Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյանը խնայել է Գագիկ Խաչատրյանին

Օգոստոս 28,2014 13:51

«Հարկային կամ մաքսային մարմինների որոշ պաշտոնյաներ կամ նրանց հարազատները՝ ամուսինը, զավակները, ծնողները, քույրերը, եղբայրները, միաժամանակ զբաղվել են նաև ձեռնարկատիրական գործունեությամբ: Արդյունքում, այդ անձինք անօրինական առավելություններ են ստացել միևնույն շուկայում գործող այլ գործարարների նկատմամբ»,- 2013 թվականի իր տարեկան զեկույցում արձանագրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը` խուսափելով կոնկրետ օրինակներ եւ անուններ նշելուց:
Փոխարենը ՄԻՊ-ը հղումներ է ներկայացրել այն օրենքներին, համաձայն որոնց, մաքսային ծառայողն իրավունք չունի զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, ինչպես նաև անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

«Հարկային և մաքսային ծառայողների կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը նաև առաջացնում է շահերի լրջագույն բախում: Մտահոգիչ է նաև, երբ ձեռնարկատիրական գործունեություն են ծավալել նշված մարմինների ծառայողների մտերիմ ազգականները և բարեկամները, ովքեր հաճախ օգտվել են օրենքով չսահմանված արտոնություններից ի օգուտ իրենց գործարար շահերի: Այսպիսի չարաշահումների դեպքերն արդյունավետ չեն վերահսկվում ոլորտի լիազոր մարմնի կողմից, որն էլ իր հերթին հանգեցրել է օրենսդրության տարատեսակ խախտումների»,- արձանագրվում է զեկույցում` հավելելով, որ ՀՀ օրենսդրությամբ չկա հստակ արգելք կառավարության և կառավարությանն առընթեր մարմինների պաշտոնատար անձանց մտերիմ ազգականների և բարեկամների կողմից ձեռնարկատիրական կամ այլ գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական գործունեությունից: Սակայն, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը սահմանում է «շահերի բախում» եզրույթը. իրավիճակ, երբ բարձրաստիճան պաշտոնատար անձն իր լիազորություններն իրականացնելիս պետք է կատարի գործողություն կամ ընդունի որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել: ՄԻՊ-ն առաջարկում է հարկային ծառայության և մաքսային ծառայության մասին ՀՀ օրենքներով հստակ սահմանել շահերի բախում եզրույթը, որից հետո մշակել արդյունավետ մեխանիզմներ դրա դեմ պայքարելու համար:

2013 թվականին պաշտպանի կողմից ՊԵԿ-ի նախագահին ներկայացվել է առաջարկություն` նշված խնդրի առնչությամբ իրականացնել բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրություններ: Արդյունքում նման երկու դեպք է հայտնաբերվել, որոնց կապակցությամբ իրականացված ծառայողական քննությունների արդյունքում երկու հարկային ծառայողներ ազատվել են հարկային ծառայությունից:

Իսկ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ նրա ազգականների ձեռնարկատիրությամբ զբաղվելու մասին մամուլում տեղ գտած հրապարակումներն ու ընդդիմադիր քաղաքական գործիչների հայտարարությունները ՄԻՊ-ի տեսադաշտից անդին են եղել: Հիշեցնենք, խոսքը «Մեգաֆուդ», «Մեգակոնցեռն», «Մեգամոթորս», «Մեգասպորտ», «Ապեյրոն» եւ «Ալյանս տերմինալ» ընկերությունների մասին է, որոնք պատկանում են ՊԵԿ նախկին նախագահի ընտանիքին: Նշված ընկերությունները ունեն գործունեության լայն շրջանակ` հրուշակեղենի, սննդամթերքի, տնտեսական ապրանքների, ավտոմեքենաների, սպորտապրանքների ներկրումից մինչեւ մաքսային բնույթի ծառայություններ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Դե հա հո չէր գրելու, որ Գագիկ Խաչատրյանը ամենահարուստ հայաստանցին է….

  2. dyadyur says:

    ՄԻ-պաշտպանը խոսել է միայն հարուստների մասին,իսկ ՇԱՏ ՀԱՐՈՒՍՏՆԵՐԻ մասին` ,,կամ լավը,կամ ոչինչ,,:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031