Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանն ու Դավութօղլուն կմոռանա՞ն Ղարաբաղի խնդիրը

Օգոստոս 28,2014 12:16

ԱԳ նախարարից ավելի ցածր մակարդակով մասնակցությունը Էրդողանի երդմնակալության արարողությանն ավելի ազդեցիկ քայլ կլիներ

Թուրքիայի 12-րդ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդման արարողությանը պաշտոնական Երեւանը մասնակցում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի մակարդակով։

Սերժ Սարգսյանն օրեր առաջ «Միասին-2014» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի ճամբարում ակնարկեց, որ Հայաստանի արտգործնախարարը կտեղեկանա, թե՝ արդյո՞ք Թուրքիայի նախագահը պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-րամյա տարելիցին՝ գալիք ապրիլի 24-ին, այցելելու Ծիծեռնակաբերդ եւ «սեփական աչքերով տեսնելու մարդկային հոծ երթը, որ տասնամյակների ընթացքում միայն ավելանում է դեպի անմար կրակը»:
Հավանաբար, Հայաստանի ԱԳ նախարարը Սերժ Սարգսյանի հրավերը կփոխանցի Էրդողանին՝ հաջորդ տարի ապրիլի 24-ին Հայաստան այցելելու, Երեւանում ներկա գտնվելու Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումներին:

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանից պատվիրակություն է մասնակցում Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը։ Դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկրների համար, թերեւս, սա դրական քայլ է (հետաքրքրական զուգահեռ՝ Էրդողանի երդմնակալությանն ԱՄՆ-ը մասնակցելու է Անկարայում ԱՄՆ դեսպանատան խորհրդականի մակարդակով): Սակայն ընդամենը մի քանի օր առաջ Էրդողանը նախընտրական քարոզարշավի թեժ օրերին դժգոհեց լրատվամիջոցներից, թե իրեն շատ են վիրավորել, ավելի վատ բաներ են ասել, նույնիսկ՝ հայ են անվանել: Սերժ Սարգսյանն էլ հակադարձեց՝ «հայերի համար էլ վիրավորական կլիներ, եթե պարզվեր, որ Էրդողանը հայ է»:

Բայց հայ-թուրքական վերջին «փոխհրաձգությունը» չխանգարեց, որպեսզի օգոստոսի 13-ին Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ հղի Էրդողանին՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով: «Ստանձնելով Թուրքիայի Հանրապետության Նախագահի պաշտոնը` Դուք անկասկած ունեք հնարավորություն Ձեր եռանդը ներդնելու մեր կողմից ձեռք բերված երկկողմ պայմանավորվածություններն առանց նախապայմանների կյանքի կոչելու գործում»,- ասված էր շնորհավորական ուղերձում:
Թուրքիայի նորընտիր նախագահը կարող է տարբերվել իր նախորդից՝ առավել զուսպ եւ առաջադեմ հայացքներ ունեցող նախագահ Գյուլից, որի նախագահությունն էական փոփոխություն, այնուամենայնիվ, չմտցրեց Հայաստան-Թուրքիա փոխհարաբերություններում՝ չնայած «ֆուտբոլային դիվանագիտությանը»: Առավել արմատական հայացքներ ունեցող Էրդողանն ու Դավութօղլուն հազիվ թե Ղարաբաղի հարցում Ադրբեջանին աջակցելուց հրաժարվեն: Բայց Ցեղասպանության 100-ամյակը կարող է առիթ հանդիսանալ, որպեսզի նրանք ինչ-ինչ քայլերի դիմեն, օրինակ, հաջորդ տարի ապրիլի 24-ին ազդեցիկ պատվիրակություն գործուղեն Երեւան, ինչը ողջ աշխարհի կողմից կգնահատվի որպես պաշտոնական Անկարայի կողմից արված խորհրդանշական քայլ, որը կարող է նպաստել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետագա ջերմացմանը:

Մինչեւ Ցեղասպանության հարյուրամյակը Թուրքիայի նոր իշխանությունները, հավանաբար, Հայաստանին եւ սփյուռքին ուղղված կոչերով, հայտարարություններով հանդես գան: Այսինքն, պաշտոնական Անկարան ուշադրությունը կսեւեռի քարոզչական հնարքները գործի դնելու քաղաքականությանը: Շուտով, հավանաբար, թուրքական մամուլն, օրինակ, կսկսի քննարկել, գուշակություններ անել, թե, օրինակ՝ Էրդողանը կամ Դավութօղլուն կմեկնե՞ն Երեւան ապրիլի 24-ին, թե՞ ոչ:

Պաշտոնական Երեւանը Թուրքիայի հանդեպ իր կառուցողական վերաբերմունքն ընդգծելու առիթներն ակնհայտորեն բաց չի թողնում: Ու թեեւ «ֆուտբոլային դիվանագիտությունը» արդյունք չտվեց, իսկ ավելի ճիշտ՝ Թուրքիան տապալեց Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ընդունման հնարավորությունը, պաշտոնական Երեւանը, արտգործնախարարի մակարդակով Էրդողանի երդման արարողությանը մասնակցելով, լրացուցիչ անգամ ընդգծում է Հայաստանի կառուցողական վերաբերմունքը:

Բայց արդյո՞ք Հայաստանի իշխանություններն ունեն գոնե մեկ տոկոս համոզվածություն, որ պաշտոնական Երեւանի այդ քայլն ըստ արժանվույնս գնահատվելու է Թուրքիայի նոր իշխանությունների կողմից: Եվ այդ գնահատելը չի վերաբերում ապրիլի 24-ին Էրդողանի կամ Դավութօղլուի մակարդակով Ցեղասպանության հարյուրամյակին Երեւան ժամանելուն: Խնդիրը ավելի կոնկրետ է ու խորքային՝ Անկարան հրաժարվելո՞ւ է Լեռնային Ղարաբաղի խնդրի պատճառով Հայաստանի սահմանները փակ պահել, ինչը թշնամական գործողություն է:

Հազիվ թե որեւէ մեկը մեր օրերում կասկածի, որ Էրդողանն ու Դավութօղլուն կարող են մոռանալ Ղարաբաղի խնդրի ադրբեջանանպաստ դիրքորոշումը: Հետեւաբար, պաշտոնական Երեւանն էլ ինչ-որ առումով քայլեր է անում, որոնք առավելապես քարոզչական են:

ԼՂ խնդրով Թուրքիայի իշխանությունների ունեցած դիրքորոշման պայմաններում Հայաստանի կողմից արտգործնախարարից ավելի ցածր մակարդակով մասնակցությունը Էրդողանի երդմնակալության արարողությանը, թերեւս, ավելի արդարացված ու ազդեցիկ քայլ կլիներ՝ ընդգծելու համար, որ գնդակը Թուրքիայի դաշտում է, իսկ Հայաստանի իշխանություններն արդեն բավական երկար ժամանակ սպասում են Անկարայի կոնկրետ քայլերին:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031