Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ մասին են երազում երեխաները

Օգոստոս 28,2014 21:24

Կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ այս տարի առաջին անգամ իրականացվող «Երաժշտական ամառ» մանկապատանեկան ծրագրի եզրափակիչ` տոնական փուլը տեղի ունեցավ այսօր Դիլիջանում՝ Էդվարդ Միրզոյանի անվան ստեղծագործական տանը:

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո իրականացվող միջոցառմանն իրենց կատարումներով հանդես եկան Արմեն Դիվանյանի անվ. «Արևներ» մանկապատանեկան անսամբլը, Ալ. Սառաջևի անվ. երաժշտական դպրոցի երգչախումբը, պատանի երգչուհի Դալիթան, ինչպես նաև իրենց աշխատանքների ցուցադրությամբ ներկայացան «Դեկարտ» մանկապատանեկան մշակութային կենտրոնի և Ք. Քուշնարյանի արվեստի դպրոցի պատանի ստեղծագործողները:

2014-08-28-12.16

«Այս միջոցառումը հնարավորություն տվեց մանկատների, սոցիալապես անապահով և առողջական խնդիրներ ունեցող մոտ 200 երեխաների անմիջականորեն առնչվելու արվեստին, դասական և ժամանակակից երաժշտությանը, ճանաչելու հայ հեղինակներին»,- ասում է ծրագրի կազմակերպիչ, կոմպոզիտոր Նաիրա Դիվանյանը:

Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն էլ հույս հայտնեց, որ նախագիծը շարունակական բնույթ կկրի, քանի որ այն, ըստ նրա, հաջողել է. «Դա հասկանալու համար ընդամենը պետք է նայել նախագծում ընդգրկված երեխաներին, որոնց դեմքին ժպիտ, ուրախություն ու կյանք կա. դա նախագծի ամենամեծ նպատակն է,- ասում է կոմպոզիտորների միության նախագահը,- հուսով եմ, որ եկող տարի այն ավելի հետաքրքիր կլինի և ավելի շատ երեխաներ ընդգրկված կլինեն»:

2014-08-28-16.39

Իսկ միջոցառման մասնակից երեխաները երգելու, պարելու, նկարելու հետ մեկտեղ չէին մոռանում նաև փոքրիկ թղթերի վրա գրել իրենց երազանքների ու ցանկությունների մասին ու ամրացնել դրանք ստեղծագործական տան առջևի ծառերից մեկի ճյուղերից:

Երեխաների ցանկությունները որքան նման, նույնքան էլ տարբեր էին: Նրանցից մեկն, օրինակ, սեփական տուն և հարյուր հազար դոլար էր ցանկանում ունենալ, մյուսը՝ անհոգ օրեր, առողջություն, երջանկություն և մեկ միլիոն դոլար, երրորդը՝ «Ես ուզում եմ, որ աշխարհում խաղաղություն լինի, սեր, առողջություն, փոքրերին՝ անհոգ մանկություն, ինձ էլ՝ մինի այփադ»: Երեխաներից միայն մեկն էր երազում զինվոր դառնալու մասին, մեկ ուրիշն էլ ցանկանում էր, որ աշխարհի բոլոր երեխաներն առողջ լինեն ու միշտ ժպտան:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Իրականու բոլորը երազում են Հայաստանից փախչելու մասին:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031