Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի անկախության ճանաչումը չպետք է հանգեցնի նոր լարվածության»

Օգոստոս 28,2014 16:30

ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը տրամաբանական չի համարում «Ժառանգության» մոտեցումը:

– ՀՀ ԱԺ առաջիկա նստաշրջանի օրակարգում «Ժառանգություն» խմբակցությունը պատրաստվում է կրկին շրջանառության մեջ դնել ԼՂՀ-ն ճանաչելու մասին նախագիծը: «Այսօր առաջացել են նոր քաղաքական իրողություններ. բոլորիդ հայտնի է, որ թե՛ եվրոասոցացման, թե՛ Մաքսային/Եվրասիական միության հետ կապված կա հստակ տարանջատում, որ ԼՂՀ-ն կապ չունի որեւէ միության հետ, որի մաս կկազմի Հայաստանի Հանրապետությունը»,- այսպիսի հիմնավորում ներկայացրեց խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նա ասաց նաեւ, որ պատրաստվում են խորհրդակցել քառյակի ուժերի եւ ԼՂՀ իշխանությունների հետ՝ նախագիծն իբրեւ ներկայացնելու: Տրամաբանություն տեսնում ե՞ք «Ժառանգության» առաջարկում:

– Ոչ: Ի՞նչ է նշանակում ասել, որ եթե ոչ Մաքսային միությունը, ոչ Եվրոպական միությունը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի տարածք չեն համարում, ուրեմն Հայաստանի հանրապետությունը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը: Հայաստանն, ուրեմն, այդ քայլով պետք է հակադրվի՞ ՄՄ կամ ԵՄ անդամ երկրներին: Արցախի անկախության ճանաչումը չպետք է հանգեցնի նոր լարվածության, այլ լինի խաղաղության եւ կայունության հաստատման երաշխիք:

– Նախագահների Սոչիի հանդիպումից հետո, ղարաբաղյան ճակատում իրավիճակը կարծես թե հանդարտվել է. ոչ միայն կրակոցների առումով, այլ նաեւ Ադրբեջանից հնչող քաղաքական էքսցենտրիկ հայտարարությունների: Որքա՞ն կտեւի այդ լռությունը:

– Չեմ կարող ասել՝ որքան կտեւի, բայց զորքերի շփման գծում այսօրվա իրավիճակի համար, կարծում եմ, պարտական ենք ոչ թե Սոչիի հանդիպմանը, այլ՝ հայկական զինուժին, որի բարձր պատրաստվածությունն ի չիք դարձրեց ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունները: Թվում է՝ կրած կորուստները կստիպեն, որպեսզի Բաքուն դարձյալ չփորձի «ստուգատեսի» դուրս բերել իր բանակը:

– Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում ի՞նչ զարգացումներ են սպասվում ԼՂՀ հարցում:

– Թոմաս դե Վաալը, ով ԼՂ հարցում հեղինակավոր փորձագետի համարում ունի, կարծում է, որ աշխարհն այսօր մտահոգված է բոլորովին այլ խնդիրներով: Դա իրատեսական գնահատական է: Որեւէ լուրջ զարգացումներ հազիվ թե սպասելի են: Ըստ երեւույթին, միջնորդները կփորձեն աշնանը կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի Նախագահների եւս մեկ հանդիպում: Եթե դա հաջողվի, ապա իրավիճակը, գուցե, հավասարակշռվի:

– Սոչիի հանդիպումից, դրան հաջորդած հայտարարություններից ի՞նչ տպավորություն ստացաք. հնարավո՞ր է ՌԴ-ն ղարաբաղյան հարցի լուծման մենաշնորհն իր ձեռքը վերցնի եւ դուրս մղի Մինսկի խմբին:

– Այդ թեմայով վերջերս շատ է խոսվում, բայց կարծում եմ, որ դրանք չափազանցված կանխատեսումներ են: Թվում է՝ Ռուսաստանն ինքը նման ցանկություն չունի: Պարզապես որոշ վերլուծաբաններ փորձում են Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունների լարվածությունը «տեղափոխել» ԼՂ հարցի համատեքստ, բայց պետք է հուսալ, որ Արեւմուտքն ու Ռուսաստանն այնքան հավասարակշռված կգտնվեն, որ դիվանագիտական դիմակայության նոր առիթ չեն ստեղծի իրենց համար:

– Ո՞ւմ ձեռքում է ղարաբաղյան խնդրի կարգավորման բանալին, ինչո՞ւ կողմերը չեն հանգում հաշտության: Ո՞ւմ է ձեռնտու հաշտության հետաձգումը:

– Կարգավորման բանալին փնտրել Մոսկվայում, Փարիզում կամ Վաշինգտոնում` անպտուղ զբաղմունք է: Հաշտության եւ համաձայնության, ինչպես նաեւ՝ թշնամանքի ռեսուրսները գտնվում են հակամարտության կողմերի ձեռքում: Ցավոք, Բաքուն միշտ եւ ամենուր հանդես է գալիս թշնամանքի ցուցադրմամբ, ինչը եւ խորացնում է այդ երկրի հանդեպ անվստահությունը: Պետք է ընդունել, որ հարցը չունի ռազմական լուծում եւ առաջ շարժվել այնպես, որպեսզի մեծանան փոխադարձ վստահության ռեսուրսները: Մարդկանց, ժողովուրդների ճակատագիրը չի կարելի ենթարկեցնել ռեւանշիստական նկրտումներին, ինչպես վարվում են Բաքվում: Ժողովուրդներին, իրոք, էլիտաները պետք է նախապատրաստեն համապարփակ, արդարացի եւ հնարավորինս տեւական խաղաղության:

– Նախագահների հանդիպումից հետո ռուսական, նաեւ հայկական, քաղաքական եւ վերլուծական որոշ շրջանակներ, մեղադրանքներ հնչեցրեցին Արեւմուտքի հասցեին՝ հայկական պետությունների դեմ իր դիվերսիոն գործողություններում Ադրբեջանին աջակցելու եւ ոգեւորելու համար: Մեղադրանքներ հնչեցին նաեւ, որ այդ ամենի ետեւում Մոսկվան է կանգնած: Ճշմարտության նժարն, ըստ Ձեզ, ո՞ր կողմ է թեքվում:

– Անկասկած, հուլիսի վերջ-օգոստոսի սկզբի լարվածության մեջ կարելի է տեսնել «երրորդ ձեռքի» դերակատարություն, բայց դա վերլուծաբանների կամ քաղաքագետների տեղեկացվածության հարց չէ, այլ՝ հետախուզության, հատուկ ծառայությունների, դիվանագետների: Մենք կարող ենք արձանագրել փաստը՝ Իլհամ Ալիեւը տեւական ժամանակ մերժում էր Հայաստանի եւ Ադրբեջանի Նախագահների հանդիպում կազմակերպելու՝ Ֆրանսիայի առաջարկը, բայց շատ արագ համաձայնեց մեկնել Սոչի: Դիտարժան է նաեւ, որ ռազմական արկածախնդրությանը նախորդած ժամանակահատվածում ադրբեջանական իշխանություններն աննախադեպ դաժան արշավ էին սկսել իրավապաշտպան կազմակերպությունների եւ առանձին անհատների դեմ, իսկ մամուլը նրանց ներկայացնում էր որպես՝ «արեւմտյան դրամաշնորհների հաշվին Հայաստանի օգտին լրտեսությամբ զբաղվածների»: Եզրակացությունը կարող է խաբուսիկ լինել, ուստի այն թողնում եմ ընթերցողներին:

– Արկադի Տեր-Թադեւոսյանը հայտարարել է, որ մենք բավական երկար ենք պաշտպանվել եւ ժամանակն է կանխարգելիչ հարված հասցնել Ադրբեջանին: Ռազմական կամ քաղաքական տեսանկյունից հեռանկար կա՞ այդ առաջարկում:

– Գեներալները, նույնիսկ երբ պաշտոնաթող են, մտածում են պատերազմի օրենքներով: Այս իմաստով պարոն Տեր- Թադեւոսյանն, իհարկե, ճիշտ է դատում: Ռազմական տեսանկյունից դա ոչ միայն գրավիչ, այլեւ միանգամայն իրատեսական է թվում: Բայց պետք է հաշվարկել նաեւ քաղաքական հետեւանքների գործոնը: Ամեն դեպքում, մենք բավական երկար՝ նաեւ ադրբեջանական կողմի սպառնալիքներն ենք անպատասխան թողել, այնպես որ Արկադի Տեր-Թադեւոսյանի օգոստոսի 26-ի մամուլի ասուլիսը եկեք գնահատենք առաջին հերթին «տեղեկատվական պատերազմի» հարթությունում:

Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
27.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031