Այսօր կառավարության նիստից հետո բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանից լրագրողները հետաքրքրվեցին վերջերս բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետի ձերբակալության մասին:
«Դա հին աշխատանքների հետ կապված խնդիր է, այսօր իրավապահ մարմինները քննարկում են: Առաջիկայում մեզ կներկայացնեն, մենք էլ ձեզ կտեղեկացնենք»,-ասաց նախարարը:
Ճշտող հարցին, թե` դրանք նախկի՞ն նախարարի օրոք կատարված չարաշահումներ են, պարոն Գրիգորյանն ասաց, որ, այո, դրանք հին գործեր են:
Արամայիս Գրիգորյանի ներկայացմամբ` երբ ինքը նշանակվել է նախարար, իր խոսքերով ասած` ցրել է արագ արձագանքման խումբը. «Հիմնականում խնդիրը, երեւի թե, դրա հետ է կապված: Բայց չեմ ուզում ավել բան ասեմ, որովհետեւ տեղեկացված չեմ: Չեմ կարող ոչ մեղադրել այդ աշխատակցին, ոչ էլ` արդարացնել, քանի որ, նորից եմ կրկնում, այսօր քննչական մարմինները կատարում են իրենց աշխատանքը»:
Կարդացեք նաև
Իսկ արագ արձագանքման խմբին նախարարը ցրել է, քանի որ գտնում է, որ բնապահպանության տեսչության կազմում նման խումբ պահելն ավելորդ էր, իմաստ չուներ: Ճշտող հարցին` այսինքն` նախկին նախարարը ուռճացրե՞լ է աշխատակազմը, ավելորդ աշխատակիցնե՞ր է ընդունել, պարոն Գրիգորյանն ասաց, որ այդ հարցն իրեն չպիտի ուղղել:
Aravot.am-ի հարցին էլ` պարզե՞լ է արդյոք նախարարը, գուցե այդ ավելորդ աշխատակիցները նախկին նախարարի ազգականները կամ ծանոթ-բարեկամներն են եղել, նախարարը նորից ասաց, որ այս հարցն էլ իրեն չի վերաբերում:
Հարցին էլ` թե ինչպե՞ս է ստացվում, որ այդպիսի բացահայտումները սահմանափակվում եմ միջին օղակի պաշտոնյաներին ձերբակալելով, եւ բարձրանում վերեւ, Արամայիս Գրիգորյանը հորդորեց այդ հարցն էլ ուղղել իրավապահ մարմիններին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ