Գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆատիհ Ակինը «Նյու Յորք Թայմս» թերթի հետ զրուցել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Հատում» ֆիլմի մասին, որի անդրանիկ ցուցադրությունը տեղի է ունեցել Վենետիկի կինոփառատոնում:
Ակինի կարծիքով, թեև Հայոց ցեղասպանության նկատմամբ Թուրքիայում հակասական տրամադրություններ են տիրում, սակայն նրանք պատրաստ են դիտել այդ ֆիլմը.
«Ես ֆիլմի սցենարը ցույց եմ տվել ֆիլմարտադրող իմ երկու ընկերներին: Նրանցից մեկն ասաց՝ քարեր կնետեն, մյուսն ասաց՝ ծաղիկներ կնետեն», – ասել է ռեժիսորը, – «Բայց ես ֆիլմը ցույց եմ տվել նաև մարդկանց, որոնք հերքում են 1915թ. ցեղասպանությունը և մարդկանց, որոնք ընդունում են այն, երկու դեպքում էլ զգացմունքները նույնն են»:
«Հատում» ֆիլմը պատմում է մի տղամարդու մասին, որը ցեղասպանության տարիներին կորցնում է իր զույգ դուստրերին և տարիներ հետո իմանալով, որ նրանք ողջ են՝ ճանապարհվում է նրանց փնտրելու:
Կարդացեք նաև
Պատասխանելով հարցին, թե արդյոք ֆիլմը հիմնված է իրական պատմության վրա, Ակինն ասել է. «Երբ աշխատում էի սրա վրա, ես ահագին ուսումնասիրություններ եմ արել ու գտել հայերի օրագրեր, որոնք 20-ականների սկզբին Հավանա էին մեկնել: «Մահվան ճամբարների» և «Մահվան երթերի» մասին բանավոր պատմություններ ու գրականություն: Ես հավաքեցի ականատեսների հարուստ պատկերներ ու փորձեցի իրար կապել»:
Ակինը ֆիլմն ի սկզբանե ներկայացրել էր Կաննի կինոփառատոնում, սակայն հետո հետ էր վերցրել «անձնական խնդիրների» պատճառով: Թերթի հետ զրույցում նա մանրամասնել է, թե ինչն էր ֆիլմը հետ վերցնելու իրական պատճառը.
«Մենք ֆիլմը միաժամանակ ցույց տվեցինք Կաննում և Վենետիկում: Վենետիկում շատ ոգևորված էին, Կաննում փորք-ինչ զգույշ էին, ինչպես միշտ: Այնպես որ ես անհանգիստ էի, ու որոշեցի հետևել ներքին ձայնիս: Բայց ես չէի կարող իմ որոշման մասին խոսել լրատվամիջոցների հետ, քանի որ Վենետիկում ինձ ասացին սպասել մինչև իրենք իրենց հայտարարությունը կանեն: Կաննում իմ ֆիլմը չեն մերժել, բայց ես զգում էի, որ ինձնից իրենք դա չէին սպասում: Որովհետև այն պատմական է, որովհետև այն անգլերեն է, մինիմալիստական չէ»:
Ակինը նշել է, որ առհասարակ ֆիլմերի վրա նա վատնում է երկու տարի, իսկ «Հատում» ֆիլմի վրա աշխատել է յոթ տարի:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ