Չէ, չի խաբվել բնությանը կամ շփոթել տարվա եղանակը մեր բակի ծաղկած խնձորենին… պարզապես նրան էլ, Հայաստանի մարդկանց նման, վիճակված էր փորձություններով լի կյանքով ապրել…
Երբ քաղաքապետարանի բակերի բարեկարգման աշխատանքները շարունակվեցին Զեյթունի Յան-Ռայնիսի 19 եւ Ռուբինյանց 20 շենքերի միջեւ ընկած բակում, բնակիչների ժամանակին տնկած, մշակած որոշ ծառեր իսպառ ոչնչացան, իսկ այս խնձորենին պարսպից դուրս մնաց եւ «խանգարում» էր բակի ասֆալտապատմանը, կարծես անհնար էր շուրջը քարերով բարձր բաժակ կառուցելով պահպանել պտղատու ծառը…Եվ ծառի աջ ու ձախ կողմերում աշխատող ծանր տեխնիկան, միտումնավոր, թե՞ ոչ միտումնավոր, կտրեց նրա հիմնական արմատները, իսկ հուլիսյան փոթորկող քամին էլ հուլիսի 20-ի երեկոյան տապալեց գետին… Այսպես, ամռան կիզիչ արեւի տակ, մի բարակ արմատով սնվող ծառը 4-5 օր գետնած, դանդաղ մեռնում էր, զարմանալի էր, որ անգամ բնակիչները չէին փորձում կանգնեցնել կամ տեղափոխել խեղճին, որը դեռ անցյալ տարի շռայլորեն վարձահատույց էր եղել նրանց, փոխարենը բակի երեխեքը ջրում էին վեր ցցված արմատները…
Քաղաքապետարանի թեժ գծին իմ ահազանգելուց հետո, գործի անցան վարչական տարածքի համապատասխան բաժնի եւ համատիրության աշխատողները: Որոշեցին ծառը տեղում չկանգնեցնել, այլ տեղափոխել բարեկարգվող տարածք, ուր ծառի կպնելը քիչ հավանական էր ամառվա ամենաշոգ ժամանակ: Յան-Ռայնիսի 19 շենքի բնակիչներից Մանգասարյանների ընտանիքն էլ պատրաստակամ ստանձնեց ծառի խնամքը: Չանցած մեկ շաբաթ, պարզվեց, որ մնացած սակավաթիվ տերեւներն այլեւս չեն դեղնում, թափվում, ավելին՝ ծառը սկսել էր «ծլարձակել» եւ չանցած մեկ ամիս, ով զարմանք, հրաշք է կատարվել՝ ծառը ծաղկել է… իհարկե, ոչ այն թափով, ինչին սովոր էին տեսնել բնակիչները, պարզապես նա լուր տվեց, որ կենդանանում է ու շարունակելու է իր գործը…Եվ այս ամենը 84-ամյա բնակիչ Օֆիկ տատի հոգատար վերաբերմունքի շնորհիվ, ով անտեսելով հոգնածությունն ու իր հոգսերը (թոռնիկը՝ Վ. Մանգասարյանը ծառայում է ԼՂՀ-ում), օրը 2 անգամ՝ առավոտյան եւ երեկոյան ջրում է անբախտ ծառին… Հիրավի, հրաշքներ լինում են, պարզապես, պետք է հավատալ ու սպասել…
Կարդացեք նաև
ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.08.2014