Լրահոս
Օրվա լրահոսը

«Ագահություն է միայնակ վայելել կադրը»

Օգոստոս 29,2014 13:30

Զրույց կինոպոեզիաների հեղինակ, լուսանկարիչ Լաօ Բայազետցու հետ

Լաօ Բայազետցին կամ Արարատ Գուլանյանը նախ սկսել է պոեզիայից, 24 տարեկանում արդեն հայտնի է որպես կինոպոեզիայի «նեղ» ասպարեզի ռեժիսոր եւ «լավ աչք ու ձեռք ունեցող» լուսանկարիչ: Ծնունդով Ծովագյուղից է, արմատով` բայազետցի: Ծովագյուղը հենց Արեւմտյան Հայաստանից բռնագաղթած բայազետցիներն են հիմնել, իսկ հայտնի «լաո» դիմելաձեւն էլ մանկուց դարձել է նրա այցեքարտը արվեստի աշխարհում, միայն թե Լաօ-ի տեսքով. սկզբում ինքն էր բոլորին «լաո» ասում, հետո իրեն սկսեցին այդպես դիմել: Գրում է առայսօր, իսկ 16 տարեկանից իր համար հայտնաբերեց լուսանկարչությունը, սկսեց ավելին տեսնել ու զգալ եւ ինքնուս լուսանկարչի համար այն վերածվեց կենսակերպի:

-Լաօ, բնությունը կարծես թե շռայլ է գտնվել քո հանդեպ շնորհների հարցում, իսկ ի՞նչ ես ավելացրել դու. մասնագիտական կրթություն ունե՞ս:

-2007 թ-ին ընդունվել եմ «ՀայՖիլմ» ստուդիայի դերասանական բաժին, ավարտել եմ 2012 թվականին, որից հետո ռեժիսուրայի անհատական դասընթացներ ու պրակտիկա եմ անցել ՀՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, փաստավավերագրող-ռեժիսոր Հենրիկ Մարգարյանի մոտ: 2012-ից սկսել եմ նկարահանել դադաիստական աբստրակտ ֆիլմեր, որոնք այժմ առավել հաճախ մեկ բառով անվանում են կինոպոեզիա: Այժմ աշխատում եմ նմանօրինակ ֆիլմերի շարքի վրա, վերջերս հրապարակել եմ 6-րդ ֆիլմը: Մտածում եմ նաեւ 7-րդի մասին:

-Երիտասարդ ռեժիսորները սիրում են ռոմանտիկ ու տխուր վերջաբանով ֆիլմեր նկարել, բայց քո ֆիլմերն իրենց տեսակով այլ են՝ համեմված միստիկ տարրերով, այլաբանությամբ ու սիմվոլիկայով, ինչպե՞ս ես ընտրել ոճդ:

– Ոճ որպես էդպիսին չեմ ընտրել, ուսանողական տարիներին ունեցել եմ այլ ժանրի կարճամետրաժ ֆիլմեր նույնպես: Ոճը ձեւավորվում է ժամանակի հետ՝ անկախ իմ կամքից, ֆիլմերն իմ գլխում ծնվում են հենց այնպես, ինչպես հասնում են հանդիսատեսին: Չեմ սիրում նյութը փոփոխել, կոկել կամ մշակել ,կատարելության աստիճանի: Ինձ համար կարեւորը միայն միտքն է, ուզում եմ, որ մարդիկ մտածեն, պարզապես մտածեն: Իսկ ասելիքը հայտնագործություն չէ, ես բարձրաձայնում եմ այն, ինչ բոլորն են գիտակցում ու չեն բարձրաձայնում:

-Ֆիլմից լուսանկարչություն մեկ քայլ է, ինչպե՞ս որոշեցիր «քայլ գցել»:

-Լուսանկարչությունն իմ կյանքի ձեւն է, տեսախցիկն ու մնացած տեխնիկան միշտ մեքենայիս մեջ են: Առանց տեսախցիկի ու ֆիլտրերի մեքենա չեմ նստում: Այնպես, ինչպես, ասենք առանց հեռախոսի կամ ծխախոտի: Տեսախցիկի օկուլյարից ես ավելի շատ եմ նայում աշխարհին, քան սեփական աչքերով:

-Ո՞րն է ֆիլմեր ու լուսանկարներ ստեղծելուդ բուն նպատակը, ի՞նչ ասելիք են պարունակում իրենց մեջ:

-Սիրում եմ անընդհատ նորություններ գտնել լուսանկարչության ասպարեզում, սիրում եմ փորձել: Կարծում եմ, որ լուսանկարչական արվեստը հիմնված է էքսպերիմենտների վրա: Իսկ կինոպոեզիան իմ ասելիքն է աշխարհին: Ես, ինչպես եւ յուրաքանչյուր մարդ, փորձում եմ աշխարհն ավելի գեղեցիկ դարձնել ու վերջ: Ճիշտ է, փոքր ինչ մռայլ են իմ ֆիլմերը, այնուամենայնիվ, գերադասում եմ բարձրաձայնել բացասականը` անպայման նշելով խնդրի լուծումը: Իսկ ֆոտոն գեղեցիկը հասարակությանը հանձնելու, հասարակության հետ կիսվելու միջոց է: Ագահություն եմ համարում միայնակ վայելել կադրը…

-Ինչի՞ վրա ես հիմա աշխատում, ու՞ր են տանում մուսաները:

-Հիմա 7-րդ ֆիլմիս մասին եմ մտածում, դեռ եփվում է, մնացածն ինչպես միշտ` ֆոտո եւ պոեզիա: 5-րդ տարին է` զբաղվում եմ նաեւ գրաֆիկական դիզայնով եւ նորից` ինքնուս: Իմ արվեստը ոչ մի շահ չի հետապնդում, ոչ մի կոմերցիոն բնույթ: Ես անում եմ այն, ինչ չեմ կարող չանել, դա բառերով ասելու չէ:

Զրուցեց ՍՅՈՒՆԵ ՍԵՎԱԴԱ

«Առավոտ» օրաթերթ
28.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031