Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ը ոստիկանությանը մեղադրում է անգործության մեջ` Փակ շուկայի եւ Կոմայգում մարմնավաճառության հարցերում

Օգոստոս 28,2014 12:51

«Փակ շուկայի ապօրինի շինարարության դեպքով Ոստիկանությունը դրսևորել է անգործություն՝ մերժելով քրեական գործի հարուցումը: Արդյունքում՝ այդ պատմամշակութային հուշարձանին հասցվեց անդառնալի վնաս»,- ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի 2013 թվականի տարեկան զեկույցում:

Չնայած եղել են բազմաթիվ բողոքներ, որ ոստիկանները ցուցմունքներ և այլ տեղեկություններ ստանալու նպատակով անձանց ենթարկել են բռնության, դաժան, անմարդկային վերաբերմունքի` մարդու իրավունքների պաշտպանը փաստում է, որ ոստիկանությունն արձանագրել է միայն 4 այդպիսի դեպք: Իսկ ձերբակալված և կալանավորված անձանց նկատմամբ արձանագրված բռնության 363 դեպքերից ընդամենը 3,4% -ի դեպքում է հարուցվել քրեական գործ, ինչը, ըստ զեկույցի, վկայում է, որ գործերը քննվել են մակերեսորեն (օրինակ՝ չեն իրականացվել բոլոր հնարավոր քննչական գործողությունները՝ հարցաքննություններ, առերեսումներ և այլն):

«Բազմաթիվ անձանց, այդ թվում անչափահասների, «հրավիրել» են ոստիկանության բաժին և պահել այնտեղ իրենց կամքին հակառակ, չնայած նման իրավասություն ոստիկանությունը չունի: Ոստիկանությունը առանձին դեպքերում հավաքների մասնակիցների նկատմամբ դրսևորել է անհանդուրժողականություն և ոչ իրավաչափորեն ցրել հավաքը՝ խախտելով այդ մարդկանց խաղաղ հավաքի իրավունքը (Կոմիտաս 5 հասցեում բողոքի ակցիայի ժամանակ): Կոմայգում չեն իրականացվել անհրաժեշտ ստուգումներ, օպերատիվ այլ միջոցառումներ, ինչի հետևանքով մանկական զբոսայգում չեն վերացել մարմնավաճառությունը և հասարակական վայրերում խուլիգանություն համարվող սեռական հարաբերություններ ունենալու դեպքերը»,- ասված է Կարեն Անդրեասյանի զեկույցում:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է նաեւ, որ ոստիկանության ծառայողները, հավաքը ցրելու ընթացքում, որոշ մասնակիցների նկատմամբ կիրառել են ոչ իրավաչափ ֆիզիկական ուժ՝ քաշքշել և հարվածել են մասնակիցներին՝ նույնիսկ դիմադրության բացակայության դեպքում: Առկա են եղել բողոքներ այն մասին, որ ոստիկանության բաժանմունք բերման ենթարկված անձանց ուշ են գրանցել կամ, ընդհանրապես, չեն գրանցել հաշվառման մատյաններում: Արդյունքում՝ անձինք Ոստիկանության բաժնում պահվել են ավելի երկար, քան պահանջում է օրենքը, ինչպես նաև անտեղյակ են եղել իրենց կարգավիճակի մասին (կասկածյալ, վկա և այլն): Գրանցվել են մի շարք դեպքեր, օրինակ՝ հավաքների ընթացքում, երբ ոստիկանության աշխատակիցները, գտնվելով ծառայության մեջ, եղել են քաղաքացիական հագուստով: Այնինչ, ըստ օրենքի պահանջների՝ հասարակական կարգը պահպանելիս ոստիկանության ծառայողները պարտավոր են համազգեստ կրել, որպեսզի ճանաչելի լինեն անձանց համար:

Հաճախ ոստիկանության ծառայողները անհարկի ձգձգել են քննչական գործողությունների իրականացումը, օրինակ, առանց հիմքի երկարատև հարցաքննել են քաղաքացիներին եւ այլն:

1399 դեպքերում Ոստիկանության աշխատակիցները խախտել են հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման 10-օրյա ժամկետը:

Տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար ազդանշանային լուսացույց է տեղադրվել ընդամենը մեկ խաչմերուկում, ինչի հետևանքով այդ մարդիկ զրկվել են ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորությունից: Առանձին դեպքերում ճանապարհային երթևեկության խախտումներն արձանագրող արագաչափ սարքավորումները տեղադրվել և գործել են առանց նախազգուշացնող ցուցանակների:

Ոստիկանությունում ՄԻՊ-ը նաեւ դրական զարգացումներ է արձանագրել: Օրինակ, ոստիկանության կողմից սպասարկվող տարբեր վարչական տարածքներում կազմակերպվում և անցկացվում են նպատակային կանխարգելիչ միջոցառումներ, մասնավորապես՝ ստուգայցեր և շրջագայություններ հավանական քրեածին վայրեր, այգիներ, պուրակներ, ժամանցի ու մարդաշատ այլ վայրեր: ՄԻՊ-ի արձանագրմամբ, էապես բարելավվել է Ոստիկանության կողմից անձանց դիմում-բողոքների, ինչպեսնաև մամուլում հրապարակված տեղեկությունների ուսումնասիրումը, փախստականի կարգավիճակ ստացած անձանց կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթերը միջազգայնորեն հաստատված չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից նախապատրաստվել և շրջանառության մեջ է դրվել «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ եւ այլն:

Պատրաստեց` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031