ԼՂՀ արտաքին գործերի նախարարի պատասխանը Մեդիամաքս գործակալության հարցին
Հարց. Նախօրեին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատն ընդունել է ԼՂՀ անկախությունը եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձեւ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս բանաձեւի ընդունումը, ի՞նչ զարգացումներ այն կբերի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացում:
Պատասխան. Ողջունում եմ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատ և անկախ պետություն կառուցելու շարունակական ջանքերին հավանություն տվող ու սատարող բանաձևի ընդունումը։
Կարդացեք նաև
Բանաձեւը գալիս է փաստելու այն պարզ իրողությունը, որ այսօր քաղաքակիրթ հասարակությունը բարձր է գնահատում պետականաշինության գործընթացում Արցախի ունեցած ձեռքբերումները եւ ավելի ու ավելի է հանգում այն համոզման, որ ԼՂՀ-ն եւ նրա ժողովուրդն արժանի են դառնալ միջազգային հանրության լիարժեք անդամ:
Բանաձեւի ընդունումը նաեւ հստակ ազդանշան է առ այն, որ Ադրբեջանի փորձերը՝ խափանելու Արցախի ժողովրդի եւ իշխանությունների ջանքերը՝ կերտել ազատ եւ ժողովրդավարական պետականություն, ապարդյուն են։
Համոզված եմ, որ ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացն ունենալու է իր տրամաբանական շարունակությունը՝ ապահովելով Արցախի ժողովրդի իղձերի իրականացումը: