Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անհայտ կորածները չպետք է մոռացվեն

Օգոստոս 28,2014 16:01

Ժնև (ԿԽՄԿ) – Օգոստոսի 30-ի՝ Անհայտ կորածների միջազգային օրվան ընդառաջ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) կոչ է անում միջազգային հանրությանը՝ ավելի մեծ ուշադրություն դարձնել անհայտ կորած անձանց ողբերգության, ինչպես նաև այն իրավիճակի հանդեպ, որում հայտնվել են նրանց ընտանիքները։ Աշխարհի բոլոր վայրերում կան հարյուր հազարավոր անհայտ կորած անձինք՝ զինված հակամարտությունների, բնական աղետների կամ միգրացիայի հետևանքով։ Յուրաքանչյուր անհայտ կորած իր հետևում թողնում է բազմաթիվ տառապող անձանց, ընտանիքի անդամների՝ կատարվածի մասին անորոշության կսկիծը սրտներում։

«Անհայտ կորածների դեպքում կան երկու տեսակի տուժածներ․ անհայտ կորած անձը և նրա ընտանիքի անդամները, որոնք դեգերում են հույսի և հուսալքության, անորոշության և ցավի միջև, երբեմն տասնամյակներ շարունակ սպասելով որևէ լուրի»,- ասում է Մարիան Պիկասուն՝ անհայտ կորածներին և նրանց ընտանիքներին ուղղված ԿԽՄԿ ծրագրերի ղեկավարը։ Չնայած որ ամեն ինչից առավել ընտանիքները կարիք ունեն պարզելու իրենց հարազատի հետ կատարվածը, այնուամենայնիվ, իրենց անհայտ կորած սիրելիի հիշատակը պատշաճ կերպով հարգելու կարիք ևս ունեն։ «Նրանք պայքարում են մոռացության դեմ։ Հիշատակման արարողությունների միջոցով ընտանիքների տառապանքը ճանաչում է ստանում հանրության կողմից, լսելի է դարձնում նրանց ձայնը և դուրս է բերում մեկուսացումից»,- ասում է տիկին Պիկասուն։

Որոշ վայրերում անհայտ կորածների թիվն ապշեցնող է։ Օրինակ Կոլումբիայում սկզբնապես հայտարարված 90,000-ից 68,000-ից ավելին դեռևս մնում են անհայտ կորած։ Շրի Լանկայում դեռևս չբացահայտված է մնում 16,000 մարդու ճակատագիր։ Պերուում անհետացել է 13,000-16,000 մարդ, և նրանց ընտանիքները դեռ սպասում են լուրի։ Բալկաններում հակամարտության հետևանքով անհայտ կորած է համարվում ավելին քան 11,000 մարդ՝ ԿԽՄԿ-ի ցուցակներում գրանցված 35,000-ից։

«Համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի՝ պետությունները պարտավոր են ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները պարզելու անհայտ կորած անձանց ճակատագրերը և գտնվելու վայրը և այդ մասին տեղեկացնել նրանց ընտանիքներին»,- ասաց Քրիստին Բիիրլին՝ ԿԽՄԿ-ի փոխնախագահը, ԿԽՄԿ-ի կենտրոնական գրասենյակում կազմակերպված հիշատակման միջոցառման ժամանակ, որին ներկա էին գտնվում կառավարության ներկայացուցիչներ, Ժնևում գործող մարդասիրական և դիվանագիտական կառույցների անդամներ։

ԿԽՄԿ-ին մշտապես մտահոգում է այն հարցը, որ անհայտ կորածները և նրանց ընտանիքները հաճախ անտեսված են։ Կազմակերպությունը ներկայումս փորձում է պարզել 52,000 մարդու ճակատագիրը և գտնվելու վայրը։ «Այս թիվը սառցաբեկորի գագաթն է միայն, քանի որ սրանք այն դեպքերն են, որոնց համար հարազատները դեմել են ԿԽՄԿ-ին։ Գիտակցում ենք, որ աշխարհում իրական թիվը շատ ավելի մեծ է», – ասում է տիկին Պիկասուն։ Անմիջականորեն անհայտ կորած անձանց ընտանիքների հետ աշխատելուց բացի, ԿԽՄԿ-ն կարևոր դերակատարություն ունի այս հիմնահարցը հանրային օրակարգ մտցնելու գործում։ Կազմակերպությունը խրախուսում է իշխանություններին՝ միջոցներ ձեռնարկել անհայտ կորած անձանց որոնելու և նրանց ընտանիքների կարիքներին արձագանքելու ուղղությամբ։

Անհայտ կորածների միջազգային օրվա կապակցությամբ ԿԽՄԿ-ն ներկայացնում է նոր տպագիր նյութ՝ «Ապրելով բացակայի հետ․ օգնություն անհայտ կորածների ընտանիքներին»։ Այն բացահայտում է անհայտ կորածների ծանր փորձությունները, ընտանիքների բազմաթիվ կարիքները և նկարագրում ԿԽՄԿ-ի իրականացրած թիրախային ծրագրերը։ Նյութը տպավորիչ դարձնելու համար մեջբերված են նաև ընտանիքների անդամների խոսքեր։

Ղարաբաղյան հակամարտության արդյունքում Հայաստանում գրանցվել է ավելի քան 400 անհայտ կորած մարդ։ Դեռ 1992թ․-ից իր մարդասիրական գործունեությունը տարածաշրջանում սկսելուց ի վեր՝ ԿԽՄԿ-ն սերտ համագործակցում է իշխանությունների հետ՝ անհայտ կորած անձանց ճակատագիրը պարզելու և նրանց ընտանիքների կարիքները հոգալու նպատակով։

Սատարելով իշխանությունների ջանքերին՝ անհայտ կորածների ճակատագրի վերաբերյալ ընտանիքներին տեղեկատվություն տալու հարցում, ԿԽՄԿ-ն իրականացնում է մանրամասն տվյալների հավաքագրման ծրագիր։ Այն ներառում է անհայտ կորածների ընտանիքների անդամներից կենսաբանական նմուշների հավաքում, ինչը թույլ կտա մեծացնել աճյունների նույնականացման հավանականությունը։ ԿԽՄԿ-ն նաև սատարում է համապատասխան կառույցներին՝ այդ հիմնախնդրի առնչությամբ իրավական դաշտ ստեղծելու հարցում։

Կազմակերպությունն աշխատում է հանրապետության ողջ տարածքում բնակվող անհայտ կորածների ընտանիքների հետ՝ նրանց տրամադրելով նյութական օժանդակություն տների վերանորոգման համար, ինչպես նաև միկրոտնտեսական ծրագրի շրջանակներում աջակցելով նրանց՝ փոքր բիզնես ձեռնարկելու և մասնագիտական հմտություններ ձեռք բերելու գործում։ Հայկական Կարմիր խաչի ընկերության և տեղի գործընկերների հետ համատեղ ԿԽՄԿ-ն ընտանիքներին տրամադրում է նաև սոցիալ-հոգեբանական աջակցություն՝ օգնելով նրանց հաղթահարել կորստի ցավը և լուծել իրենց առջև ծառացած առողջական, իրավական և սոցիալական խնդիրները։

ԿԽՄԿ մամուլի հաղորդագրություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031