«Ըստ նախարարի հայտարարության` Հայաստանում 25 հազար դրույք կա, դա նշանակում է` 25 հազար մարդ, եթե ամեն ինչ օրինական է, կարող է ծանրաբեռնվել 22 ժամով, բայց գործում են 45 հազար ուսուցիչներ»,- այսօր` օգոստոսի 28-ին, «Արմատ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը:
Նրա կարծիքով` ստեղծված իրավիճակը վկայում է նրա մասին, որ դպրոցներում կա կադրերի ավելցուկ: Տիկին Բախշյանը համարում է, ուսուցչի նկարագրի համապատասխանող եւ օպտիմալ ուսուցիչների թիվ ունեցող տնօրենը անպայման հաջողության կհասնի.
«Տնօրենները պետք է հիշեն, որ իրենք սոցիալական խնդիրներ չեն լուծում, իրենք չպետք է մտածեն, որ այս ինչ ուսուցիչը վարկ ունի, արի’ ես իրեն մի 2 ժամ ավել տամ, այն ինչ ուսուցիչը վարկ ունի այդ երեխաների հոգսն ինչպե՞ս հոգա, տնօրենի խնդիր չէ: Տնօրենի խնդիրը մեկն է` դպրոցն ապահովել մանկավարժներով, որոնք գիտակ են, նվիրյալ են, ծառայում են իրենց գործին»:
Անահիտ Բախշյանը համարում է, որ ուսուցիչների աշխատավարձներն ուղիղ համեմատական են այս քաղաքականությանը` ինչքան օպտիմալ է ուսուցիչների թիվը դպրոցում, այնքան ուսուցիչների աշխատավարձը բարձր է.
«Եթե այդ թիվն օպտիմալ չէ, պետությունն էլ ասում է` ոչ մի լումա բյուջեից ավելի չեմ տալու, որպեսզի դու աշխատավարձները բարձրացնես, ինչպես արեց այս տարի, ուրեմն` ոչ մի ուսուցիչ չպետք է ակնկալի, որ իր աշխատավարձը կբարձրանա: Այդ 9 տոկոս հայտարարված բարձրացումը պետական բյուջեն չունի»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ