Նախարարությունները հերթով հրաժարվում են «Արմենտելի» ֆիքսված հեռախոսակապի ծառայություններից եւ անցնում են «Յուքոմի» ծառայություններին:
Ֆինանսների նախարարությունն արդեն մի քանի ամիս է ինչ «Արմենտելի» 010 կոդը փոխարինել է «Յուքոմի» 060 կոդով ու բոլոր հեռախոսահամարները փոխել: Նշենք, որ «Յուքոմ» ընկերությունն, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, կապված է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի անվան հետ. պետական եկամուտների կոմիտեն էլ «յուքոմիֆիկացվել է» դեռեւս Գագիկ Խաչատրյանի՝ պետական եկամուտների նախագահ եղած ժամանակ:
Սփյուռքի նախարարությունը եւս «Յուքոմի» բաժանորդ է. բացի ֆիքսված հեռախոսակապից, այս գերատեսչությունը «Յուքոմի» մալուխային հեռուսատեսությունից էլ է օգտվում: Կան նախարարություններ, որոնք կամ այս ընկերության մատուցած ինտերնետից են օգտվում, կամ՝ մալուխային հեռուստատեսությունից:
Գյուղատնտեսության նախարարությունն էլ վերջերս սկսել է օգտվել «Յուքոմի» 011 կոդից: Ըստ 1 անձից կատարվող պետական գնումների ծառայության տվյալների՝ այս նախարարությունը 2 անգամ պայմանագիր է կնքել «Յուքոմի» հետ, եւ, ինչպես նշված է պաշտոնական կայքէջում, պայմանագրի գինը 1 դրամ է գրված, իսկ կանխավճարը՝ 0 դրամ: Բայց թե իրականում պետբյուջեի հաշվին այս նախարարությունը քանի միլիոն դրամով է «յուքոմիֆիկացվել», ընկերության եւ գյուղնախի միջեւ կնքված ու օգոստոսի 15-ով թվագրված պայմանագրում նշված չէ: Մինչդեռ, երբ կառավարությունը պետական գնումների ընթացակարգը, ինչպես պաշտոնյաններն են ասում, թափանցիկացրեց, բոլոր տեսակի գնումների՝ կլինի զուգարանի թուղթ, թե թանկարժեք մեքենա, գինն ու քանակն անվերապահորեն հրապարակում են մեկ անձից կատարվող գնումների պաշտոնական կայքէջում: Կառավարության անդամները սիրում են ամեն առիթով նշել, թե՝ ՀՀ քաղաքացիներ ջան, տեսե՛ք եւ հետեւեք, թե ինչպես ենք ծախսում ձեր վճարած հարկերը:
Իսկ որ «Յուքոմ» ընկերությանը գյուղնախի միջոցով պետբյուջեից մի քանի միլիոն դրամ պետք է փոխանցված լինի, կասկածի տեղիք չկա: Նախարարության բոլոր սենյակներում, ստորաբաժանումներում նոր մալուխներ անցկացնելը, սարքեր տեղադրելն ու այլ աշխատանքները 2-3 միլիոն դրամը կգերազանցեր: «Առավոտը» «Յուքոմից» հետաքրքվել է, թե ի՞նչ կարժենա 10 սենյականոց գրասենյակում 10 հեռախոսահամարներ ձեռք բերելը, նոր մալուխներ անցկացնելը, սարքավորումներ տեղադրելն ու սպասարկումը. ընկերության նշած թիվը մոտ 2 միլիոն դրամ էր:
Կարդացեք նաև
«Յուքոմի» եւ գյուղատնտեսության նախարարության միջեւ կնքված պայմանագրում միլիոնների փոխարեն գրված են ծառայությունների սակագները. ըստ այդմ՝ 1 հեռախոսային ծառայութան ամսական վճարը կազմում է 2500 դրամ, պայմանագրի ընդհանուր արժեքը՝ 117 հազար 500 դրամ:
Մեկ անձից կատարվող գնումների կայքէջն ուսումնասիրելիս մենք չհանդիպեցինք գնման որեւէ պայմանագրի, որի արժեքը, ինչպես գյուղնախի ու «Յուքոմի» միջեւ կնքված պայմանագրի դեպքում է, հարկատուների վրա այսքան էժան կնստի՝ 1 դրամ:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.08.2014