Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունից հերքում են անգործության վերաբերյալ ՄԻՊ-ի մեղադրանքը

Օգոստոս 28,2014 15:16

Ոստիկանությունից հերքում են մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում առկա պնդումը, թե «Փակ շուկայի» հարցում ոստիկանությունը անգործություն է դրսեւորել:

Ոստիկանությունից Aravot.am-ին հայտնեցին, որ 28.05.2012թ-ին Ստյոպա Սաֆարյանի և մի խումբ քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում ստացված դիմումի կապակցությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների համաձայն նախապատրաստվել են նյութեր, նշանակվել է դատաշինարարատեխնիկական փորձաքննություն, հարցումներ են կատարվել Երևանի քաղաքապետարան և ՀՀ մշակույթի նախարարություն, բացատրություններ են վերցվել մի շարք քաղաքացիներից` նպատակ ունենալով պարզելու դեպքի իրական հանգամանքները:

«Արդյունքում պարզ է դարձել, որ Երևան քաղաքի Մ.Մաշտոցի պողոտայի 3ա հասցեում գտնվող Կենտրոնական ծածկած շուկայում շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով «Երևանի թիվ 1 շուկա» ՍՊԸ-ին 24.01.2012թ-ին և 30.03.2012թ-ին Երևանի քաղաքապետարանի կողմից տրվել են քանդման և շինարարության թույլտվություններ, ինչի համար հիմք են հանդիսացել ՀՀ մշակույթի նախարարության և «Քաղսեյսմշին և հետազոտում» ՍՊԸ-ի դրական եզրակացությունները «շուկան վերակառուցելու` ստորգետնյա հարկերի իրականացման» նպատակով:

Շինարարական աշխատանքների կատարման ժամանակ գերխնդիր է եղել պահպանել Երևան քաղաքի պատմամշակութային հուշարձանների ցանկի մեջ ընդգրկված «Կենտրոնական ծածկած շուկայի» արտաքին տեսքը: Սակայն տարիների ընթացքում կոռոզիայի ենթարկված և փտած ամրանների անկայուն վիճակի պատճառով աշխատանքների ընթացքում վնասվել է շուկայի տանիքի ետնամասի մի հատվածը, ինչի կապակցությամբ «Երևանի թիվ 1 շուկա» ՍՊԸ-ի տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Նկատի ունենալով, որ նշված ընկերության տնօրենն արդեն իսկ ենթարկվել էր վարչական պատասխանատվության և նույն արարքի համար երկրորդ անգամ անձին պատասխանատվության ենթարկելը անթույլատրելի է, միաժամանակ համադրելով նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները, 27.12.2012թ-ին որոշում է կայացվել նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին, որի օրինականությունը ստուգվել է նաև Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի կողմից:

Ինչ վերաբերում է ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից կրկնակի վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո ապօրինի շինության կառուցումը չդադարեցնելու դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 315.1 հոդվածով սահմանված քրեական պատասխանատվության չենթարկելուն, ապա ոչ մի պատկան մարմնից ՀՀ ոստիկանությունը ծանուցում կամ հաղորդում չի ստացել վերոնշյալ շինարարական աշխատանքներն իրականացնող ընկերության աշխատակիցների հակաօրինական գործողությունների արդյունքում վերջին մեկ տարվա ընթացքում կրկնակի վարչական պատասխանատվության ենթարկվելու վերաբերյալ»,- հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031