Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մանկատները բիզնես են, իսկ բիզնեսից զրկվել ոչ ոք չի ցանկանում». ի՞նչն է խոչընդոտում Հայաստանում խնամատարության ինստիտուտի զարգացմանը

Օգոստոս 28,2014 16:23

Մանկատներն անհրաժեշտություն են, թե՞ որոշ անձանց բիզնեսի հնարավորություն, որն էլ խոչընդոտում է Հայաստանում խնամատարության ծրագրերի զարգացմանը: Այս հարցը հաճախ ծագում է, երբ ուսումնասիրում ես մանկատների բեռնաթափման գործընթացը, որը չնայած կառավարությունը գերակա խնդիր է հայտարարել, սակայն գրեթե տասը տարի լուրջ տեղաշարժեր չեն արձանագրվում:

Suren-Vardumyan

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ուսումնասիրությունը փաստում է, որ երկրի մոտ 40 խնամքի հաստատություններում (մանկատներ, ցերեկային խնամքի կենտրոններ, գիշերօթիկ հատուկ դպրոցներ) ապաստանած շուրջ 4000 երեխաների 80 տոկոսն ունի առնվազն մեկ ծնող և նրանց հիմնական մասը հաստատություններում են հայտնվել սոցիալական խնդիրների պատճառով: Ինչպես բնորոշում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետազոտությունը Հայաստանում հիմնականում «սոցիալական որբեր» են և «մանկատների բեռնաթափման» ծրագիրը, երեխաներին հնարավորություն պետք է տար վերադառնալ կենսաբանական կամ խնամատար ընտանիքներ ու ստանալ ընտանեկան ջերմություն, սակայն խնամքի կենտրոններում երեխաների թիվը գրեթե չի պակասում:

2005-ին «Երեխան պետք է ապրի ընտանիքում» կարգախոսով, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկությամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ֆինանսական օժանդակությամբ Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) Երեխաների աջակցության կենտրոնն իրականացրեց խնամատար ընտանիքների փորձնական ծրագիրը, որի շնորհիվ այսօր մանկատան 25 երեխա ապրում է խնամատար ընտանիքում:
Լոռու մարզի համայնքներից մեկի բնակչուհի, տիկին Աստղիկը (անունը փոխված է) խնամատարության ծրագրի առաջին շահառուներից է, ով 8 տարի առաջ իր ընտանիք ընդունեց 12 տարեկան տղայի՝ լիովին փոխելով ոչ միայն իր և ամուսնու անզավակ կյանքը, այլև փոխելով մանկատանը մեծացող երեխայի անորոշ ճակատագիրը:
«Ես ու ամուսինս երկար տարիներ զրկված էինք երեխա ունենալու բերկրանքից ու երբ 2006-ին իմացանք ծրագրի մասին, անմիջապես դիմեցինք, և արդեն 8 տարի մենք էլ ենք ծնող»,-պատմում է տիկին Աստղիկը, ում խնամատարության ներքո մեծացող տղան արդեն 20 տարեկան է:

Տիկին Աստղիկը շարունակում է մայրական հոգածությունը, չնայած խնամատարությունը նախատեսված է մինչև 18 տարեկանը:

«Սա շատ լավ ծրագիր էր, սակայն շատ արագ անտեսվեց պատասխանատուների կողմից, պետությունը տվեց մեզ ու մոռացան, թե՛ մեզ, թե՛ երեխային, ո՛չ այցելում են, ո՛չ զանգահարում: Հայտնի չէ, թե 18-ից հետո ինչ պետք է լինի նրանց հետ, եթե նրանք նորից հետ գնան, կրկնակի տրավմայի կենթարկվեն»,- ասում է խնամատար մայրը:
Խնամատարության այս ծրագիրը դեռ շատ երեխաների պետք է երջանկացներ, սակայն կարճ ժամանակ անց սառեցվեց՝ ֆինանսների բացակայության պատճառաբանությամբ, չնայած այն շատ ավելի քիչ ծախսատար էր, քան մանկատների և խնամքի այլ հաստատությունների ծառայությունները:

Մանկատներին բյուջեից տրամադրվում է տարեկան մոտ 1 միլիարդ 700 միլիոն դրամ (մոտ 4 մլն դոլար), չհաշված սփյուռքահայ և տեղացի բարերարների հանգանակությունները: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետազոտությունը փաստում է, որ կառավարությունը մանկատան կամ հատուկ հաստատությունների ամեն մի երեխայի համար միջինը տարեկան ծախսում է 4000 դոլար, մինչդեռ խնամատար ընտանիքում ապրելու դեպքում այդ ծախսը կկրճատվի մինչև 2500 դոլար, ու պետությունը կկարողանա տարեկան 1,8 մլն դոլար տնտեսել:

Գրեթե նույն ժամանակահատվածում մեկնարկած ծրագիրը Վրաստանում արդեն լուրջ հաջողություններ է արձանագրել և 800 երեխա այսօր ապրում է խնամատար ընտանիքներում, իսկ պետությունն էլ տարեկան խնայում է մոտ 3,5 մլն դոլար:
«Կառավարությունն իսկապես բավական ակտիվ իրականացնում է ծրագրեր, որոնց արդյունքում ի վերջո հաստատությունների վերակազմավորումն է լինելու և բեռնաթափումը, սակայն դա երկար գործընթաց է,- ասում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի ղեկավար Լենա Հայրապետյանը:

«Իսկ Վրաստանի հաջողությունների կողքին կան նաև խնդիրներ: Մեր գործընկերները ահազանգում են, որ բավական մեծացել է մուրացիկ երեխաների թիվը, մենք փորձելու ենք նման զարգացումները կանխել,- հավելում է Հայրապետյանը:

Այս տարի պատասխանատուները խոստանում են նոր թափով զարգացնել խնամատարության ծրագիրը: Անցյալ ամիս կայացած «Միասին հանուն երեխաների» հանրային քննարկման ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ խնամատար ընտանիքների շնորհիվ հնարավոր կլինի 50-60 տոկոսով բեռնաթափել մանկատներն ու հատուկ դպրոցները:

«Մենք պիտի ամեն ինչ անենք, որպեսզի երեխաներն ընտանեկան միջավայրում մեծանան: Իհարկե, ամենացանկալին է, որ դա լինի կենսաբանական ընտանիքը, եթե հնարավոր չէ, ապա՝ խնամատար ընտանիքներում կամ, գոնե, ընտանեկան պայմաններին մոտ միջավայրում»,-ասել էր նախարարը:

Սակայն, բնագավառում ընդգրկված մասնագետները թերահավատ են, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը հինգ տարի խորհրդարանում բարձրացնում էր մանկատների բեռնաթափման խնդիրը, սակայն, ըստ նրա, այս հարցը լուծում կստանա միայն «կոռուպցիան վերացնելու դեպքում»:

«Թե՛ երեխայի շահերի պաշտպանության, և թե՛ պետության համար ֆինանսական առումով խիստ նպատակահարմար է խնամատարությունը, սակայն շատ պարզ տրամաբանությամբ այս ծրագիրը չի կայանում՝ այն չի բխում այդ գերատեսչության և մանկատների ցանցում աշխատողների շահերից, դա ուղղակի կոռուպցիայի աղբյուր է, պարզ չէ թե պետության տված գումարի քանի տոկոսն է երեխայի վրա ծախսվում,-ասում է Բախշյանը:

2012-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ստուգումները պարզեցին, որ մանկատներում պետական գումարների մսխումը «բավական մեծ չափերի է», որոշ ապրանքներ գնվել են շուկայական գներից մոտ 200 տոկոսով թանկ:
«Հայաստանում հրաշալի օրենքներ են, 2006-ից նոր բարեփոխումներ են այս ոլորտում իրականացվում, պրոտոկոլային մասը, ցուցադրական հատվածն արվում է հրաշալի, մինչդեռ իրականությունն այլ է, իրականության մեջ հաճախ դեռ խորհրդային շրջանում ենք, հաստատությունների անուններն են փոխվում, բայց երեխաների թիվն աճում է, ինչ բեռնաթափման մասին է խոսքը, եթե ամեն ինչ արվում է նույն կազմով, մարդկանցով ովքեր շահագրգռված են հենց այդ հաստատությունների գոյությամբ»,- ասում է հոգեբան, «Արևամանուկ» ընտանիքի և երեխայի խնամքի հիմնադրամի ղեկավար Արմինե Գմյուր-Կարապետյանը:

Բախշյանն էլ վստահ է, որ բեռնաթափման ծրագիրը չի իրականանա այնքան ժամանակ, քանի դեռ մանկական խնամքի բոլոր հաստատությունները ֆինանսավորվում են ըստ երեխաների թվաքանակի:

«Այդ դեպքում տնօրենին ձեռնտու է, որ շատ երեխա լինի, որպեսզի շատ գումար ստանա և փոխանակ ծնողի հետ աշխատանք տարվի, որ նա երեխային մանկատուն չբերի, արվում է հակառակը` հնարավորինս հեշտացվում է այդ ճանապարհը»,-ասում է Բախշյանը՝ հավելելով, «մանկատները բիզնես են, իսկ բիզնեսից զրկվել ոչ ոք չի ցանկանում»:

Գոհար ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Հեռախոս: +37498 566 886

Էլ. հասցե: [email protected]

Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031