ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը ընդգրկված է ՀՀ Ազգային ժողովի օրակարգում եւ ըստ ամենայնի կքննարկվի աշնանային նստաշրջանում։
Ծավալուն այս փաստաթուղթը բավական հետաքրքիր փաստեր է պարունակում, եւ դրանից մեկը վերաբերում է Երեւանի հանրահայտ Կոմայգուն, որը հայտնի է որպես տարօրինակ սեռական կողմնորոշում ունեցող անձանց հավաքատեղի։
Խնդիրը, սակայն, ոչ թե այդ անձանց կողմնորոշման մեջ է, այլ նրանց պահվածքի եւ վարքի, որը հարեւանությամբ բնակվող քաղաքացիների բողոքն է հարուցում։ Չնայած սրան, իրերի դրությունը չի փոխվում եւ մամուլում հրապարակումներ են հայտնվում, թե ինչ-որ բարձրաստիճան անձինք հովանավորում են կոմայգու կոնտինգենտին։ ԱԺ¬ին ՄԻՊ-ի զեկույցում այս տեսակետի օգտին խոսող փաստեր կան։ Ստորեւ ներկայացնում ենք զեկույցի՝ Կոմայգուն վերաբերող հատվածը:
…Մտահոգիչ է նաեւ այն, որ ոստիկանության կողմից 2013 թվականի ընթացքում փողոցային մարմնավաճառների հնարավոր հավաքատեղիներում իրականացված ստուգայցների արդյունքում մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներ բերվել են 828 անձինք, սակայն Նելսոն Ստեփանյանի անվան մանկական զբոսայգում եւ դրան հարող տարածքից ոչ մի անձ համապատասխան ստորաբաժանումներ չի բերվել։ Ոստիկանությունից հայտնել են, որ կոնկրետ տարածքների ստուգումների եւ դրանց պարբերականության հարցերը որոշվում են ելնելով սպասարկվող 53 տարածքի օպերատիվ իրավիճակից։ Այսինքն, կարելի է եզրակացնել, որ չնայած տարիներ շարունակ հնչեցվել են քաղաքացիների բողոքները նշված այգում ոչ միայն ապօրինի, այլ նաեւ քրեորեն հետապնդելի արարքների վերաբերյալ, ինչպես նաեւ առկա են եղել պաշտոնատար անձանց հրապարակային դիրքորոշումներ նշված այգում տեղի ունեցող արարքների վերաբերյալ, սակայն ՀՀ ոստիկանության օպերատիվ աշխատակիցները որեւէ խնդրահարույց դրսետրում չեն հայտնաբերել, եւ որեւէ դատավարական գործողություններ չեն իրականացվել։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում