝ աղբահանությունից հետո պետք է այդ խողովակաշարերը ախտահանվեն ախտահանիչ նյութերով, վարակազերծվեն: Սանմաքրման գրասենյակը պետք է կազմակերպի համապատասխան գրաֆիկներ, բնականաբար, ամռան ամիսներին խողովակների մաքրումն ավելի հաճախակի պետք է արվի՝ ամսական երկու անգամ հաճախականությամբ՝ կախված աղբատարի տեխնիկական վիճակից: Եվ, դրանով պայմանավորված, մաքրման պարբերականությունը կարող է կրճատվել, կարող է ավելացվել: Ձմռան ամիսներին ավելի երկար ժամկետով, քանի որ ցուրտ եղանակին մանրէները մի փոքր ավելի դանդաղ են զարգանում»:

Մեր այն հարցին, թե սանիտարահիգիենիկ տեսանկյունից ավելի նպատակահարմար չէ՞ այդ խողովակներն ընդհանրապես ապամոնտաժել՝ հատկապես, որ սանմաքրման ծառայությունները երբեւէ չեն կատարում աղբատարը մաքրելու իրենց պարտականությունը, Մարտին Մկրտչյանն ասաց. «Ոչ միայն ճիշտ շահագործումից է կախված, այլեւ օգտագործողից: Սովորաբար, այդ աղբատարների օգտագործման ճիշտ տարբերակն այն է, որ բնակիչները պոլիէթիլենային տոպրակներով աղբը հավաքեն, փակեն՝ նոր միայն լցնեն աղբատարը, որպեսզի աղբն ինքն իրենով չկեղտոտի աղբատարը, որովհետեւ, ինչքան էլ աղբը հեռացնեն, եթե մենք բաց վիճակում ենք այն թափում, մնացորդները կպչում են աղբատարին եւ առաջացնում նեխման օջախներ: Այստեղ մեր հասարակության խնդիրն էլ կա, թե ինչպես են դրանք օգտագործում: Մարդիկ միշտ բողոքում են սպասարկողից, բայց իրենք էլ ճիշտ չեն օգտագործում»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031