Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պատրաստ ենք մինչեւ վերջ գնալու եւ թշնամուն հակահարված տալու»

Օգոստոս 28,2014 15:00

Հայոց բանակի սպա Արա Հովհաննիսյանի խոսքերով, մեր զինվորը միշտ էլ առաջնորդվել է «ոչ մի քայլ հետ» սկզբունքով:

«Գիշերը, երբ որ կանգնում ենք խրամատում, որը թշնամու հենակետից 50 մետր հեռավորության վրա է, հաճախ ենք ականատես լինում թշնամու խուճապի մատնված զինվորներին, որոնք վազում են այս ու այն կողմ ու վախվորած տարբեր ձայներ հանում, իսկ մեր զինվորը անխոս, առանց խուճապի, հանգիստ հսկում է հենակետը»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է հայոց բանակի լեյտենանտ Արա Հովհաննիսյանը: Նա արդեն 2 տարի է Արցախի հարավ-արեւելյան զորամասերից մեկում հետախույզ դասակի հրամանատար է: Վերջին ժամանակահատվածում հայ-ադրբեջանական գծում նկատելի լարված իրավիճակը Արա Հովհաննիսյանի բնորոշմամբ՝ վախկոտի հոգեբանության դրսեւորում էր. «Մեր զինվորը միշտ էլ առաջնորդվել է «ոչ մի քայլ հետ» սկզբունքով: Դեռեւս 90-ական թվականներից հայ զինվորը մարտնչել է մինչեւ վերջին շունչը: Ինչքան էլ փոքր եմ եղել, իմ ընտանիքում եմ տեսել, լսել եւ այդ ոգով դաստիարակվել: Հայրս պատմում է, որ 90-ականներին հերոսամարտի ժամանակ, նույն այդ թշնամին, երբ 10 հոգով առաջ է եկել՝ հետ է փախել 100 հոգով»:

Արայի խոսքերով՝ պատմությունը կրկնվում է, եւ նույն վախկոտությունն այս անգամ եւս դրսեւորվեց թշնամու կողմից: Նա պատմում էր, որ, երբ հաճախակի էին դարձել կրակոցները եւ հայկական կողմից պատասխան հարված ստացան՝ նրանց սովորական զինվորներին փոխարինեցին հատուկ ջոկատայինները, պայմանագրային զինծառայողները, քանի որ հասարակ զինվորը սահմանից փախել էր:

«Այս վերջին իրադարձությունների ժամանակ էլ, երբ սպասում էինք դիվերսիոն հետախուզական խմբի թափանցման աշխատանքների ու, երբ ես մենակ պետք է ստուգեի տարածքը, հենակետի բոլոր տղաները եկան կանգնեցին կողքիս՝ չթողնելով միայնակ քայլ անել: Հետո պարզվեց, որ կեղծ լուր էր, բայց, այնուամենայնիվ, սրանք դրսեւորումներ են, որը խոսում է հայ զինվորի մարտական ոգու մասին»:

Ծնվելով զինվորականի ընտանիքում՝ Արան փոքրուց գիտակցել է զինվորական համազգեստի արժեքը. «Հայրս, բացի իր զինորական մասնագիտությունից՝ արցախյան հերոսամարտի մասնակից է, պապս՝ Հայրենական պատերազմի: Տանը միշտ ոգեւորող պատմություններ լսելով, բացի զինվորական կրթությունից, այլ բան չեմ էլ պատկերացրել»,- ասում է մեր զրուցակիցը: Արան իր մասնագիտությունը համարում է ժառանգություն հայրենիքի նկատմամբ, որ ցանկացած հայ պետք է սրբորեն պահպանի. «Անկախ Հայաստանի չափերի եւ բյուջեի հնարավորությունից, հայկական բանակը այսօր տարածաշրջանում համարվում է ամենահզորը՝ թե՛ իր տեխնիկայով, եւ թե՛ պատրաստվածության մակարդակով»:

Արա Հովհաննիսյանի համոզմամբ, ադրբեջանական կողմի վերջին ժամանակահատվածի ագրեսիան ուղղված էր Հայաստանում խուճապ առաջացնելուն. «Նրանք չեն գիտակցում, որ նման իրավիճակները միայն ուժեղացնում են մեզ եւ հուսահատեցնում իրենց, որ իրենց թուլության պատճառով էլի վերջնական պատասխան չստացան»:

Արայի կարծիքով, այս ժամանակահատվածում էլ զինվորները մեկ բռունցք դարձած պատրաստ էին հաղթական մարտի: Չնայած փառք է տալիս աստծուն, որ հիմա ընդհանուր վիճակը խաղաղ է, հրադադարի լուրջ խախտում չի գրանցվում, եւ ոչ մի զինվոր չի տուժում:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031