Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրրանը» մեզ համար կատարյալ գործընկեր է»

Օգոստոս 28,2014 13:00

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը՝ հայ ուսուցիչներից ստացած տպավորությունների, Հայաստանի ու սոցիալապես պատասխանատու լինելու մասին:

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության՝ «Ավելին, քան փողը» ծրագրի շրջանակներում տարբեր մարզերից եկած ութսուն ուսուցիչ օրերս հանդիպեց «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցի հետ: Դասախոսությունից հետո մանկավարժները նաեւ հարցեր ուղղեցին նրան՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության թեմայով: «Առավոտը» Թիես Քլեմենցից հետաքրքրվեց՝ ինչ տպավորություն է ստացել ուսուցիչների հետ հանդիպումից: «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» գլխավոր գործադիր տնօրենը նշեց, որ իրեն ուղղված հարցերը տարաբնույթ էին եւ անչափ հետաքրքիր: Նաեւ հավելեց, որ ուսուցիչներին հատկապես հետաքրքրում էին այն հարցերը, որոնք առնչվում էին բանկի եւ «Հայաստանի պատանեկան նվաճումների» համագործակցությանը: Իսկ ո՞ր հարցը ամենաշատը տպավորեց իրեն: «Այն հարցը՝ թե արդյոք մեզ բավարարում են մինչ այժմ մեր իրականացրած սոցիալական ծրագրերը: Այդ հարցը ինձ ստիպեց մտածել, թե որն է այն սահմանը, որից կարելի է գոհանալ կատարված աշխատանքով, միեւնույն ժամանակ գիտակցելով, որ խնդիրներ կան, որոնք լիարժեք լուծում դեռ չեն գտել»,- ասաց բանկի գլխավոր գործադիր տնօրենը:

Մեր հարցին, թե իբրեւ գործընկեր, որքանո՞վ է բանկը կարեւորում «Հայաստանի պատանեկան նվաճումների» դերը կրթության ոլորտում պարոն Քլեմենցը պատասխանեց. «Մեր եւ «Հայաստանի պատանեկան նվաճումների» նպատակները հատվում են երեխաներին կրթությամբ ապահովելու ոլորտում համագործակցությամբ: Կարեւոր է նաեւ, որ իրենք աշխատում են հենց խոցելի խմբերի հետ, նրանց սովորեցնելով կյանքի հմտություններ: Մենք ֆինանսավորում ենք «Ավելին, քան փողը» ծրագիրը, որին զուգահեռ մեր աշխատակիցները ներգրավված են կամավորական աշխատանքերում՝ օգնելով ուսուցիչներին իրականացնել ծրագիրը»:

Մեր դիտարկմանը, թե այսօր երիտասարդներն ավելի քիչ ժամանակ են տրամադրում գիրք ընթերցելուն, նա նշեց. «Վստահ չեմ, թե քիչ են ընթերցում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե ամեն տարի աշխարհում որքան գիրք է հրատարակվում: Չմոռանանք, որ երիտասարդները կարող են ոչ միայն տպագիր գիրք ընթերցել, այլ նաեւ օնլայն: Պարզապես ընթերցանության հանդեպ մոտեցումներն ու սովորույթներն են փոխվել: Պետք է երիտասարդների համար հնարավորություն ստեղծել, որ գիտելիքը օնլայն հասու լինի նրանց»:

Քանի որ մեր զրուցակիցը նաեւ «Օրրան» բարեգործական կազմակերության (հիմնադիրներ՝ Արմինե եւ Րաֆֆի Հովհաննիսյաններ) տնօրենների խորհրդի անդամ է, եւ մոտենում է «Օրրանի» տարեկան բարեգործական ճաշկերույթը, որն այս տարի կկայանա սեպտեմբերի քսանվեցին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, որոշեցինք զրուցել նաեւ «Օրրանի» վերաբերյալ: Պարոն Քլեմենցը հայտնեց, որ բանկի որդեգրած սոցիալական պատասխանատվության արժեքները համահունչ են «Օրրանի» իրականացրած ծրագրերի հետ: Իր ներգրավվածությունը «Օրրանի» աշխատանքներին պարոն Քլեմենցը այսպես մեկնաբանեց. «Որպես ղեկավար, ես պետք է օրինակ ծառայեմ, իսկ «Օրրանին» օգնելը իմ սոցիալապես պատասխանատու լինելու օրինակներից մեկն է»: Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նրա հայաստանյան տպավորություններին. «Երբ ինձ գործուղեցին Հայաստան, ոչինչ չգիտեի ձեր երկրի մասին: Այդ ժամանակ երեքով էինք՝ ես, կինս եւ որդիս: Անցյալ տարի Հայաստանում ծնվեց երկրորդ զավակս: Ավագ որդիս այստեղ սիրով մանկապարտեզ է հաճախում, նույնիսկ հայերեն ու ռուսերեն որոշ բառեր է սովորել: Երբեմն տղաս ինձ հետ ինձ համար անհասկանալի լեզվով է խոսում, ենթադրում եմ՝ հայերեն: Ինձ նաեւ դուր է գալիս, որ Հայաստանում կյանքը չեն բարդացնում»: Պարոն Քլեմենցի ցանկությունն է, որ յուրաքանչյուր երեխա կրթություն ստանալու հնարավորություն ունենա. «Դա ամենակարեւոր խնդիրն է: Երբ ուսումը հասու լինի բոլոր երեխաներին, դրանից հետո նոր կարող ենք խոսել կրթության որակի մասին»: Հետաքրքրվեցինք, թե ինչու որոշեցին համագործակցել «Օրրանի» հետ: ««Օրրանն» ունի նույն նպատակները, ինչ մենք՝ աշխատանք խոցելի խմբերի երեխաների հետ՝ նրանց կրթությունով ապահովելո միջոցով: Մի խոսքով, «Օրրանը» մեզ համար կատարյալ գործընկեր է»,- պատասխանեց մեր զրուցակիցը: Նա գորովանքով խոսեց «Օրրանի» երեխաներից ստացած նվերների՝ նրանց իսկ ձեռքերով պատրաստված փայտե ձեռագործ աշխատանքի եւ նկարի մասին:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարում՝ Արմինե Հովհաննիսյանն ու Թիես Քլեմենցը:

«Առավոտ» օրաթերթ
27.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031