Լրահոս
Օրվա լրահոսը

Ապահովվում է նոր ուսումնական տարվա հաջող մեկնարկը

Օգոստոս 28,2014 14:03

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Բացելով նիստը, վարչապետը ձայնը տվել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին, ով կառավարությանը զեկուցել է, թե ինչպես է Հայաստանը դիմավորում նոր ուսումնական տարին (առանձին):
2014թ. «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին մեկական ավտոմեքենայով պարգևատրելու նպատակով գործադիրը ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացրել է 12 մլն 700 հազար դրամ: Պարգևները շնորհվելու են Ուսուցչի օրը:

Առաջնություն է տրվում կենսական նշանակություն ունեցող ներդրումներին

ՀՀ կառավարությունը թույլատրել է «Նիվեկոտրանս Էյ Էմ» ՓԲԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել երեք տարով:

«Կորսան-կորվիամ կոնստրուկցիոն» բաժնետիրական ընկերության Հայաստանի մասնաճյուղն իրականացնում է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի համատեղ ֆինանսավորմամբ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ճանապարհահատվածների վերակառուցման և բարելավման աշխատանքները: Այս ընկերության ենթակապալառու կազմակերպությունն է «Նիվեկոտրանս Էյ Էմ» ՓԲԸ-ն, որը կատարում է պահանջվող չափանիշներին համապատասխան շինաշխատանք և այդ նպատակով ներմուծել է սարքավորումներ. դրանց մաքսային ռեժիմը երկարաձգվել է երեք տարով:

Հաշվի առնելով Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի կարևորությունը, կառավարությունը Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի մի շարք համայնքների ֆինանսական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների նկատմամբ ճանաչել է բացառիկ` գերակա հանրային շահ: Հողատարածքների ընտրությունն իրականացվել է ըստ սահմանված շինարարական և տեխնիկական նորմերի, բնակավայրերի, պատմամշակութային հուշարձանների, բնապահպանական տարածքների և ենթակառուցվածքների շրջանցմամբ:

Գործադիրը հավանություն է տվել Լոռու մարզի Դարպասի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի ուղղակի վաճառքի արդյունքում համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված 4.5 մլն դրամը հեղեղատարի կառուցմանն ուղղելու ծրագրին:

Արմավիր քաղաքի պահածոյի գործարանի նախկին վարչական շենքը բնակելիի վերակառուցելու շինաշխատանքների ավարտից հետո պետական գրանցումը պատշաճ կազմակերպելու և իրականացնելու նպատակով Արմավիրի մարզպետարանին հատկացվել է 2.7 մլն դրամ:

Կբարելավվի սոցիալական պաշտպանության ծառայությունների տրամադրումը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ս.թ. մայիսի 23-ին ստորագրված «Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրին, ըստ որի փաստաթղթում սահմանված պայմաններով Հայաստանի Հանրապետությանը կտրամադրվի 21 մլն 200 հազար ԱՄՆ դոլարի վարկ` սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխման ապահովմանն ուղղելու նպատակով: ՀՀ կառավարությունը ապահովելու է 20 տոկոս համաֆինանսավորում` հարկերի մասով: Ծրագիրն իրականացվելու է 2014-2018թթ. ժամանակահատվածում:
Նիստում ընդունված որոշումներից երկուսն ուղղված են «Պետական պաշտոն զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքի կիրարկման ապահովմանը:
Եվս երկու որոշմամբ գործադիրը հաստատել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ծրագրերից երկուսի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2014թ. նախահաշիվները: Առաջինը գյուղատնտեսական համատարած հաշվառում անցկացնելու համար ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տրամադրելիք 200 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհային ծրագիրն է, մյուսը` Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) և ՄաստերՔարդ հիմնադրամի տեխնիկական օժանդակությունը, որով իրականացվելու է «Դպրոցից դեպի աշխատանք» ընտրանքային միանվագ հետազոտության երկրորդ շրջափուլը: Այն կյանքի է կոչվելու 15-29 տարեկան երիտասարդների շրջանում և հնարավորություն է տալու ստեղծել ՀՀ աշխատանքի շուկան բնութագրող տվյալների շտեմարան:

Կառավարությունը հավանություն է տվել բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման հայեցակարգից բխող խնդիրների իրականացման միջոցառումների ծրագրին, որը կնպաստի բնապահպանական արդյունավետ քաղաքականության իրականացմանը:

Հովհաննես Չեքիջյանի 85-ամյա հոբելյանի առթիվ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի Ստամբուլ հյուրախաղերի մեկնելու ավիատոմսերի ծախսը «Չեքիջյան» բարեգործական հիմնադրամին փոխանցելու համար կառավարությունը ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացրել է շուրջ 8 մլն դրամ:
«Վարդապետի լռությունը» պայմանական անվանմամբ և «Քարվաճառ» լիամետրաժ խաղարկային կինոնկարների ստեղծման նպատակով կառավարությունը ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացրել է 110 մլն դրամ:

Օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին» և ևս 12 ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնց ընդունումը պայմանավորված է գրավով ապահովված գործարքների դերի բարձրացմամբ` վարկային և ֆինանսական գործարքներ իրականացնելիս:

Նիստում հավանություն է տրվել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերին, որոնց ընդունման դեպքում կերաշխավորվի անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի պաշտպանությունը անձնական տվյալների մշակման բնագավառում:

ՀՀ կառավարությունը քննարկել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Օրինագծի նպատակն է հստակեցնել և ճշգրտել օրենսգրքում եղած որոշ դրույթներ: Գործադիրը նախագծի վերաբերյալ սկզբունքային առարկություն չի ներկայացրել:
Կառավարության առարկությունը չի հարուցել նաև «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ: Ըստ նրանց հիմնավորման, փոփոխությունների առաջարկությունը կատարվել է տեղական ինքնակառավարման համակարգի գործունեության երկար տարիների փորձի հաշվառմամբ: Կառավարությունը պատրաստակամություն է հայտնել հեղինակների հետ համագործակցել նախագծի հնարավոր լրամշակման հարցում:

Գործադիրը պատրաստ է նախագծերի փաթեթի լրամշակման դեպքում համագործակցել ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հետ, ով հանդես է եկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ: Օրինագծի նպատակն է ստեղծել վարկային պայմանագիր կնքած քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ:

Քննության է առնվել ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում, ըստ հեղինակների, անձը հնարավորություն կստանա իրացնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և ՀՀ սահմանադրությամբ ամրագրված իր իրավունքը: Կառավարությունն սկզբունքորեն ընդունելի է համարել օրենքի նախագիծը` անելով նաև մեկ առաջարկություն:

Քննարկելով ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրինագիծը, որն օրենսդրական նախաձենության կարգով ներկայացրել են ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ, գործադիրն իր հերթին ներկայացրել է մի շարք առաջարկություններ, որոնց ընդունման դեպքում միայն ընդունելի կհամարի օրենքի նախագիծը:

Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունը ՀՀ ֆինանսների նախարարին պարտավորեցրել է «Արմավիա»-Ավիաընկերություն ՍՊԸ և «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ ՀՀ պետբյուջեի նկատմամբ ունեցած հար¬կա¬յին պարտավորությունների դիմաց` ԴԱՀԿ ծառայության կողմից հայտարարված անշարժ գույքի հերթական էլեկտրոնային աճուրդի ընթացքում գնորդ չլինելու հիմքով չկայանալու դեպքում ընդունել հարկադիր կատարողի առաջարկը պարտքի դիմաց 9 մլրդ դրամ արժեքով «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ պատ¬¬կանող Երևանի Մանանդ¬յան փողոց N 41 հասցեում գտնվող անշարժ գույքը և ամրագրել ՀՀ ֆինանսների նախարարության հաշվեկշռում:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031