Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գյումրու «Ժպիտ» մանկապարտեզի աշխատակիցներ. «Հերիք չէ՞ ամբողջ հանրապետությունով մեզ խայտառակեք» (Տեսանյութ, ֆոտոշարք)

Օգոստոս 27,2014 21:40

Ինչպես տեղեկացրել ենք,  առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈՒԱԿ Շիրակ մասնաճյուղը Գյումրու երկու մանկապարտեզներում` «Ժպիտ»-ում և «Մանկիկ»-ում աղիքային ցուպիկ է հայտնաբերել: Սակայն, Գյումրու թիվ 5-րդ մանկապարտեզի` «Ժպիտի» աշխատակիցները համաձայն չեն նրանց հետազոտության արդյունքների հետ, պնդում են, որ աղիքային ինֆեկցիայով հիվանդանոց տեղափոխված երեխան մոտ երկու ամիս է` մանկապարտեզ չի հաճախում, և եթե նրա մոտ սննդից ինֆեկցիա լիներ, ապա կվարակվեր ոչ թե մեկ երեխա, այլ մյուս 100-ը: Խոհարարը, որը մեզ ցույց էր տալիս մանկապարտեզի պայմանները, սնունդը, ասաց, որ սննդի անվտանգության ծառայության կատարած ուսումնասիրությունների արդյունքների հետ իրենք ծանոթ չեն, իրենց աղիքային ցուպիկի մասին մինչև օրս ոչ մեկը ոչինչ չի ասել:

PrevPhoto
NextPhoto

 

«Քաղաքը համատարած աղբի մեջ է, աղբարկղը հենց մանկապարտեզի դիմաց է, շները առավոտյան ինչ ասես չեն բերում մանկապարտեզի բակ, փողոցով քայլել չի լինում, գնացեք ստուգեք խնդրեմ, էլ սատկած շներ, ամեն ինչ..նույնիսկ օրերս սաղ-սաղ կատու էին թափել աղբանոցում, կապել էին ու թափել: Փողոցով մեկ աղբ է, թող քաղաքը մաքրեն, նոր ցուպիկից խոսեն, ամբողջ քաղաքը ցուպիկի մեջ է, կեղտի մեջ է»: Խոհարար տիկին Մեսրոպյանն ասաց, որ ինքը շատ վիրավորված է, որ մանկապարտեզի անունը վարկաբեկում են, իրենց նախակրթարանը ամեն ինչով փայլում է, սակայն չհաճախող երեխայի պատճառով մրոտում են իրենց կառույցի անունը:

Քանի որ մանկապարտեզի տնօրենն արձակուրդում էր, նրա փոխարեն խոսեցին աշխատակիցները: Խնդիրը առավել մանրամասն ներկայացրեց բուժքույրը`Վարդուհի Պետրոսյանը:Նա պարզաբանեց, որ հուլիսի 14-ից իրենց մոտ հաճախող տղային` Աշոտ Ջանազյանին տարել են Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց` մենինգիտ հիվանդության կասկածով, սակայն պարզվել է, որ աղիքային ինֆեկցիա է: Բուժքույրն ասում էր, որ երեխայի հիվանդանալու հարցում մանկապարտեզի պատասխանատուները մեղավոր չեն. 24-ժամյա ջուր ունեն, բանջարեղենի լվացումը պարտադիր կատարում են , հիգիենայի բոլոր նորմերը պահպանվում են, և անհասկանալի է, թե ինչու են կենտրոնացել իրենց մանկապարտեզի վրա, երբ ամբողջ հանրապետությունում աղիքային ինֆեկցիա է տարածված:

«Մենք ինչո՞վ ենք մեղավոր, ի՞նչ հանցանք ենք գործել, յուրաքանչյուր երեխայի համար գլխով պատասխանատու ենք , սնունդ էլ 100 տոկոսանոց է, որովհետև առաքում են կատարում հատուկ թղթերով` պահպանման ժամկետով, նորմաներով, չգիտեմ ինչ են ուզում մեզանից: Ես չգիտեմ դիտավորությո՞ւն են անում, թե՞ ինչ, բայց կարելի՞ էր մի երեխայի համար ամբողջ հանրապետությունով խայտառակ եղանք», -նեղվեց մեր զրուցակիցը:

Ըստ բուժքրոջ, եթե վարակը սննդից լիներ, մեկի փոխարեն 100 երեխան էլ կվարակվեին: Նրա ասելով, այդ երեխան տանը ձմերուկ է կերել, դրանից է եղել աղիքային ցուպը, բայց կոտրել են մանկապարտեզի վրա : Տիկինը մեզ ցույց տվեց գրանցամատյանը`ապացուցելով, որ Աշոտ Ջանազյանը հուլիսի 14-ից չի հաճախել մանկապարտեզ, պառկած է եղել Ավստրիական մանկական հիվանդանոցում, և հիվանդանոց է տեղափոխվել տնից` ծնողների նախաձեռնությամբ:

Այս թեմայի շուրջ որոշակի պարզաբանումներ է ներկայացրել Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Հայկ Սուլթանյանը, որին կանդրադառնանք ավելի ուշ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ծնող says:

    սա դեռ նոռմալ մանկապարտեզներ են համեմատաբար,մտեք 9 <>մանկապարտեզ,դրանց խոհանոց մտնես առնետները կդիմավորեն . վախենամ լրագրողներնել նման ռիսկի չգնան եդտեղ մտնեն նկարահանումների, սնունդի մասին լավ է չխոսենք…ազնվական ցեղատեսակի շներն իրենց վիրավորված կզգան համեմատությանս համար եթե ասեմ շան կեր է

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031