Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. «Մինչեւ դպրոցի անձնակազմը չվերապատրաստվի, այն չի կարող ներառականի կարգավիճակ ունենալ»

Օգոստոս 28,2014 15:53

«Ներառական կրթությունը դրսից բերված գաղափարախոսություն չէ»,- այսօր՝ օգոստոսի 28-ին, «Արմատ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը:

Նրա խոսքերով`ներառական կրթությունն հայտնի է ազգային մանկավարժության պատմության մեջ, եւ տարբեր ժամանակաշրջաններում հայտնի հայ մանկավարժները ներառական կրթություն են իրականացրել:

Տիկին Բախշյանը համարում է, որ հայ հասարակությունը հիմա ավելի հանդուրժողական է եւ պատրաստ է դպրոցում տեսնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին:

Նա ներկաներին տեղեկացրեց, որ Տավուշի մարզի 77 դպրոցները ներառական են, եւ այդպիսով Տավուշի մարզի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները կարող են հաճախել իրենց գյուղի կամ քաղաքի դպրոցները:
«Ներառական կրթության Տավուշի փորձը դրված է այն օրենքի նախագծի հիմքում, որն այսօր Ազգային ժողովում է: «Հանրակրթության մասին» օրենքի մեջ առաջարկվող փոփոխությունները ենթադրում են Հայաստանում կրթության ոլորտը համընդհանուր ներառական հայտարարել: Արդեն տարի ու կես այնտեղ է, տեղում դոփում է, նախարարը խոստացել է, որ այս աշնանային նստաշրջանում անպայման կլսվի եւ կընդունվի այդ օրենքը, որը շատ կարեւոր է»:

Անդրադառնալով ներառական դպրոցների խնդիրներին` Անահիտ Բախշյանը նշեց, որ շատ ֆիզիկական պայմաններ են անհրաժեշտ, բայց Հայաստանի Հանրապետության դպրոցները պատրաստ չեն ու չունեն համապատասխան հարմարությունները: Նա ակնհայտ է համարում, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներն իրենց ներկայությամբ պահանջում են այդ փոփոխությունները, եւ իշխանությունները ուզեն, թե չուզեն, պետք է այդ փոփոխություններն անեն:
«Սա ասում է միայն մի բանի մասին, որ մեր իշխանությունը հայրենասիրության մասին ընդամենը խոսում է, բայց ինքն իր գործողություններով, անգամ այն դեպքում, երբ օրենքը պահանջում է, այդ գործողություններին չի գնում: Այո՛, պայմանները բավարար չեն, մանկավարժները պատրաստված չեն, մինչեւ դպրոցի անձնակազմը չվերապատրաստվի դպրոցը չի կարող ներառականի կարգավիճակ ունենալ, բայց ասել, որ այդ վերապատրաստումը բավարար է, որպեսզի դպրոցի ուսուցիչները պատրաստ լինեն դրան, ո’չ, այդպես չէ : Այդ երեխաները իրենց ներկայությամբ սովորեցնում են, նրանք մինչեւ չմտնեն դպրոց, ուսուցիչները տեսականորեն իրենց սովորածները չեն կարող կիրառել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031