Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու երկու մանկապարտեզներում աղիքային ցուպիկ է հայտնաբերվել. (Տեսանյութ)

Օգոստոս 27,2014 18:35

Այս մասին այսօր մեզ հետ զրույցում փաստեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի Շիրակի մարզային կենտրոնի պետ Գնել Մանուկյանը:

Նրա տեղեկացմամբ, ամռանը երկու անգամ` հուլիսի 22-ին և օգոստոսի 2-ին Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոցից շտապ հաղորդում է ուղարկվել առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈՒԱԿ Շիրակ մասնաճյուղ, այսինքն` նախկին Սանեպիդկայան այն մասին, որ Գյումրու երկու` «Ժպիտ» և «Մանկիկ» մանկապարտեզներից երկու երեխաներ, մեկը` սուր աղիքային վարակ, մյուսը սուր գաստրոէնտեվե կոլիտ ախտորոշումներով տեղափոխվել են հիվանդանոց:

Շտապ հաղորդումից հետո, ընդունված կարգի համաձայն, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈՒԱԿ Շիրակ մասնաճյուղն անցկացրել է  հակաճարակաբանական հետազոտություններ և հակահամաճարակային միջոցառումներ երկու նախակրթարաններում և արդյունքում ննջասենյակից և խոհանոցից վերցված լվացուկների նմուշներից հայտնաբերվել է աղիքային ցուպիկ:

Այս կառույցը պաշտոնական գրություն է հղել սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի Շիրակի մարզային կենտրոն, որն էլ իր հերթին ստեղծված իրավիճակը զեկուցագրով ներկայացրել է հանրապետության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին, և նոր միայն վերջինիս հրամանով ստուգումներ են սկսվել երկու նախակրթարաններում:

Ըստ պաշտոնյայի, նախակրթարաններից մեկում հայտնաբերվել է երկու հատ թերի մակնշված հավ: «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի համաձայն հենց տեղում տեսուչների ներկայությամբ մանկապարտեզի տնօրինությունը հանձնաժողով է ստեղծել և խոտանվել են երկու հավերը:

Ստուգումները դեռ ավարտված չեն, սակայն թիվ 5 նախակրթարան կատարած մեր այցի ժամանակ աշխատակիցները` խոհարարը, բուժքույրը նշեցին, որ անչափ վիրավորական է այսպիսի աղմուկ բարձրացնելն ու մանկապարտեզի բարի համբավը արատավորելը: Ըստ նրանց, եթե աղիքային ցուպիկը հայտնաբերվեր սննդից, ապա կվարակվեր ոչ թե մեկ երեխա, այլև մյուսները:

Մինչդեռ  սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի Շիրակի մարզային կենտրոնի պետ Գնել Մանուկյանը գտնում է, որ աղիքային ցուպիկը անուշադրության, ոչ մաքուր կենցաղավարության հետևանք է: Այդուհանդերձ մենք նրան փոխանցեցինք վերոհիշյալ մանկապարտեզի աշխատակիցների անհամաձայնությունն ու դժգոհությունը, որին ի պատասխան պաշտոնյան մեկ անգամ ցույց տվեց առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈՒԱԿ Շիրակ մասնաճյուղի կողմից իրեն ուղղված պաշտոնական գրությունը, որի հիման վրա էլ իրենք ստուգումներ են իրականացրել:

Ըստ Գնել Մանուկյանի, չկա այդպիսի բան, որ որևէ մեկը մյուսի հետ խնդիր է ունեցել և դրա համար է ստուգում իրականացրել: Դեռ հայտնի չէ, թե այս երկու մանկապարտեզների տնօրենների ինչ չափի վարչական տուգանքի կենթարկվեն` դա կախված է հայտնաբերված թերություններից:

«Բոլոր էն տեսակի սննդամթերքը, որն օգտագործվում է մարդու կողմից և բնականաբար նախակրթարաններում, պետք է ունենան անվտանգությունը հիմնավորող փաստաթղթեր, մեր ժողովրդական լեզվով ասած՝ սերտիֆիկատ: Աշխատակիցները պետք է ունենան սանիտարական գրքույկներ: Ասենք փոքրիկ թերություններ` կապված մաքրության հետ, եթե կարող են ժամանակին վերացնել, խնդիր չունեն: Բայց փաստն այն է, որ մեր կառույցը չէ, որ ստուգումները բացել է , մենք չենք առաջինը գնացել նախակրթարան: Մենք հիմնվել ենք Շիրակ մասնաճյուղի կողմից տված փաստաթղթի վրա` որպես լաբորատոր փորձաքննության արդյունք: Ուրիշ ոչ մի խնդիր չկա, լաբորատորիան տվել է, որ իրենց մոտ` խոհանոցում, հայտնաբերվել է աղիքային ցուպիկ»,- ասում է Գնել Մանուկյանը:

Գյումրու թիվ 5-րդ նախակրթարանի անձնակազմի անհամաձայնությունը ստուգումների արդյունքների վերաբերյալ կներկայացնենք քիչ անց:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031