Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհների դեպքերը Կապանում շատացել են.վերջին մեկ ամսում 35 դեպք

Օգոստոս 28,2014 17:30

Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Հարությունյանն այսօր Սյունիքի մարզպետարանում կազմակերպված «Անտառային հրդեհների կանխարգելում, հրդեհաշիջում և հետևանքների վերացման կազմակերպում» թեմայով խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց, որ վերջին ամսվա ընթացում միայն Կապանում անտառային եւ խոտածածկ տարածքների 35 հրդեհի դեպք է գրանցվել:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության պետ Գարիկ Միրզոյանն էլ հավաստիացրեց, որ Կապանի անտառտնտեսության կողմից սպասարկվող տարածքներում այս տարի հրդեհի դեպքերը շատացել են, որոնք հիմնականում մարդածին գործոնների եւ ջերմաստիճանի բարձրացմամբ են պայմանավորված:

Կապանում խորհրդակցությունն անցկացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2014 թվականի հիմնական միջոցառումների պլանի համաձայն:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի խորհրդական Վլադիմիր Ավետյանը  քննարկմանը ներկա համապատասխան կառույցների աշխատակիցներին եւ համայնքների ղեկավարներին խնդրեց ազգաբնակչությանը իրազեկել, որ այլեւս խոտածածկ տարածքներն այրել չի թույլատրվում: Եթե նախկինում կառավարության համապատասխան որոշմամբ թույլատրվում էր սահմանված կարգով ու հսկողության ներքո դա անել, ապա այսօր բնության պահպանության մասին օրենքով այն կտրականապես արգելվում է: Խորհրդակցության կազմակերպիչները նշեցին, որ հրդեհների առաջացման մեծ մասը հիմնականում առաջանում են գյուղատնտեսական տարածքների հրկիզման հետեւանքով:

«Հանրապետությունում 2010թ.-ին ընդհանուր առմամբ 49 դեպք է գրանցվել, որից 3-ը` Սյունիքում, 2011թ.-ին` 53 դեպք, Սյունիքում` 3 դեպք, 2012թ.-ին գրանցված 59 դեպքից 3-ը կրկին Սյունիքի մարզում էր գրանցվել: 2013 թվականին հրդեհների նվազում է եղել, գրանցվել է 20 դեպք, որից 2-ը Սյունիքում` ընդհանուր 4 հա տարածքում: Հրդեհի 1 դեպք գրանցվել էր Սյունիքի անտառտնտեսությունում : 0.52 հա անտառածածկ տարածքում այրվել է 202 հատ սոճենի եւ մասնակի այրվել է 100 հատ խնձորենի: 2006թ.-ին Մեղրիում 190 հա տարածք է այրվել, 90 հա գիհուտներ էլ վառվեցին Կապանի անտառտնտեսությունում, որի վերականգնումը բավականին դժվար է: Կապանի եւ Մեղրու հրդեհների հետեւանքով 500 մլն-ի վնաս է հասցվել պետությանը», տեղեկացրեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառների պահպանության եւ պաշտպանության բաժնի պետ Արտաշես Մանասերյանը եւ կարեւորեց համայնքի ղեկավարների, արտակարգ իրավիճակների նախարարության ու անտառտնտեսության աշխատակիցների համագործակցությունը տվյալ հարցում:

Քննարկման ժամանակ տարբեր կարծիքներ հնչեցին, որ անհրաժեշտ է բնակչության հետ կանխարգելիչ աշխատանքներ տանել, հրդեհների արձանագրման ու արագ արձագանքման համար անտառտնտեսության աշխատակիցների հետ կապվելու համար թեժ գիծ բացել կամ նրանց հետ կապն ավելի հասանելի դարձնելու տարբերակներ մտածել եւ այլն:

Մասնակիցներից մեկն էլ ընդգծեց, որ նման քննարկումները պետք է կազմակերպվել մայիսի վերջին կամ հունիսի սկզբին, ոչ թե մի քանի տասնյակ հրդեհների արձանագրումից հետո: Իսկ գյուղապետերն էլ առաջ քաշեցին գյուղացիներին մտահոգող խնդիրները:
«Արոտների բարելավման լուրջ խնդիրներ կան համայնքներում, թփերով պատված են մեր արոտները, ինչը նույնպես նպաստում է հրդեհի տարածմանը: Արոտներով քայլել հնարավոր չէ, ուստի անասնատերը փորձում է ազատվել դրանից, հասկանում ենք հրդեհը չարիք է, բայց արոտների խնդիրն ավելի մեծ չարիք է», – ասաց Կապանի տարածաշրջանի Վերին Խոտանանի գյուղապետ Կարեն Հակոբյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031