Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն է տարածվել, իբր սկավառակների առևտրով զբաղվող «Ադամս» ընկերությունը համագործակցում է ոստիկանության հետ, ինչի շնորհիվ շուկայում մենաշնորհ կարգավիճակ է ձեռք բերել:
Ապատեղեկատվությունը բացառելու նպատակով ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ 2014 թ. մայիսի 14-ին «Ադամս» ՍՊԸ-ի տնօրենը ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ Երևան քաղաքի մի շարք վաճառակետերում վաճառվում են բացառիկ հեղինակային իրավունքով «Ադամս» ՍՊԸ-ին պատկանող «DVD», «MP3» ֆորմատով սկավառակներ, ինչի արդյունքում խախտվում է ընկերության հեղինակային իրավունքը: Ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ այդ վաճառակետերը գտնվում են Սվաճյան 12/7 և Սվաճյան 12/7-52 հասցեներում:
Նախապատրաստված նյութերով ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում հունիսի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 158 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Հունիսի 24-ին որոշում է կայացվել «Ադամս» ՍՊ ընկերությանը` տուժող, իսկ ընկերության տնօրենին` տուժողի ներկայացուցիչ ճանաչելու մասին: Ընկերության տնօրենը ցուցմունք է տվել, որ մի շարք մուլտֆիլմերի, տեսահոլովակների ու ֆիլմերի բազմացումն ու վաճառքը ՀՀ տարածքում հեղինակային բացառիկ իրավունքով պատկանում են «Ադամս» ՍՊԸ-ին:
Օգոստոսի 20-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 19.08.2014 թ. որոշման հիման վրա Երևան քաղաքի Սվաճյան 12/7-52, Հասրաթյան 6 և Ծերենցի 5 հասցեներում կատարվել են խուզարկություններ, հայտնաբերվել և առգրավվել են տարբեր ֆորմատի լազերային սկավառակներ և համակարգիչ: Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
Նախաքննությունը վարում է ոստիկանության Մալաթիայի քննչական բաժինը:
ՀՀ Ոստիկանություն