Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻՊ. ՊԵԿ-ը ստվերային գործունեությանը նայել է «մատների արանքով»

Օգոստոս 28,2014 14:41

«Ստվերային գործունեության վերաբերյալ ՊԵԿ-ն ուսումնասիրել է 225 դեպք, որոնցից միայն 25-ով են հարուցվել քրեական գործեր, քանի որ եղած գործերի 89% քննել է մակերեսորեն»,-2013 թվականի իր զեկույցում արձանագրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Նա վկայակոչել է նաեւ Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավարի այն հայտարարությունը, որ ստվերային տնտեսության ցուցանիշը Հայաստանում տարիներ շարունակ չի փոփոխվել՝ կազմելով շուրջ 35 – 40%:

ՄԻՊ-ը նկատում է, որ 2010 թվականից առ այսօր կառավարության կողմից իրականացվել և իրականացվում են մի շարք միջոցառումներ ստվերային տնտեսության դեմ պայքարելու համար, սակայն 2013 թվականին անցկացված տնտեսագիտական վերլուծությունների համաձայն՝ Հայաստանում ստվերային տնտեսությունը կազմում է շուրջ 30-ից մինչեւ 40%: Նշվածը փաստել է նաև ՀՀ ֆինանսների նախարարը: Ստվերային տնտեսության նման կայուն ցուցանիշը, ՄԻՊ-ի բացատրությամբ, վկայում է այն մասին, որ ոլորտում իրականացվող միջոցառումները բավարար և արդյունավետ չեն:

«Ստվերային տնտեսության վերաբերյալ Համաշխարհային բանկի զեկույցի համաձայն, ստվերային տնտեսության դեմ պայքարը չի կարող սահմանափակվել բացառապես պատժողական քաղաքականության կիրառմամբ: Նշվածի հետ մեկտեղ հարկավոր է հարկային քաղաքականությունը դարձնել հնարավորինս մատչելի` հատկապես նվազեցնելով հարկային պարտավորությունները, և կոնկրետ
միջոցներ ձեռնարկել կառավարության նկատմամբ տնտեսվարողների վստահության մակարդակի բարձրացման համար»,- փաստվում է զեկույցում` հավելելով, որ. «ՊԵԿ-ը գործարարների նկատմամբ կայացրել է չափազանց մեծ քանակի՝ 5712 հարկային արգելանքի որոշումներ՝ առանց սպառելու սահմանափակման այլ միջոցները, ինչպես օրինակ՝ տույժեր, կրկնապատկվող տույժեր: Ընդ որում, գործարարների գույքի և ամբողջ դրամական միջոցների վրա դրված արգելանքը զգալիորեն գերազանցել է հարկային
պարտքի չափը: Արդյունքում գործարարները տևական ժամանակով զրկվել են թե իրենց բանկային հաշիվները, թե գույքը տնօրինելու հնարավորությունից»:

Օրենսդրական բացի հետևանքով ՊԵԿ-ին տրվել է հայեցողություն տուգանքը
կիրառել ոչ միայն խախտումը կատարելու, այլև այն բացահայտելու օրվանից երկու ամսվա ընթացքում: Արդյունքում, ՊԵԿ-ը, ոչ բարեխղճորեն օգտագործելով իրեն տրված հայեցողությունը, մի դեպքում մարդկանց ենթարկել է պատասխանատվության, մյուս դեպքում՝ ոչ:

Մի շարք դեպքերում ՊԵԿ-ը նույն արարքի համար գործարարներին ենթարկել է և վարչական, և հարկային պատասխանատվության՝ խախտելով նույն արարքի համար կրկին
չպատժվելու Սահմանադրության սկզբունքը:

ՄԻՊ-ը նաեւ արձանագրել է, որ նոր հաշվիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) ներդնումը իրականացվել է մի շարք թերություններով՝ ՀԴՄ-ների գները չեն եղել մատչելի, նրանց տեխնիկական սպասարկումը եղել է թերի, գործարարների և այլ շահագրգիռ անձանց հետ նոր ՀԴՄ-ների վերաբերյալ պատշաճ քննարկումներ չեն կազմակերպվել: Նշվածի հետևանքով վաճառքի է հանվել նոր ՀԴՄ, որի շուկայական արժեքը բողոքների առիթ է հանդիսացել:

ՊԵԿ-ը չի ներկայացրել որևէ մատչելի փաստաթուղթ, որտեղ հստակ նշված կլինեն ապրանքների և մեքենաների մաքսային արժեքները և դրանց որոշման կանոնները:Արդյունքում մարդիկ հնարավորություն չեն ունեցել կանխատեսելու իրենց գնած ապրանքների կամ մեքենաների մաքսազերծման գումարի չափը և դրա որոշման կարգը:

Պատրաստեց` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031