«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը ՍԴ-ում վիճարկելու հարցում ոչ իշխանական քառյակի կարծիքները կիսվել են: ՍԴ-ում օրենքը վիճարկելուն կողմ են ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն, իսկ «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը դեմ են իրենց գործընկերների այս նախաձեռնությանը: ՀԱԿ-ը ներկայացրեց իր հիմնավորումը, որը մասնավորապես այսպես էր ձևակերպված. «Մեր դիրքորոշումը հետեւյալն է. մենք աննպատակահարմար ենք գտնում դիմել ՍԴ, որովհետեւ ակնհայտ է, որ ՍԴ-ն գործում է որպես իշխանությունների կցորդ եւ ընդամենը ապահովում է կառավարության կամ իշխանության քաղաքականությունը սահմանադրականությանը կեղծ ձեւով համապատասխանեցնելու գործին, եւ մենք իմաստ չենք տեսնում դիմելու ՍԴ, որովհետեւ դրանով ոչ մի բան չի լուծվելու, լուծվելու է ժողովրդի ճնշմամբ»:
Aravot.am-ը ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանից հետաքրքրվեց՝ մտավախություն չունի՞, որ ՀԱԿ-ի այս որոշումը պառակտում կմտցնի քառյակի ներսում: Նա պատասխանեց. «Իհարկե, նման մտավախություն չունեմ: Քառյակի անդամ յուրաքանչյուր կուսակցություն ազատ է իր համար սկզբունքային հարցերում որդեգրելու այն քաղաքականությունը, որն ինքն է ճիշտ համարում՝ չպարտադրելով մյուսներին: Եթե ՀԱԿ-ն այդպես է գտնում, դա նրա քաղաքական սկզբունքային դիրքորոշումն է, մենք բոլորս հարգում ենք սեփական դիրքորոշումները»: Քառյակի պառակտման մտավախության մասին պարոն Մելքումյանն ասաց. «Բայց ինչո՞ւ դա պետք է պատճառ դառնա քառյակի լուծարման: Քառյակն ունի հեռանկարային լուրջ օրակարգ, դա չի կարող խանգարել: Ես դա տակտիկական հարց եմ համարում և ոչ ռազմավարական»:
Մեր հարցին՝ արդյոք հիմնավո՞ր է ՀԱԿ-ի այն մոտեցումը համաձայն որի՝ աննպատակահարմար է դիմել ՍԴ, քանի որ այն իշխանությունների կցորդն է, պարոն Մելքումյանն այսպես արձագանքեց. «Ինչո՞ւ ես պետք է մեկնաբանեմ ՀԱԿ-ի դիրքորոշումը: Դա որևէ կերպ չի խաթարում քառյակի որդեգրած գործունեությանը, առավել ևս դրանք ընդամենը տակտիկական հարցեր են, ոչ թե ռազմավարական»: Պարոն Մելքումյանը վստահեցրեց, որ ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի միջև նեղացվածություն չկա՝ հիմնավորելով, թե նեղանալը քաղաքական կատեգորիա չէ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև