Լրահոս
Օրվա լրահոսը

Բուհերը պետք է մտահոգվեն շրջանավարտների ճակատագրով

Օգոստոս 28,2014 12:30

Հերթական անգամ ոգեւորությամբ ենք նշելու սեպտեմբերի 1-ը եւ դիմորդների մուտքը ՀՀ բուհեր, եւ նորից առանց մտահոգվելու, թե ինչ եղավ այն շրջնավարտների հետ, որոնք չորս տարի առաջ ընդունվեցին համալսարաններ: Այսօր բուհերը առավելապես մտահոգ են դիմորդների հավաքագրման հարցում, եւ ոչ թե դրանց հետուսումնառության ճակատագրով: Այս առումով, մեր համալսարանները կարծես «արտոնյալ» կարգավիճակ են ձեռք բերել, թողարկելով աշխատաշուկայի համար շրջանավարտներ, եւ պատասխանատվություն չկրելով երկրում ձեւավորվող բարձրագույն մասնագիտությամբ գործազուրկների դժգոհ բանակի համար:

Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում բարձրագույն մասնագիտությամբ շրջանավարտների զգալի մասը բուհն ավարտելուց հետո՝ մի որոշ ժամանակահատված աշխատանք չի գտնում, կամ աշխատում է ոչ իր մասնագիտությամբ: Հենց պաշտոնական վիճակագրությունն է վկայում, որ ՀՀ-ում բարձր է գործազրկության մակարդակը բարձրագույն մասնագիտությամբ աշխատունակ բնակչության շրջանում, որը վերջին տարիներին տատանվում է շուրջ 20 %-ի սահմաններում` կապված բնակության վայրից եւ աշխատունակների սեռից: Եվ պատահական չէ, որ Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում (ԵԲԿՏ) մեր հանրապետությունը շրջանավարտների գործազրկության ցուցանիշով առաջիններից է: Կարեւոր ցուցանիշ է համարվում նաեւ բուհն ավարտելուց հետո շրջանավարտի աշխատանք գտնելու տեւողությունը, որը ԵԲԿՏ-ում միջինը կազմում է 4 ամիս, իսկ մեր հանրապետությունում` գերազանցում է 15 ամիսը (տես` Eurostat, Labour Force Survey):
Հայաստանում բարձրագույն կրթական համակարգի եւ աշխատաշուկայի միջեւ համապատասխանությունը կարգավորող մեխանիզմները անարդյունավետ են գործում: Այսօրվա շրջանավարտը սեփական կապերի շնորհիվ է կարողանում գտնել աշխատանք: Ընդ որում, հավանականությունը, որ նա կկարողանա գտնել իր մասնագիտությանը համապատասխան աշխատանք, բավականին փոքր է: Այսինքն` այսօր մենք ունենք աշխատաշուկայի պայմաններին եւ պահանջներին հարմարվող շրջանավարտի կերպար: Այդ մասին է վկայում շրջանավարտների` բուհն ավարտելուց հետո լրացուցիչ դասընթացներին հաճախելու մասին հաճախականությունը, երբ գործատուի պահանջով նրանք ձեռք են բերում լրացուցիչ հմտություններ ու կարողություններ, որոնք բուհում չէին ստացել: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր իրականությունում ուսանողը կրթական ծառայությունների պասիվ սպառող է, ինչը չի նպաստում ուսման ընթացքում նրա ակտիվ մասնակցությանը աշխատանքային կարողությունների ձեռք բերման գործընթացին:

Այս առումով, բուհերը պետք է բարելավեն ուսանողների կարիերայի եւ աշխատանքային գործունեության հետ կապված կողմնորոշիչ ծառայությունների տրամադրումը, մատչելիությունը եւ որակը: Իհարկե, ՀՀ բուհերում անխտիր գործում են կարերիայի կենտրոններ, որոնք իրենց հիմնական առաքելությունը չիրականացնելով, ընդամենը պրակտիկաների կազմակերպման հարցեր են լուծում: Մինչդեռ, այդ կենտրոնների առանցքային խնդիրը պետք է լինի շրջանավարտների զբաղվածության ապահովումը, «բուհ-աշխատաշուկա» փոխկապակցության կամրջումը: Փորձը ցույց է տալիս, որ անգամ ՀՀ բուհերում շրջանավարտների զբաղվածության կանոնավոր հաշվառում չի իրականացվում, որն ի դեպ, Բոլոնիայի գործընթացի շրջանակներում արդիական է համարվում: Նման հաշվառման արդյունքում բացահայտվում են աշխատաշուկայում պահանջարկ չունեցող մասնագիտություններ, բուհերում փակվում կամ խոշորացվում են իրենց չարդարացնող ամբիոններ (որին ի դեպ, դասախոսների սոցիալական ներկա վիճակից ելնելով, չենք դիմում), կամ ընդհակառակը, շուկայից եկող ազդակներին համահունչ` կարճ ժամանակում ստեղծվում են պահանջարկ վայելող մասնագիտություններ սպասարկող կրթական ստորաբաժանումներ:

Այս հարցում, կարծես պետությունն էլ պասիվ դիրքորոշում է դրսեւորում: Պետպատվերով ՀՀ բուհերում սովորող ուսանողների տեսակարար կշիռը կազմում է շուրջ 23%, որոնց աշխատանքի տեղավորման հարցում պետությունը պատասխանատվություն չի կրում, ինչն արվում էր ոչ վաղ անցյալում` Խորհրդային տարիներին: Ուրեմն ժամանակն է, որ պահանջատեր լինենք շրջանավարտների աշխատանքի տեղավորման հարցում, քանի որ հսկայական հանրային եւ մասնավոր ֆինանսական ռեսուրսներ ծախսելով կրթական ծառայությունների կազմակերպման վրա, իրավունք չունենք անտարբերություն ցուցաբերելու մեր երկրում բարձրագույն մասնագիտությամբ գործազուրկների բանակի ձեւավորմանը եւ մարդկային կապիտալի փոշիացմանը:

ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ
27.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031