Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի այգեգործական թաղամասի բնակիչներն այսօր կառավարության շենքի դիմաց դժգոհում էին իրենց թաղամասում գործող «Առողջ սունկ» ընկերությունից:
Բնակիչներից Գագիկ Հովակիմյանը պատմեց, որ «Առողջ սունկ»-ի գործունեության արդյունքում բնակիչները տառապում են գարշահոտությունից. «Բուսականությունը վերացել է, ծիտն ի՞նչ ա, մենք էդ ծիտն էլ չունենք, որովհետեւ այդ գործարանը թունավորում է: Տառապում ենք գարշահոտությունից: Մեր ուզածը մաքուր օդն է»:
Բնակիչ Արտյոմ Մաթեւոսյանն էլ պատմեց, որ գործարանը 1 կմ հեռավորության վրա պետք է լինի բնակելի հատվածից, բայց հեռավորությունը 50 մետրից էլ չի անցնում:
Ֆելիքս Մուշեղյանն էլ դժգոհեց, որ բացի գարշահոտից, գործարանը թունավոր նյութեր է արտանետում, ասաց՝ խոսել են ընկերության տնօրինության հետ, «փափուկ բարձ» են դրել գլխների տակ. «Խոստացել են` հարցը լուծել, բայց դա անհնար է, որովհետեւ իրենք էլ են ասում, որ այդ հոտը ամեն դեպքում գալու է»:
Կարդացեք նաև
Գագիկ Հովակիմյանն էլ շարունակեց. «Տնօրենն իջել էր դեմագոգությամբ էր զբաղվում: Ասում էր` 2 տարի հետո, եթե սաղ մնաք, կհպարտանք մեր գործարանով»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ