Լրահոս
Օրվա լրահոսը

Անկարա պե՛տք է գնալ

Օգոստոս 28,2014 16:00

Սակայն, ըստ փորձագետի՝ կարելի էր ուղարկել ավելի ցածրակարգ պաշտոնյայի

Արդեն հայտնի է դարձել, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ որպես Թուրքիայի նոր Նախագահի, երդմնակալության օգոստոսի 28-ին կայանալիք արարողությանը մասնակցել է նաեւ Հայաստանի արտաքին գործոց նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հիշեցնենք, որ սա առաջին դեպքն է, երբ Հայաստանը Թուրքիայից նման արարողության մասնակցելու հրավեր է ստացել:

«Առավոտի» հարցին՝ որքանո՞վ էր ճիշտ այդ արարողությանը մասնակցելու հրավերն ընդունելը, Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը չցանկացավ պատասխանել. «Դա պարզ արարողակարգային հարց է, որեւէ մեկանաբանության կարիք չունի»:

Hakob ChaqryanԹուրքագետ Հակոբ Չաքրյանը գտնում է, մեր ԱԳ նախարարի մասնակցությունը շատ ճիշտ քայլ է. «Հայաստանի եւ Թուրքիայի մեջ հարաբերություններ չկան հաստատված, եւ այդ չեղածն էլ պետք չի սրել, դարձնել մինուս, դա Հայաստանին ոչ մի օգուտ չի բերի: Կարծում եմ, որ շատ ճիշտ է մասնակցելը: Սա առաջին դեպքն է, որ հրավեր է եղել, եւ Հայաստանը չպետք է մերժեր: Մեր արտաքին գործոց նախարարը չի գնում որեւէ պայմանագիր ստորագրելու եւ այլն, սա զուտ արարողակարգային հրավեր է, եւ մեր նախարարն այդ արարողությանը մասնակցելու է բազմաթիվ այլ երկրների ղեկավարների կամ ԱԳ նախարարների հետ միասին: Ամեն դեպքում՝ Հայաստանին վնաս չի մասնակցելը, մանավանդ, որ այցի մեջ որեւէ պարտավորեցնող բան չկա: Բայց եթե չգնային՝ Թուրքիան միջազգային ասպարեզում լայնորեն կօգտագործեր այս փաստը՝ ցույց տալու համար, իբր Հայաստանը Թուրքիայի նկատմամբ թշնամական քաղաքականություն է վարում »:
Մեր հարցին՝ արդյո՞ք նման քայլերը կարող են հանգեցնել դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, եւ արդյո՞ք Էդվարդ Նալբանդյանի մեկնումը Անկարա կարող է բերել նրան, որ Էրդողանն էլ ընդունի Սերժ Սարգսյանի հրավերը եւ ապրիլի 23-24-ին այցելի Հայաստան՝ Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ, թուրքագետը պատասխանեց. «Սերժ Սարգսյանին հրավերը եւ էրդողանի հրավերն էապես տարբերվում են իրարից, մեկը մյուսի հետ պետք չի կապել: էրդողանի երդմնակալության արարողությանը բազմաթիվ երկրների ղեկավարներ են մասնակցում, սա ընթացակարգային հրավեր պետք է համարվի: Իսկ Սերժ Սարգսյանի հրավերը մի տեսակ անհատական հրավերի բնույթ ունի: Բայց, անկեղծ ասած, էրդողանը հազիվ թե նման ցանկություն ունենա՝ գալ Հայաստան, որովհետեւ գալու դեպքում կդառնա հարձակումների թիրախ՝ իր երկրում, եւ դա դեռ շատ երկար կշահարկեն: Քանի դեռ Թուրքիան պաշտոնապես չի հրաժարվել Հայոց Ցեղասպանությունը ժխտելու իր քաղաքականությունից՝ նա չի գա, իսկ այդ ժխտողական քաղաքականությունից հրաժարվելու միտումներ էլ ես դեռ չեմ տեսնում: Ինչ վերաբերում է դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը՝ չեմ կարծում, որ նման քայլերը հարաբերությունների հաստատման կբերեն, նախադրյալներ գուցե ստեղծեն, բայց արդյունքի չեն հանգեցնի: Այնուամենայնիվ, դրանք տալիս են առանց դիվանագիտական հարաբերություններ հաստատելու՝ շփումների հնարավորություն, այդ առումով կարեւոր են»:

Haykak_ArshamyanՏարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, ծրագրերի ղեկավար Հայկակ Արշամյանը հարցին նայեց մի քիչ այլ դիտանկյունից. «Եթե չլիներ էրդողանի վերջին հայատյաց հայտարարությունը, երբ նա ասաց՝ «ինձ վրացի են ասել, կներեք իհարկե, բայց դրանից վատ էլ է եղել՝ նրանք ինձ հա՜յ են անվանել», ես դրական կնայեի այս ամեն ինչին, կասեի՝ նորմալ է՝ թե հրավերը, թե հրավերն ընդունելը, երկկողմանի քայլեր են… բայց եթե երկրի ղեկավարը այդ մակարդակով քո ազգային արժանապատվությունը վիրավորում է, եւ էդքանից հետո որոշում ես, որ Հայաստանը ԱԳ նախարարի մակարդակով պետք է ներկայացվի նրա երդմնակալությանը, դա լավ չի դիտարկվում: էրդողանն առաջին անգամ չի, որ ընտրություններից առաջ հայատյաց հայտարարություններ է անում՝ ընտրողներ ձեռքբերելու, ընտրողների համակրանքը շահելու համար, դա PR քայլ է, գուցե այդպես չի էլ մտածում, բայց անում է: Սակայն դա ազգային արժանապատվությանը հասցված վիրավորանք է, եւ պետք է դրան խիստ պատասխան տալ: Առնվազն պետք էր ոչ թե ԱԳ նախարար, այլ ավելի ցածր դասի պաշտոնյայի ուղարկել: Կամ գոնե՝ եթե Նալբանդյանն է գնում՝ այնտեղ որեւէ ձեւով այդ հայտարարությանը պատասխանի»: Մեր հարցին՝ իսկ Սերժ Սարգսյանի պատասխանը Էրդողանին, թե՝ «հայերի համար էլ վիրավորական կլիներ, եթե հանկարծ պարզվեր, որ Էրդողանը հայ է», բավարա՞ր չէր, գուցե համարվում է, որ դրանով իրենք, այսպես ասած «քվիթ» եղան, մեր զրուցակիցը պատասխանեց. «Եթե Էրդողանի արած այդ մակարդակի հայտարարություններն իր վրա՝ որպես քաղաքական գործչի, երկրի ղեկավարի, մեծ ստվեր են գցում, նույնն էլ Սերժ Սարգսյանի դեպքում է՝ եթե նա երկիր է ներկայացնում եւ նման հայտարարություն է անում, դա չի նպաստում երկխոսությանը, եւ չեմ էլ կարծում, որ դա համարժեք պատասխան էր: Կարծում եմ՝ սխալ էր իր կողմից նման հայտարարություն անելը»:

Մեր հարցին՝ կապո՞ւմ եք Էրդողանի հրավերը՝ մինչ այդ Սերժ Սարգսյանի կողմից իրեն հղված հրավերին՝ մասնակցել Ցեղասպանության 100-ամյակի արարողություններին, Հայկակ Արշամյանը պատասխանեց. «Իհարկե, կապ ուներ հենց դրա հետ, միանշանակ կապ ունի Ցեղասպանության 100-ամյակի հետ եւ կապ ունի հայ-թուրքական հարաբերությունների նոր զարգացման հետ»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    ԱԳ նախարարի մարկարդակով մասնակցելը միանշանակ ճիշտ որոշում է, առավել ևս սահմանային վերջին միջադեպերից հետո: Առկա միջպետական հարցերն առավել ցածր ստատուսներով չեն լուծվելու, առավել ևս, որ վերջին շրջանի սահմանային միջադեպերի արդյունքները ցույց տվեցին, որ մենք շահեկան դիրքում ենք միմիայն այն ժամանակ, երբ ունենք անպարտելի բանակ և միասնական ժողովուրդ: Սա է մեր երկրի, ժողովրդի և ազգային շահերի պաշտպանության միակ երաշխիքը, սակայն իշխանություններն իրենց վարքագծով ամեն կերպ չերեվացող ճաքեր են հայտնաբերում ու սեպեր խրում, որի վառ ապացույցը օլիգարխներին հանձնված կործանվող տնտեսությունն է իր կառավարության անդեմ անդամներով:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031