Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Նալբանդյանը մեկնելու Թուրքիա և արդյոք Էրդողանը ապրիլի 24-ին կբարձրանա՞ Ծիծեռնակաբերդի բարձունք

Օգոստոս 27,2014 17:54

«Եթե հարաբերություններ չկան՝ ասել, որ դրանք կարող են ավելի բացասական լինել, նշանակում է, որ զրոյական հարաբերություններից դուք պիտի անցնեք ավելի բացասական հարաբերությունների»,-Aravot.am-ի հարցին` համամի՞տ է, որ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլն ավելի հանդուրժող գործիչ էր ի տարբերություն նորանշանակ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, հետևաբար բացասական զարգացումներ են ակնկալվում հայ-թուրքական հարաբերություններում, այպիսի կարծիք հայտնեց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

Նա աբսուրդ ու ծայրահեղացված համարեց ցույց տալ, թե զրոյական հարաբերություններում ավելի բացասական հարաբերություններ են ակնկալվում ու մանրամասնեց. «Եթե խոսում ենք Էրդողան-Դավութօղլու տանդեմի մասին, որը ձևավորվում է Թուրքիայում այսօր, ապա այս երկու գործիչները եղել են այն քաղաքականության ճարտարապետը, որը Թուրքիան վարում է վերջին 5-7 տարվա ընթացքում, որը հայ-թուրքական հարաբերությունների ընթացքում ցույց տալով, թե հայկական կողմը, պատրաստ լինելով սկսել կառուցել հարաբերություններ, բացարձակապես չընդունվեց: Եվ համապատասխան գործընթացները, որոնք սկսվեցին Շվեյցարիայում, բերել են նրան, որ թուրքական կողմն այսօր ցույց է տալիս աշխարհին, թե այն քաղաքականությունը, որ նրանք հռչակել են`զրո խնդիր հարևաների հետ, հանգել է զրո հարևան` առանց խնդրի քաղաքականության»:

Ըստ Ալեքսանդր Մարկարովի` փոփոխությունների համար նախադրյալներ են պետք, քաղաքական ուղերձներ, բայց թուրքական կողմից հնչած միակ ուղերձը ապրիլյան ուղերձն էր, որտեղ չի երևում դիրքորոշման փոփոխություն: Այն, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցելու է Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը, պարոն Մարկարովը համարում է, որ դա հնարավորություն կտա հասկանալ արդյոք կա՞ն փոփոխությունների միտումներ, կառուցողական հարաբերությունների հեռանկար:
Կարծիքներ կան, որ Էրդողանի բնավորությունն ու անկանխատեսելիությունը հաշվի առնելով` հնարավոր է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նա գա ու բարձրանա Ծիծեռնակաբերդ: Այս առիթով Ալեքսանդր Մարկարովն ասաց. «Ես առայժմ վստահ չեմ, որ Էրդողանը գալու է Հայաստան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031