Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀՀ Վերաքննիչ դատարանն, առանց իմ պաշտպանյալի վերջին խոսքը լսելու, հեռացել է խորհրդակցական սենյակ»

Օգոստոս 28,2014 14:30

Փաստաբան Կարինե Գասպարյանը Ցոլակ Խաչատրյանի գործով դիմել է
ՀՀ Վճռաբեկ դատարան

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Կարինե Գասպարյանը ¥լուսանկարում¤ իր պաշտպանյալ Ցոլակ Խաչատրյանի նկատմամբ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի կայացրած որոշման դեմ դիմել է ՀՀ Վճռաբեկ դատարան: Համաձայն մեղադրական եզրակացության` Ցոլակ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ N զորամասի շտաբի պետի տեղակալ, կոչումով մայոր, 2013թ. հունիսի 24-ից, առանց հարգելի պատճառների, ծառայության չի ներկայացել: Եթե ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը նրան մեղավոր էր ճանաչել, վերջնական պատիժ սահմանել ազատազրկում՝ 3 տարի ժամկետով եւ, կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը,պատիժը պայմանականորեն չէր կիրառել` սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամանակով՝ վարքի վերահսկողությունը դնելով վերջինիս զորամասի հրամանատարության վրա, ապա ՀՀ Վերաքննիչ դատարանը կայացրած որոշմամբ բեկանել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռը՝ Ցոլակ Խաչատրյանին ազատազրկման դատապարտելով երկու տարի վեց ամիս ժամանակով:

Փաստաբան Կարինե Գասպարյանը դիմել է ՀՀ Վճռաբեկ դատարան՝ պահանջելով բեկանել ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշումը եւ իր պաշտպանյալին կամ արդարացնել, կամ օրինական ուժի մեջ թողնել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը: «Չնայած Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճռի հետ անհամաձայնություն ունեինք, բայց պաշտպանյալս որոշեց բողոք չգրել. նա հաշվի առավ այն հանգամանքը, որ գտնվում է ծառայության մեջ, ցանկանում է հետագա քաշքշուկներից զերծ մնալ, հաշվի առավ նաեւ ունեցած առողջական խնդիրները: Եւ միայն մեղադրողի վերաքննիչ բողոքից հետո մենք եւս հանդես եկանք բողոքով»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է փաստաբան Կարինե Գասպարյանը: Նա տեղեկացնում է, որ իր պաշտպանյալը, ունենալով լուրջ գերլարվածություն, գերհոգնածություն, ում մոտ ՀՀ ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը հետագայում սրտի հաղորդականության խանգարում է ախտորոշել եւ զինծառայության համար պիտանի ճանաչել սահմանափակումով, հանգստանալու եւ անհրաժեշտ բուժման կուրս անցնելու նպատակով 2013 թվականի հունիսի 5-ին զեկուցագիր էր գրել վերոնշյալ զորամասի շտաբի պետին` խնդրելով իրեն հատկացնել 2013 թվականի իր հասանելիք արձակուրդից 15 օր ժամանակ: Զեկուցագրի վրա առկա են համապատասխան մակագրություններ: Փաստաբանը նկատում է, որ նշված զեկուցագրի վրա զորամասի շտաբի պետը իր գրառմամբ միջնորդել է զորամասի հրամանատարին, որ Ցոլակ Խաչատրյանին արձակուրդ տրամադրվի սպասվելիք զորավարժություններից հետո, իսկ հրամանատարը մակագրել է՝ «հատկացնել հետո», ինչը պաշտպանական կողմի մոտ կասկածներ է առաջացնում, որ զորամասի հրամանատարի կողմից «հետո» բառը հետագայում է ավելացվել: «Եղել է «հատկացնել» մակագրությունը, իսկ «հետո» բառը հետագայում է ավելացվել, այլապես նույն զեկուցագրի վրա չէր կարող առկա լինել «ի կատարումն» մակագրությունը»,- ասում է փաստաբան Կարինե Գասպարյանը: Նա նկատում է, որ ՀՀ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ Քր. օր.-ի 10 հոդվածի խախտում, Ցոլակ Խաչատրյանի նկատմամբ պատիժ նշանակելու դեպքում արդարացի մոտեցում չի ցուցաբերել, որն էլ շղթայական կապով հանգեցրել է մի շարք օրենքների չկիրառման՝ այդկերպ խախտելով սոցիալական արդարության վերականգնման օրենքի պահանջը. «Դատարանը, նշված հոդվածը չկիրառելով, չի հիմնավորել, թե Ցոլակ Խաչատրյանը, ազատազրկման ձեւով պատիժ կրելով արդյոք ի՞նչ ճանապարհով է վերականգնելու սոցիալական արդարությունը: Դատարանը ընդհանրապես չի գնահատել, թե զինծառայության համակարգում 18 տարվա ստաժ ունեցող, բանակում ծառայության ժամանակ առողջությունը կորցրած, բարձրագույն զինվորական կրթությամբ սպան ազատազրկման ձեւով պատիժ կրելո՞վ պետք է ուղղվի, թե՞ ազատության մեջ, բանակում ծառայությունը շարունակելով, առողջությունը ազատության մեջ վերականգնելով՝ հնարավոր է անհրաժեշտ հետեւություններ անի իր իսկ կողմից ցուցաբերած շտապողականության հետ կապված, որ ընդամենը չի վերցրել արձակուրդ մեկնելու վերաբերյալ հրամանը, հետո մեկնել արձակուրդ, ինչի հետ կապված անգամ նորմալ գործավարություն չի վարվել»:

Նա նաեւ հավելում է, որ ՀՀ Վերաքննիչ դատարանը իր պաշտպանյալին անգամ հնարավորություն չի տվել դատական վիճաբանությունների փուլի ավարտից հետո հանդես գալ վերջին խոսքով: «ՀՀ Վերաքննիչ դատարանն, առանց իմ պաշտպանյալի վերջին խոսքը լսելու, հեռացել է խորհրդակցական սենյակ: Դատարանը իմ պաշտպանյալին փաստացի զրկել է անգամ վերջին խոսքի իրավունքից, ինչը լուրջ երաշխիք է, որ ամբաստանյալը կարողանա հնարավորինս արդյունավետ պաշտպանել իր իրավունքները, մինչդեռ դատական վիճաբանություններն ավարտելով՝ դատարանն անմիջապես հեռացավ խորհրդակցական սենյակ»,- եզրափակում է փաստաբան Կարինե Գասպարյանը:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031