Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց գիրը

Օգոստոս 28,2014 15:32

Մեր երկրում մի զարմանալի երևույթ է նկատվում: Պաշտոնապես կարծես բոլորը հայրենասեր են, բայց առաջին իսկ հնարավորության դեպքում շատերը փախչում են երկրից: Բոլորը սիրում են Հայաստանը, բայց երբ խոսեցնես՝ «արա, էսի երկիր չի», չեն սիրում իբր քաղաքական պատճառներով՝ ոչ լեգիտիմ իշխանություն և այլն, բայց հաճախ, իրականում, հենց ուղղակի չեն սիրում և վերջ: Բոլորը իբր սիրում են մեր հայոց լեզուն՝ բարձրագոչ ասված «մայրենին», բայց շատերը անթաքույց հենց ուղղակի չեն սիրում, երեխաների հետ միայն ռուսերեն են խոսում, հնարավորության դեպքում նրանց կխցկեին ռուսական և այլ դպրոցներ, և դեռ ծաղրում են հայերենը որպես ինքնահնար բառերի կույտերով հագեցած մի հավաքածու: Բոլորը իբր սիրում են մեր մշակույթը և գրականությունը, բայց շատերը անթաքույց արհամարհանքով են վերաբերում դրանց՝ անմակարդակ ու թույլ համարելով փառաբանվող բանաստեղծներին, գրողներին, ռեժիսորներին և այլ արվեստագետներին: Բոլորը իբր սիրում են մեր բանակը, տղաները իբր հաճույքով են գնում ծառայելու, բայց ում հարցնես կխոսի միայն բանակում տիրող կոռուպցիայից, անկարգությունից և իր երեխային ծառայությունից ազատելու մտադրությունից:

Այս երկրորդ, ոչ պաշտոնական տեսակետները, զարմանալիորեն, հասարակության մեջ, մամուլում և այլուր, համարյա չեն շոշափվում: ԶԼՄ-ներում թագավորում է ստանդարտ «հայրենասիրական» ոգին, իսկ քննադատությունը, հաճախ անտանելի «մակարդակով», կա ընդդիմադիր հրատարակություններում և միայն պետական գործիչների ու իշխանության հասցեին, հիմնականում քաղաքական՝ ինչպես ասվեց, ոչ լեգիտիմ, անօրեն՝ ոչ «օրինակարգ» լինելու մեղադրանքներ և նման բաներ:

Ի՞նչ են հայոց գրերը: Ամեն մի տառը մի զինվոր, որը պահպանել ու փրկել է մեր ժողովրդին թշնամի հորդաների դեմ կյանքի ու մահվան հազարամյա պայքարում: Ամենամեծ հայի՝ Մեսրոպ Մաշտոցի ստեղծագործությունը, մեր ինքնության ամենակարևոր ատրիբուտներից մեկը: Բանաստեղծների ստեղծագործությունների, դպրոցի դասերի թեմա, կյանքի մշտական ուղեկից, հին ու նոր մտածողների ու միմյանց մտքերին, աշխարհին ծանոթանալու բանալի և այլն, և այլն: Նաև մեր ազգային մշակույթի գեղագիտական հիմնական զարդանախշը, լեռներում կանգնեցված հուշարձան (որը քննադատում էին ամեն ինչին դեմ մշտական ընդդիմադիրները, մինչև Տոնինո Գուերրան չասած՝ «լավ է»): Եվ այլն, և այլն:

Դպրոցում, համալսարանում, պաշտոնական այլևայլ աղբյուրներում՝ «մայրենիի» հայրենասիրական մատուցում, սեր, պաշտամունք, «մեր աչքի լույս, մեր սրտի հույս» և այլն: Իսկ իրականում ինչպիսի՞ վերաբերմունք ենք տեսնում հայոց գրի նկատմամբ:
Երևանում ամենուրեք կարող եք տեսնել լատինատառ market-ներ, hotel-ներ, plaza-ներ և այլն: Ես ուշադրություն եմ հրավիրում ոչ թե «օբյեկտների» անվանումների վրա, հայերեն, անգլերեն թե չինարեն (դա այլ թեմա է), այլ հայոց գրերի օգտագործման վրա: Իբրև թե հայերենն ավելի մեծ տառերով պիտի գրված լինի, բայց այդ սկզբունքը հաճախ չի պահպանվում: Նույնն է և երկրի այլ քաղաքներում և գյուղերում: Ամեն մի քոսոտ դուքան կոչվում է մարկետ կամ նման մի բան, գրված հաճախ տառասխալներով: Մարդկանց համար մի տեսակ պարզ է դառնում, որ կարևորը լատինատառն է, market-ն ու restaurant-ը, իսկ մեր «մայրենիատառ» խանութը կամ նույնիսկ մարկետը ընդամենը գավառականություն է, անիմաստ, անմակարդակ մի բան: Դպրոցում սովորած բազում այլ անպետք բաների պես՝ դարվինիզմ, կենսաբանություն, քիմիա և այլն, մոռանալու մի բան:
Ովքեր եղել են Վրաստանում՝ ասենք, Թբիլիսիում, կարող են ասել, թե ինչ տեղ է գրավում վրացական գիրն այնտեղ: Ամենուրեք, ամեն ինչ ներկայացված է վրացերեն: Լատիներեն և, աստված մի արասցե, ռուսերեն գիրը հազվադեպ է: Քաղաքում կողմնորոշվելու համար օտարերկրյա հյուրերից շատերը արագ-արագ սովորում են վրացական տառերը, որ հիմնարկների, խանութների ու հյուրանոցների անունները կարդալով կարողանան կողմնորոշվել քաղաքում:

Խորհրդային ժամանակ մեր երկրում առաջնային հեղինակություն ուներ ռուսաց լեզուն և համապատասխանաբար՝ գիրը: Երկրի առաջատար խավի նշանակալի մասն իրենց դռների վրա ռուսերեն էին գրում իրենց ազգանունը՝ Б.Д. Мкртчян, А.П. Сагателян և այլն: Այդ սովորությունն անցել էր մյուս խավերին և նույնիսկ ավանների ու գյուղերի բնակիչներին: Դե գիտես, կարող է մեկ այլ հանրապետությունից մարդ գալ ու քեզ փնտրել, պարզ է պիտի ռուսերեն գրես: Փույթ չէր, որ այդ մարդը երբեք չէր գալիս:
Ամեն մի ժողովուրդ ձգտում է իր վերնախավի արժեքային համակարգին: ԽՍՀՄ ժամանակ մեր երկրում կար երկու՝ կուսակցական, պետական, որոշակիորեն դեպի ռուսախոսությունը հակված վերնախավ, ապա նաև՝ մշակութային՝ առաջատար բանաստեղծների, նկարիչների, դերասանների, գրողների ու գիտնականների վերնախավ: Նրանց միջև կար որոշակի հակադրություն, բայց և շատ ընդհանուր, շփման եզրեր: Մշակութային արժեքները գնահատվում էին, երկրի առաջին դեմքը սիրում էր և գիտեր դասական երաժշտություն… Նշանավոր՝ համախորհրդային ճանաչման հասած բանաստեղծները, նկարիչները, դերասանները համազգային հեղինակություն և հարգանք էին վայելում: Բացարձակապես չիդեալականացնելով սովետական անցյալը, նայենք մեր իրականությանը: Մեր երկրի վերնախավն այժմ «էլիտա» է, որը վարում «էլիտար» կենսակերպ՝ հաճախում պրիմիտիվ հաճույքների «էլիտար» վայրեր: Այդ «էլիտան», իր ճնշող մեծամասնությամբ, մշակութային չէ: Բացի այդ, թեև հաճախ հնչեցվող հայրենասիրական տեքստերին, ազգային արժեհամակարգի, ազգային մշակույթի գիտակ կամ նույնիսկ կրող էլ չէ: Ոչ շատ գրագետ պատգամավորներ, պաշտոնյաներ, գործիչներ իրենց ընտանիքներով և հովանավորյալներով: Այդ նրանց համար է, որ հայերեն գիրը գավառամտության դրսևորում է: Չէ՞ որ նրանք լինում են արտասահմանում, զարգացած երկրներում, ուր ոչ մի հայերեն տառ էլ չկա: Այդ նրանք են, որ բացարձակ անտեղյակ օտար լեզուներից, իրենց օբյեկտները կոչում են մարկետ, բուտիկ ու չգիտեմ թե ինչ, և անգրագետ կերպով գրում դրանց վրա իրենց պաշտելի անգլերեն-լատիներեն տառերը: Զարմանալի դրսևորումներ կան: Այսպես, մի օբյեկտ կոչվում է Ritzar, այսինքն՝ ռուսերեն «ասպետ» բառի լատիներեն տառադարձմամբ (անգլերեն դա կլիներ Knight), մյուսը՝ ռուսերեն Мельница, իսկ հայերեն՝ Ջրաղաց, թեև վրան քամաղաց է պատկերված:

Ըստ իս, այդ բոլորից ավելի ցուցադրական և էական է հետևյալը: Երբևիցե փորձե՞լ եք ուշադիր դիտել մեր տների, հասարակական օբյեկտների, երկրի գեղատեսիլ վայրերի ժայռերին, եկեղեցիների պատերին և այլուր գրված մանկական-խուլիգանական տեքստերը: Դրանք, ներկայումս, ճնշող մեծամասնությամբ, գրվում են հայերեն, բայց լատինական տառերով: Օրինակ, Yes sirum em qez, բայց ավելի հաճախ՝ սեփական անունները՝ Saqo + Diana, ապա՝ ավելի անդուր տեքստեր, հայհոյանքներ և այլն: Այսինքն, մեր երկրում, կիսագրագետ խուժանը, հայացքը հառած դեպի լուսեղեն հեռուն, իր հույսերը, հույզերն ու զգացմունքներն արտահայտում է պղծելով հուշարձանները և բնությունը լատինական տառերով: Ավելի քիչ կտեսնես ռուսերեն, ու մեկ-մեկ էլ, որպես ատավիզմ՝ հայերեն տառեր:

Նույնիսկ խուժանը չի ուզում իր հոգու ճիչն արտահայտել հայերեն գրերով: Ուրեմն՝ «զա պադլո» է դա՝ հեղինակություն չեն վայելում մեր գրերը: Մարդիկ, որոնք ըստ իրենց կրթության այլ տառեր համարյա չգիտեն, միևնույն է, փորձում են անցնել լատիներենին: Ուրեմն, ինչքան էլ մեր պետական գործիչները, բանաստեղծները, ուսուցիչները և այլք, ասեն, որ իրենք իրենց գործն են արել և անում, նրանք ձախողել են այդ գործը: Այո, ազգովի ձախողել ենք՝ dzakhoghel enq!
Ի՞նչ կարելի է անել դրա դեմ, եթե իսկապես շահագրգռված ենք պահպանել, զարգացնել և այլն, «մայրենին», բարձրացնել նրա հեղինակությունը: Օրինակ վերցնել Վրաստանից: Իսկապես մեծ տեղ տալ հայերենով գրված արձանագրություններին և մակագրություններին, քչացնել լատիներենը: Հատկապես «էլիտար» անվանումներում: Այդ «էլիտան», ամեն ինչով կապված ու կախված իշխանությունից, կլսի պետության բարձր մարմնի կամ գործիչների հորդորը և կանցնի հայերեն տառերի, իսկ ժողովուրդը, գլուխը կախ, կամաց-կամաց, կհետևի նրան:
Պե՞տք է որոշակի հարգանք ապահովել մեր լեզվի, գրերի նկատմամբ: Եթե կա պետական լեզու, որպես պետականության ատրիբուտ, ապա հենց պետությունը պետք է իրագործի պետական լեզվի նորմալ կենսագործունեությունը:

Արմեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031