Լրահոս
Օրվա լրահոսը

Պարոնյանցիները կատեստավորվեն

Օգոստոս 28,2014 13:30

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը մտահոգված է

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի 72-րդ թատերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին՝ Տ. Չուխաջյանի «Կարինե» օպերետով: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում հայտնեց թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը (լուսանկարում): Հավելեց, թե անցյալ թատերաշրջանում հիշյալ օպերետի իր բեմադրությունը տարիների երազանք էր:
Մեր զրուցակիցն ասաց, որ թատրոնի խաղացանկում ընդգրկված է շուրջ 25 ներկայացում, գերակշռում են հայ դասական եւ ժամանակակից հեղինակների գործերը: Սեպտեմբերին թատերասերին սպասվում է դարձյալ պրեմիերա. երիտասարդ բեմադրիչ Անուշ Սարգսյանի ռեժիսուրայով Ռիչարդ Բայերի «Չորս պատճառը» պիեսը: Օրերս կվերսկսվեն անցյալ թատերաշրջանում սկսված Սունդուկյանի «Էլի մեկ զոհ», Գ. Երիցյան-Ա. Այվազյանի «Ուշ լինի, նուշ լինի» երկերի բեմադրական աշխատանքները: Այս բեմադրություններն իրականացնելու համար Երվանդ Ղազանչյանը հրավիրել է երիտասարդների՝ բեմադրիչ Գոհարին, նկարիչ Մարիամին…

Պարոն Ղազանչյանը տեղեկացրեց, որ գալիք թատերաշրջանում կբացվի թատրոնի փոքր դահլիճը, որտեղ երիտասարդ ռեժիսորները հնարավորություն կունենան աշխատելու: Ռեպլիկին, թե փաստորեն աշխատատեղեր եք ստեղծում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Երիտասարդ ռեժիսորների համար փոքր բեմը կհանդիսանա փորձարարական դաշտ, հետո, իհարկե, առավել հաջողված բեմադրությունների հեղինակները հնարավորություն կստանան աշխատել մեծ բեմում»:

Karine

Դրվագ՝ «Կարինե» օպերետից

Կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավարը, հարցին ի պատասխան՝ ինչպե՞ս է գնահատում մեր թատերարվեստի ներկա օրը, ասաց. «Թատերական կյանք կա: Այնպես չէ, որ զրոյական վիճակ է: Դատեք ինքներդ. շուրջ 20 պետական թատրոն խաղաշրջանի ընթացքում ներկայացնում է, ասենք, 40 պրեմիերա: Այստեղից կարելի է հետեւություն անել՝ 40 մասնագետ՝ ռեժիսոր, կոմպոզիտոր, նկարիչ, էլ չեմ խոսում դերասանական կազմերի մասին, աշխատում է: Մի կարեւոր հանգամանք եւս. պրեմիերա իրականացնելը հանաք մասխարություն չէ: Այլ բան է, որ հայերս անընդհատ ինչ-որ բանից դժգոհ ենք… Հասկացել եմ, որ պարզապես մենք չդժգոհել չենք կարող…»:

Կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե արդյոք դժգոհության առիթ չէ՞, որ կոմեդիայի երաժշտական թատրոնում երաժշտական ներկայացումների թիվը նվազ է, պարոն Ղազանչյանը ժպտալով պատասխանեց. «Տեսնո՞ւմ եք, դարձյալ դժգոհում եք: Իսկ ինչո՞ւ չեք տեսնում, որ, օրինակ՝ «Կարինե» օպերետում ընդգրկված են հիմնականում երիտասարդ դերասաններ… Կարելի է դժգոհել, բայց նայած ինչից: Չեմ ուզում, որ մեր երկրում, հանձին ինձ՝ դժգոհողների թիվը եւս մեկով ավելանա, բայց այս պահին ստեղծագործական աշխատանքներին զուգահեռ, ինձ մտատանջում է սեպտեմբերի սկզբներին մեր թատրոնում կայանալիք ատեստավորումը. մարդ կա, 40 եւ ավելի տարիներ աշխատել է թատրոնում, թոշակ է ստանում, որը չնչին գումար է, ֆինանսապես ապահովված չէ: Հիմա հանձնաժողովը, որի կազմում նաեւ ես եմ, այդ մարդուն ինչպե՞ս ազատի աշխատանքից, թեեւ հասկանալի է, որ օրենքն է դա պահանջում: Միեւնույն ժամանակ հասկանալի է, որ ոչ միայն մեր թատրոնը, այլեւ մշակութային այլ օջախներ պետք է համալրվեն երիտասարդներով: Ինչ վերաբերում է երաժշտական ներկայացումներին, դրանք թանկ հաճույք են: Թեկուզ հաշվենք միայն նման բեմադրություններում ընդգրկված երգչախմբի, բալետային խմբի արտիստների զգեստների արժեքը…»: Գեղարվեստական ղեկավարը նշեց, որ թատրոնի խաղացանկում, բացի «Կարինեից», իրենց հիմնական տեղն ունեն եւս 5 երաժշտական ներկայացում. Խ. Դաշտենց՝ «Ֆայտոն Ալեքը», Հ. Պարոնյան-Ստ. Լուսիկյան՝ «Շողոքորթը», Շիրվանզադե-Ա. Սաթյան՝ «Մորգանի խնամին», Հ. Պարոնյան-Ա. Այվազյան՝ «Ատամնաբույժն արեւելյան», Ա. Այվազյան-Յու. Հարությունյան՝ «Չարենցի ուղղիչ տունը»:

Անդրադառնալով գալիք թատերաշրջանին, Երվանդ Ղազանչյանն ասաց, որ հոկտեմբերին իրենք կմասնակցեն ավանդական դարձած Ալավերդիի թատերական փառատոնին, որն այս տարի նվիրված է Սոս Սարգսյանի հիշատակին: Փառատոնային օրերին պարոնյանցիները կներկայացնեն «Մեր տան տերերը» ներկայացումը, այն նվիրելով հեղինակի՝ Ժիրայր Անանյանի 80-ամյակին: Հետաքրքրությանը, թե ինչո՞ւ վերջին շրջանում թատրոնը արտերկրյա ուղեւորություններ չի ունենում, պարոն Ղազանչյանն ընդամենն ասաց, որ այս պահին բանակցություններ են ընթանում «Մորգանի խնամին» ԱՄՆ-ում խաղալու նպատակով, իսկ իրենց թատրոնի ճանաչված արտիստներ Սաթիկ Հախվերդյանն ու Արթուր Կարապետյանը Լոս Անջելեսում կներկայացնեն Սլեյդի «Ամեն տարի նույն օրը» պիեսը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031