Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտակետում անզգույշ կրակել էին համածառայակցի վրա

Օգոստոս 29,2014 14:30

ՊԲ N զորամասի նռնականետորդ , կոչումով սերժանտ Տիգրան Հակոբյանը, Արթուր Մարտիրոսյանը, որը հանդիսանում է ՀՀ Պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի «Գեղարվեստական լուսանկարչություն» բաժնի 2-րդ կուրսի ուսանող, նշյալ զորամասի ստորաբաժանման հրամանատարն է եղել, եւ Արթուր Զոհրաբյանը բողոքով դիմել են ՀՀ քրեական զինվորական վերաքննիչ դատարան:
Ա.Զոհրաբյանը ԼՂՀ քաղաքացի է, միջնակարգ կրթությամբ, ծառայել է ՊԲ N զորամասում, որպես դասակի հրամանատարի տեղակալ, կոչումով ավագ սերժանտ, զորացրվել է պահեստազոր:

Եռյակը բողոքարկում է այս տարվա հուլիսի 3-ի Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճիռը, մասնավորապես իրենց պատժաչափը:

Տիգրան Հակոբյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. սեպտեմբերի 6-ից 20-ը ընդգրկված լինելով մարտական դիրքում մարտական հերթապահություն իրականացնող հերթափոխի կազմում, որպես դիտորդ, խախտել է ՀՀ Պաշտպանության նախարարի 23.12.2008թ. հրամանով հաստատված ՀՀ Պետական սահմանի մարտական դիրքերում մարտական հերթապահության կազմակերպման եւ անցկացման մասին կանոնադրության պահանջները, ինչը առաջացրել է ծանր հետեւանքներ: 2013թ. սեպտեմբերի 15-ին ժ. 2. 50-ի սահմաններում, դիտակետում հերթապահելու ժամանակ քնել է, արթնացել ձայներից: Ըստ մեղադրող կողմի. «Նա, տեսնելով իրենից ձախ մոտ 10 մետր հեռավորության վրա մարդկային պատկեր, չտեսնելով եւ չիմանալով, որ այն է` իր հետ տվյալ ժամին դիտակետում հերթապահություն կատարող շարքային Խաչատուր Խաչատրյանն է, կարծելով թե հակառակորդի դիվերսիոն խումբ է ներխուժել մարտական դիրք, պետական սահմանի հատումը կանխելու համար` լիցքավորել է իրեն կցված ԱԿ-74 տեսակի 310971 համարի ինքնաձիգը եւ թվով 10 հատ փամփուշտ արձակել տեսած մարդկային պատկերի ուղղությամբ»: Հետագայում պարզվել էր, որ ստացած հրազենային մարմնական վնասվածքներով Խ.Խաչատրյանը տեղափոխվել է Մարտունու զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 05:15-ին մահացել է:

Արթուր Զոհրաբյանն էլ լինելով որպես դիրքի ավագ եւ հանդիսանալով պաշտոնատար անձ, պետ, նշյալ օրը, պարտավոր լինելով վերահսկելու կազմված դիտորդների հերթափոխի գրաֆիկի ճիշտ կատարումը, տեղյակ լինելով, որ սերժանտ Արթուր Մարտիրոսյանը՝ համաձայն դիրքի հերթապահության կրման հաստատված գրաֆիկի, շարքայիններ Տիգրան Հակոբյանի եւ Խաչատուր Խաչատրյանի հետ միասին չի իրականացնում դիտորդի պարտականությունները դիտակետում, այլ գտնվում է գետնատնակում, պարտավոր լինելով կանխել դա եւ դրա մասին զեկուցել վերադաս հրամանատարությանը, ըստ մեղադրանքի, «հակառակ ծառայության շահերի, վերը նշված արարքը թաքցնելու միջոցով, դիրքի վարկանիշը չիջեցնելու շարժառիթներով, Ա.Մարտիրոսյանի աչքին բարձր երեւալու համար դրսեւորել է իշխանության անգործություն` Ա.Մարտիրոսյանին դիտակետ ծառայության չի ուղարկել, մարտական զգոնությունը չի ապահովել, ինչը առաջացրել է էական վնաս»:

Արթուր Մարտիրոսյանին էլ մեղադրանք է առաջադրվել, որպես դիրքի ավագի օգնականի: Նա անբարեխիղճ վերաբերմունք է դրսեւորել զինվորական կանոնադրության կանոնների նկատմամբ, դեպքի օրը չի հերթապահել դիտակետում եւ գտնվել է գետնատնակում:

Երեքն էլ ձերբակալվել էին 18.09.2013թ.-ին:

Հետագայում ՊՆ ՔԾ 2-րդ կայազորային քննչական բաժնի 21.09.2013թ. որոշումներով Արթուր Մարտիրոսյանն ազատվել է արգելանքից եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել հրամանատարության հսկողության հանձնելը, իսկ Արթուր Զոհրաբյանն ազատվել է արգելանքից եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել` ստորագրությամբ չհեռանալը:

Երեք ամբաստանյալներն էլ իրենց մեղավոր են ճանաչել եւ դատարանում հրաժարվել են ցուցմունք տալ:

Վերաքննիչ դատարանում նախագահող դատավորն է Մանուշակ Պետրոսյանը:
Բողոքի քննությունը շարունակվում է:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Ինչքա են սիրում էս մոլորակը, որ թեթևացնում են յուրայինների հաշվին:Յուրայի*ն:Հայ և յուրայի*ն:Ցեցի և բրդի հեքիաթն է, ոչ հայկական, բայց հայերի մասին:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031